Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից հեռու, Արցախի կողքին՝ առցանց

Սեպտեմբեր 07,2023 12:38

Շուրջ ինն ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախն ունի ցանկացած տեսակի աջակցության կարիք։ Սննդի, էլեկտրաէներգիայի, գազամատակարարման, դեղորայքի, վառելիքի, կապի, հացի խնդրի ծանր պայմաններում արցախցիներին անհրաժեշտ է նաև լրացուցիչ մասնագիտական օգնություն։ Իմ զրուցակիցները՝ գինեկոլոգ, սննդաբան և հոգեբան՝ Արցախից օնլայն «պացիենտներ» են ընդունում՝ փորձելով թեկուզ մի փոքր թեթևացնել նրանց խնդիրները։

Սննդաբանն արցախցիներին խորհուրդ է տալիս կարտոֆիլն օգտագործել կեղևով

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը «Արցախի մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան խմբում պարբերաբար հանդես է գալիս սննդի հետ կապված օգտակար տեսանյութերով, պատասխանում է նամակներին։ Ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ ունեցող բժիշկ-սննդաբանը աշխատել է նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրում` ձեռք բերելով ճգնաժամերի ժամանակ պարենային օգնության փորձ։ Այժմ գիտելիքները փորձում է կիրառել շրջափակված Արցախում պարենային խնդրի լուծմանն ուղղված մի շարք նախաձեռնություններում, որոնց մասին, սակայն, նախընտրում է չխոսել:

Հարցին, թե ինչպես որոշեց մասնագիտական խորհուրդներ տալ արցախցիներին, Վարդանուշը պատասխանում է.

«Երբ քո հայրենակիցը օգնության կարիք ունի, երկար չես մտածում` ինչ անել։ Ուղղակի անում ես այն, ինչ այդ պահին կարող ես։ Պետք է քո արածով ոգևորես մյուսներին, որ իրենք էլ միանան։ Իմ շրջապատում բոլորն իրենց ուժերի չափով մի բան անում են։ Դա մեր բոլորիս սրտի և հոգու պարտքն է»։

Մասնագետին դիմում են հիմնականում սնվելուն վերաբերող հարցերով։ Դիմողներին անհանգստացնում են թերսնման հետևանքները, նաև՝ դեղատներում վիտամինային կոմպլեքսների բացակայությունը։ Վարդանուշ Պետրոսյանի խոսքով` խնդիրն ավելի շատ սննդի միջոցով էներգիայի բավարար պաշար չստանալու մեջ է։ Արցախում մարդիկ չեն կարողանում ստանալ այնքան էներգիա, ինչքան ծախսում են օրվա ընթացքում։ Բժիշկ-սննդաբանը մեծ խնդիր է համարում նաև սպիտակուցների (պրոտեինների) պակասը սննդի մեջ, հատկապես՝ խոցելի խմբերում։ Սպիտակուցները չեն կարող սինթեզվել ճարպերից կամ ածխաջրերից։ Դրանց բացակայության դեպքում քայքայվում են մկանները, առաջանում են առողջական այլ խնդիրներ։

Բժիշկ-սննդաբանի խորհուրդները, որոնք ներկայացվում են տեսանյութերով, վերաբերում են հատկապես երեք խոցելի խմբերի` երեխաներին, հղիներին և կերակրող մայրերին։ Վարդանուշն ասում է՝ հեռվից դժվար է պատկերացնել, թե որքան իրատեսական են իր խորհուրդները, բայց արցախցիներից անընդհատ շնորհակալական նամակներ է ստանում։ Քանի որ վերջին ամիսներին Արցախում, կարտոֆիլից բացի, գրեթե ոչինչ չկա, մասնագետը խորհուրդ է տալիս կարտոֆիլն օգտագործել կեղևով, որովհետև այն վիտամին C է պարունակում։ Կալցիումի պակասը լրացնելու համար Վարդանուշը խորհուրդ է տալիս ձվի կեղևը 20-25 րոպե եռացնել, մանրացնել և օգտագործել։ Տեսանյութի մեկնաբանություններում մասնագետին արձագանքում են՝ մնում է միայն ձու գտնել: Ոմանք էլ գրում են՝ եթե նույնիսկ հաճախ չի ստացվում Վարդանուշի խորհուրդները կիրառել, գոնե սննդին ու սնվելուն վերաբերող գիտելիքներ են ստանում։

