Դժվար է վիճել, մակարդակի հետ հստակ խնդիրներ կան: Նման կերպ է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե չի ցանկանում մեկնաբանել ինչ-որ «քարտուղարուհու» (այսինքն՝ Զախարովայի) հայտարարություն:
«Ես ցանկանում եմ աջակցությունս հայտնել մոլորակի բոլոր «քարտուղարուհիներին»: Ընկերուհինե՛ր, ձեր աշխատանքը, ոչ թե «քարտուղարուհու», այլ «քարտուղարի» աշխատանքը, անգամ ամենաբարձրաստիճան ղեկավարի հաջողության գրավականն է: Առանց ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքի՝ ժամանակացույցի կազմում, հանդիպումների կազմակերպում, աշխատանք փաստաթղթերի հետ, զանգերի ընդունում և միլիոնավոր այլ հոգսեր, ամեն ինչ հօդս կցնդի: Մի՛ նեղացեք, այդ մարդը, վստահ եմ, առանց մտածելու դուրս է տվել: Ասվածի նկատմամբ ձեր վերաբերմունքը մի տարածեք հայ ժողովրդի վրա: Հայ ժողովուրդը իմաստուն, բազմաչարչար և սիրով լի ազգ է»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