«Խաղողից արտադրված կոնյակի արտահանումը հիմնական շուկաներ դժվարացել է՝ հաշվի առնելով, որ դրամով արտահայտված՝ խաղողի կոնյակի գինն էապես բարձր է արտարժույթով։ Խաղող մթերողներն այս տարի պատրաստվում էին մոտ 65 հազար տոննա ավելի քիչ խաղող մթերել, քան նախորդ տարիներին»,-այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նշած խնդիրը լուծելու, ինչպես նաեւ խաղողի գնի ընդունելի նվազագույն սահմանաչափ՝ 110 դրամ սահմանելու, ինչպես նաեւ խաղողի մթերման դիմաց արագ վճարումներ իրականացնելու համար կառավարությունը նախատեսում է որոշ միջոցառումներ՝ բյուջետային երաշխիքներ խաղող մթերողներ համար, որպեսզի, ինչպես Քերոբյանն ասաց՝ մթերողները կարողանան ավելի արագ ու լավ պայմաններով վարկավորվեն եւ արագ վճարեն մթերման դիմաց։ Ինչպես նաեւ նախատեսվում է լրացուցիչ սուբսիդավորման գործիք ներդնել մեծաքանակ մթերողների համար։
Ըստ որոշման նախագծի ՝գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը խաղող մթերող տնտեսավարողներին վարկերը տրամադրվելու են հետեւյալ պայմաններով՝
ա. սուբսիդավորվում է տրամադրվող վարկի տոկոսադրույքի տարեկան 11 տոկոսային կետին համարժեք մասը,
բ. յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի մայր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը,
Կարդացեք նաև
գ. տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը 60 ամիս մարման ժամկետ,
դ. վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկվելու է առնվազն 24 ամիս,
ե. մթերումների համար տրամադրվող վարկի չափը հաշվարկվում է խաղողի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչեւ 2023 թվականի հոկտեմբերի 15-ը․
2) խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կառավարության կողմից 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել մինչեւ 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2022 թվականին արտահանված արտադրանքի արժեքը․
3) 6000 տոննայից մինչև 9000 տոննան, ներառյալ` խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 5000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 1000 տոննայի դիմաց տրամադրել 30 մլն դրամի չափով սուբսիդավորում․
4) 15000 տոննա եւ ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին, 10000 տոննան գերազանցող մթերված յուրաքանչյուր 5000 տոննայի դիմաց տրամադրել 250․0 մլն դրամի չափով սուբսիդավորում․
5) կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող(ներ)ից ձեռք բերել մինչև 1․0 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) առնվազն 5 տարի հնացված կոնյակի սպիրտ՝ պայմանով, որ ձեռքբերված կոնյակի սպիրտի գումարով, 1 կիլոգրամը նվազագույնը 110 դրամով, Արարատի և Արմավիրի մարզպետների կողմից հաստատված ցանկերով ներկայացված խաղողագործներից կատարվում են համարժեք քանակությամբ խաղողի մթերումներ։
«Այս գործողությունների փաթեթը մեզ թույլ է տալիս վստահ լինել, որ մենք կապահովենք խաղողի ողջ ծավալի մթերումը, կապահովենք նվազագույն գին՝ 1 կիլոգրամ խաղողի դիմաց 110 դրամ։ Ինչպես նաեւ կապահովենք, որ խաղողագործները հնարավորինս արագ վճարում կստանան իրենց արտադրանքի դիմաց»,-ասաց նախարարը։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ պարզաբանեց՝ կարգ ենք սահմանել՝ յուրաքանչյուր 1000 տոննան լրացնելու դեպքում 30 միլիոն դրամ 30 մլն դրամ է սուբսիդավորումը․ «Եթե մթերողը 5000 տոննայից հետո 700 կիլոգրամ լրացնի՝ չենք աջակցելու։ Ջանք պետք է գործադրի ամեն 1000 տոննան լրացնի, նոր 30 միլիոն դրամը ստանա։ Դա փոքր արտադրողների համար՝ հաշվի առնելով, որ շուկայում ունենք 3-4 մեծ մթերողներ, եւ ունենք բազմաթիվ փոքր մթերողներ, որպեսզի մեր աջակցությունը հասանելի լինի փոքր մթերողների համար, որոնք, չնայած առկա ռիսկերին՝ կորոշեն խաղողագործներից ավելի քանակությամբ խաղող մթերել։ Իսկ խոշոր մթերողների համար 10 հազար տոննան գերազանցող յուրաքանչյուր 5 հազար տոննան լրանալուց հետո ենք աջակցություն տրամադրում։ Այսինքն՝ եթե 13 հազար տոննա գնի՝ աջակցություն չի ստանա»։
