Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը լինի պետական և քաղաքական գործիչ». Արտակ Զեյնալյան

Սեպտեմբեր 07,2023 14:16

Շատ լուրջ մարտահրավերներ կան, արտաքին ուժեր, որոնք փորձում են նախ տեղ գրավել Երևանի ավագանում, ապա՝ խորհրդարանական ընտրություններում՝ օրենսդիր մարմնում: Երևանցին պետք է զգոն լինի, որպեսզի արտաքին ֆինանսավորմամբ և կառավարմամբ ուժերը տեղ չզբաղեցնեն Հայաստանի օրենսդիր մարմնում և տեղական ինքնակառավարման մարմիններում, որպեսզի մենք կարողանանք պահպանել մեր ամենաթանկ բանը՝ ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը՝ անկախությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ:

«Երևանի ավագանու այս ընտրություններում առնվազն 5 քաղաքական ուժ ռուսական կապիտալով է մասնակցում և նաև հրահանգավորվում է համապատասխան ծառայությունների կողմից»,-հայտարարեց Արտակ Զեյնալյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե կոնկրետ որ ուժերի մասին է խոսքը: Նա միայն ասաց, որ մամուլում այդ մասին հրապարակումներ եղել են և լրագրողական հետաքննության դեպքում կբացահայտվի, թե կոնկրետ որ ուժերի մասին է խոսքը: Լրագրողի ճշտող հարցին, թե նման հայտարարությունը հիմնվա՞ծ է արդյոք վերլուծության վրա՝ Զեյնալյանը շեշտեց. «Վերլուծություն է և օպերատիվ ինֆորմացիա»:

Նա կարևորեց երևանցու սկզբունքային ընտրությունը. «Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետը լինի պետական և քաղաքական գործիչ: Մենք օրերս տեսանք, որ Փարիզի քաղաքապետն էր Հայաստան եկել և հումանիտար օգնություն էր բերել. դա մեծ քաղաքական ակցիա էր, մեծ քաղաքական գործընթաց և դրա օրինակով Երևանի քաղաքապետը պետք է լինի քաղաքական և պետական գործիչ»: Նա երևանցու ընտրությանը թողեց՝ հասկանալու համար, թե կա՞ արդյոք այդպիսի պետական-քաղաքական գործիչ: «Շատ կարևոր է, որ այդպիսի պետական և քաղաքական գործիչը լինի կուսակցության կազմում, ունենա գործող-հղկված կուսակցություն, քանզի տեղական ինքնակառավարումը, պետական կառավարումն անհնար է իրականացնել առանց կուսակցական կառույցի: Այսինքն` չպետք է ընտրել կուսակցություն, որը վարձակալված է այս ընտրությունների համար, այս ընտրությունների նպատակով»:

Չնայած լրագրողների պնդումներին՝ Արտակ Զեյնալյանն այդպես էլ որևէ կոնկրետ փաստ, կոնկրետ քաղաքական ուժի անուն չհնչեցրեց, միայն ասաց, որ երևանցիները շատ խելոք են, հետևում են մամուլին և շատ լավ պատկերացնում են, թե դրանք որ ուժերն են: «Նույնիսկ էական չէ անձը, սկզբունքն է կարևոր, մենք ներկայացնում ենք սկզբունքը, որպեսզի այդ սկզբունքով իրականացվի ընտրություն: Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերների պարագայում՝ նաև պետականապահպան, ինքնիշխանության պահպանման խնդիր են լուծում այս ընտրությունները: Մենք գտնում ենք, որ տեխնոլոգիաները, որոնք անհրաժեշտ են Երևանին ու Հայաստանին, կապիտալը, որ անհրաժեշտ է Երևանին ու Հայաստանին, արդարությունը, որն անհրաժեշտ է մեզ և մեր կողքին, մեր թիկունքին կանգնած է՝ գտնվում է քաղաքակիրթ աշխարհում՝ արևմուտքում, մենք նման աշխարհաքաղաքական կողմնորոշման առաջարկ ենք ներկայացնում նաև երևանցիներին և հայաստանցիներին»,-շեշտեց «Հանրապետության» քաղաքապետը:

Երևանցիների հետ 16 օր շփվելու արդյունքում Արտակ Զեյնալյանն իր համար առանձնացրել է, որ քաղաքացիներին ամենից շատ հուզում է «անվտանգությունը, ինքնիշխանությունը, խաղաղությունը»:

 

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930