Բժիշկ-սննդաբանը նշում է. «Պարենային անվտանգությունն ունի իր տեսակները: Դրանցից մեկը պարենային անվտանգության թույլ արտահայտված իջեցումն է (նախկինում կոչվում էր սննդային անապահովություն առանց սովի), երբ սննդակարգը ըստ որակային բազմազանության կամ ըստ ցանկալիության չէ, և կան սննդի ընդունման կրճատման դեպքեր:

Մյուսը պարենային անվտանգության արտահայտված իջեցումն է (նախկինում կոչվում էր սննդային անապահովություն քաղցի զուգակցմամբ)՝ սննդի ռեժիմի խախտումների և սննդի ընդունման նվազեցման բազմաթիվ դեպքերի գրանցմամբ: Ու այստեղ «քաղցը» ուղղակի բառ չէ։ Այս դեպքում այն կլինիկական իրավիճակ է, ունի իր գիտական չափորոշիչները և, ցավոք, իր հետևանքները: Պարզապես իմացեք, որ Արցախում սննդի հարցը օրհասական է»։

 

Գինեկոլոգ «Մի քանի ամիս առաջ կարողանում էի անալիզների ուղարկել և բուժում նշանակել, հիմա դա չի ստացվում։ Իմ ձեռքերն էլ են կապվում»

Գինեկոլոգ Անի Գասպարյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Գինեկոլոգ Անի Գասպարյանն առաջիններից էր, որ որոշեց անվճար օնլայն խորհրդատվություններ իրականացնել շրջափակված արցախցիների համար։ Սոցիալական ցանցերում Անին ունի հետևորդների մեծ բանակ, հենց այդ հարթակներում էլ տեղեկացրել է, որ պացիենտների օնլայն «ընդունելություն» է սկսում։

«Անվճար խորհրդատվություններ անցկացնելու միտքը ծագել է շրջափակման լուրը լսելուն պես։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ մարդու նորմալ ռեակցիան դա պետք է լիներ», – ասում է բժշկուհին։ Չի բացառում, որ մասնավոր գործոնն էլ դեր խաղացած լինի՝ ինքն արմատներով Արցախից է։

Շաբաթվա ընթացքում Անին ունենում է միջինը 4-5 նոր այցելու։ Հիմնականում դիմում են հղիության և դաշտանային ցիկլի խանգարման հարցերով։

«Վերջին մի քանի ամսում վիճակն ավելի աղետալի է դարձել։ Իմ նշանակած դեղերը, որ անպայման պետք է պացիենտներս խմեն, չեն կարողանում գտնել։ Միջամտությունները, որոնք պետք է արվեն, չեն արվում։ Էլ չեմ ասում, որ հղիներս նորմալ չեն սնվում», – նշում է բժշկուհին։

Շրջափակման սկզբում օնլայն խորհրդատվություններ կազմակերպելը հեշտ էր, քանի որ դեռ հնարավոր էր Արցախում հանձնել անհրաժեշտ անալիզները։ Հանձնում էին ու պատասխանն ուղարկում իրեն։ Հիմա անալիզ հանձնելը գրեթե անհնար է դարձել` բարդացնելով խորհրդատվությունների գործընթացը։

«Եթե մի քանի ամիս առաջ կարողանում էի անալիզների ուղարկել և դրանց հիման վրա բուժում նշանակել, ապա հիմա դա էլ չի ստացվում։ Իմ ձեռքերն էլ են կապվում», – ասում է Անին։

Նա նշում է, որ ծայրահեղ վիճակում գտնվող պացիենտներ ունի։ Նրանցից մեկը 30 տարեկան կին է, որի մոտ քաղցկեղ է կասկածվում: Անալիզների հանձնումը, անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը և դրանք Երևան ուղարկելը օրեցօր ավելի անհնար է դառնում: Սպասում են հերթական հետազոտությունների պատասխաններին: Կասկածների հաստատման դեպքում բուժումը շարունակելու նպատակով կնոջն անհրաժեշտ կլինի շտապ տեղափոխել Երևան:

Մյուս պացիենտը 27 տարեկան է, տանում է ծանր ռիսկերով հղիություն: Նրան Երևան տեղափոխելը ևս հրատապ հարց է:

Բժշկուհին նաև փաստում է, որ հոգեբանական ծանր վիճակի և թերսնման պատճառով Արցախի կանանց շրջանում անպտղության, հորմոնալ խանգարումների, դաշտանային ցիկլի խանգարման դեպքերը օրեցօր աճում է, ավելանում է վիժումների թիվը։

 

Հոգեբան «Գոյություն ունի «կոլեկտիվ տրավմա» հասկացություն։ Բայց եթե մեզանից մեկն ամոքվում է, դա տարածվում է մյուսների վրա»