Նիկոլ Փաշինյանը ծրագրի վերաբերյալ որոշ պարզաբանումներ լսելուց հետո ասաց․ «Նախորդ տարիների փորձից գիտենք, որ խնդիրներ են առաջացել։ Ո՞նց ենք անելու, որ մեր այս որոշման արդյունքում էլի քրեական գործեր չհարուցվեն, երբ գյուղացուց բան չեն մթերել, բայց պետության օգնությունը վերցրել են»։
Տիգրան Խաչատրյանն ի պատասխան ասաց, որ այդ խնդիրը քննարկել են՝ ձեւավորվելու են աշխատանքային խմբեր, ներկա են լինելու շահառու կազմակերպությունների արտադրության տարածքներում կշեռքի մոտ, եւ ամբողջ կշռումը 0-ից սկսած իրականացվելու է հանձնաժողովի ներկայացուցիչների ներկայությամբ եւ արձանագրություններով։ Հանձնաժողովի կազմում լինելու են էկոնոմիկայի նախարարության եւ մարզպետարանների ներկայացուցիչները։ Փաշինյանն առաջարկեց․«Թող միանգամից մեր իրավապահների ներկայացուցիչներն էլ լինեն։ Դժվա՞ր է։ Կարո՞ղ ենք դա ապահովել։ Նրանք մթերում են, նրանք օպերատիվ տեղեկանքներ են գրում, թող գնան տեղում համ մթերեն, համ էլ օպերատիվ տեղեկանքները ոչ թե օպերատիվ գրեն, տեղում արձանագրեն՝ ինչ է կատարվում»։
Փոխվարչապետ Խաչատրյանը համաձայնեց, ասաց՝ էդպես կանենք։ Փաշինյանը շարունակեց, առաջակեց տեսախցիկներ էլ ապահովել․ «Էս թվին տեսախցիկն էդ ի՞նչ բարդ բան է։ Բոլորի ձեռքին էսօր տեսախցիկ կա։ Որովհետեւ 10 միլիոն դոլարի ծրագիր է, երբ մի տեղ 10 միլիոն կա, պետք է աչքերը շատ լինեն, այդ թվում՝ էլեկտրոնային»։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վարչապետին խնդրեց իրավապահներին չներառել այդ շղթայում՝ կոռուպցիոն ռիսկեր կան։ Փաշինյանն էլ այս առնչությամբ ասաց․«Եթե իրավապահ մարմիններին էլ պիտի ուղարկենք կոռուպցիոն շրջանակը պիտի մեծանա»։ Վարդապետյանն առաջարկեց 3-րդ անաչառ դիտորդին թողնել այդ գործառույթը՝ շղթայից դուրս, ոչ թե շղթայի մեջ, ֆիզիկապես այդ հանձնաժողովում չլինի․ «Հաշվետվություն լինի, այլ ձևաչափ լինի»։
Փաշինյանը հանձնարարեց քննարկել այս հարցն ու լուծել այն․ «Խնդրում եմ, նենց արեք, որ հետո ստիպված չլինենք քրեական գործեր քննել, հետո պարզել՝ ոնց եղավ, բա պարզ չէ՞ր, որ տենց էլ լինելու եւ այլն։ Մեր խնդիրն է, որ էդ գումարը գնա, հասնի գյուղացուն»։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեւորգ Գեւորգյանն էլ նկատեց՝ ստացվում է, որ 10-ից 14 հազար տոննա մթերողները ոչ մի աջակցություն չեն ստանալու, որովհետեւ իրենք ոչ 9 հազարի տակ են ընկնում, ոչ էլ՝ 15 հազարի․ «Ստացվում է, որ իրենք 9 հազարից շատ են մթերում, բայց նույնիսկ 30 դրամ սուբսիդավորումից չեն օգտվում»։
Գեւորգյանը նաեւ նկատեց, որ մթերման 110 դրամ շեմ սահմանելով՝ գումարն ուղղվում է տնտեսվարող սուբյեկտին՝ իջեցնելով խաղողի ինքնարժեքը․ «Այսինքն` խաղողը տնտեսվարողի վրա լինելու է մի դեպքում 80 դրամ, մյուս դեպքում՝ 50 դրամ։ Այս հավելյալ սուբսիդավորումը ոչ թե գնալու է գյուղացուն, ոչ թե խաղողի ինքնարժեքն ենք բարձրացնում, դարձնում 140 կամ 160 դրամ, այլ մենք տնտեսվարողին ենք սուբսիդավորում, որի արդյունքում տնտեսավարողի ապրանքի ինքնարժեքն է իջնելու։ Փոքր տնտեսավարողները, որոնք էլ ավելի դժվար մրցակցության մեջ են գտնվում, այս պարագայում շատ ավելի է դժվարանալու մրցակցությունը, որովհետեւ փոքր տնտեսվարողների միավորի արժեքը ավելի թանկ է լինելու, քան՝ մեծերի։ Եթե դրամի եւ արտահանման խնդիր կա, այս պարագայում պետք է տարբերակ մտածենք, որ այդ փոքր տնտեսվարող սուբյեկտներն ինչպես արտահանեն եւ վաճառեն»։
Տարբեր կարծիքներ լսելուց հետո, Փաշինյանն ի պատասխան Գեւորգյանի առաջարկի, ասաց՝ մենք ի սկզբանե ասում էինք՝ նենց անենք, փորքին աջակցենք, հետո արձանագրեցինք, որ փոքրերը չեն ուզում մեր աջակցությունը․ «Որովհետեւ ինչքան մենք ծրագիր ենք արել, որ շեմ դնենք, որ ծրագրից օգտվեն, տնտեսական էֆեկտ չենք ստացել։ Դե փոքրն էլ թող ներդրում անի, մեծանա։ Մեր խնդիրը գյուղացու խաղողը մթերելն է»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