Երևանում գործող «ԱյսՏԵՂ» հոգեբանական կենտրոնի մասնագետները նույնպես շրջափակված արցախցիների կողքին են։ Գիտակցելով Արցախում տիրող իրավիճակի լրջությունը՝ «ԱյսՏԵՂ»-ի թիմը նախաձեռնել է առցանց հոգեբանական աջակցման անվճար հանդիպումներ՝ խմբերով։ Հանդիպումների ընթացքում քննարկվում են արցախցիներին հուզող խնդիրները։ Անհրաժեշտության դեպքում կենտրոնը աջակցում է նաև անվճար հոգեբան գտնելու հարցում։

Եվա Ասրիբաբայանի լուսանկարը՝ «ԱյսՏԵՂ» հոգեբանական կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Կենտրոնի համահիմնադիր, հոգեբան Եվա Ասրիբաբայանն ասում է. «Նախաձեռնության նպատակը ոչ միայն արցախցիներին ինչ-որ չափով օգնելն է, այլ նաև իրար վարակելը, օրինակ ծառայելը մեր հայրենակիցներին»։

Նախաձեռնության մասին հայտարարել են հուլիսի 25-ին` սոցիալական ցանցերի միջոցով։ Մինչև այսօր ունեցել են առցանց հանդիպումներ երեսուն, քսան, տասնհինգ, ութ հոգանոց խմբերի հետ։ Առանձին հանդիպումներ են եղել Արցախում գործող հոգեբանների, ծնողների, բոլոր ցանկացողների հետ։ Հանդիպումները հարմարեցնում են Արցախի հովհարային անջատումների գրաֆիկին։ Օգոստոսի 26-ին նախատեսված էր հերթական հանդիպումը ինքնակարգավորվելու, ճգնաժամային իրավիճակներում ռեսուրս ստեղծելու մասին, սակայն հանդիպումը հետաձգվել է՝ Արցախում համացանցի արդեն սովորական դարձած խափանման պատճառով։

«Եղել է հանդիպում, որին միայն մեկ մասնակից է կարողացել միանալ, եղել են հանդիպումներ 20 հոգանոց խմբի հետ։ Ինչքան շատ են լինում մասնակիցները, այնքան ավելի ակտիվ և դինամիկ է անցնում հանդիպումը» – նշում է Եվան:

 

Հանդիպումներին Արցախից մասնակցում են հիմնականում կանայք։ Շատերին հուզում են ճգնաժամային պայմաններում ծնող-երեխա փոխհարաբերությունների, ընտանիքում փոխըմբռնման հարցերը։

«Հուսանք` այս իրավիճակը երկար չի տևի, և օնլայն հանդիպումների կարիք չի լինի։ Սակայն քանի դեռ կա անհրաժեշտություն, մենք կփորձենք օգտակար լինել։ Փորձելն արդեն կարևոր է»,- ասում է հոգեբանը:

Եվայի խոսքով՝ ակտիվ տրավմատիկ վիճակում սխալ է կենտրոնանալ կոնկրետ տրավմաների վրա, պետք է ռեսուրսներ գտնելու համար աշխատել։ Եթե 2020թ. պատերազմի ժամանակ բոլորը մոբիլիզացրել էին իրենց ուժերը, ապա հիմա շատ հաճախ չգիտեն, թե անգամ ինչ ասեն։ Պատերազմն ու շրջափակումը միանշանակ թողնելու են իրենց խորը հետքը մարդկանց գիտակցության մեջ։ Իսկ երբ չկա անվտանգության և ապահովության զգացում, շատանում են դեպրեսիվ և տագնապային զգացողությունները, ինչն էլ ազդում է մարդկային փոխհարաբերությունների վրա։

«Մենք բոլորս փոխազդեցության մեջ ենք իրար հետ, գոյություն ունի «կոլեկտիվ տրավմա» հասկացություն։ Բայց եթե մեզանից մեկն ամոքվում է, դա տարածվում է մյուսների վրա», – ասում է հոգեբանը։ Որպես ամոքիչ միջոց՝ նա նշում է հոգատարությունը՝ ինքներս մեր և շրջապատի հանդեպ, ներողամտությունը, հանդուրժողականությունը։ «Մենք շատ ենք մտածում ձեր մասին։ Գուցե դա կաթիլ է օվկիանոսի մեջ, բայց մենք ձեզ հետ ենք», – ասում է Եվան։

Անուշ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ «ԱյսՏԵՂ» հոգեբանական կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930