Կառավարության այսօրվա նիստի օրակարգին անցնելուց առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց։ Նա ասաց , որ նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, իսկ պատճառն այն է, որ Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի եւ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ «Ադրբեջանական մամուլում եւ քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական, ատելության հռետորաբանությունը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է։
Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, որի հետեւանքով զոհվեցին ՊՆ երեք զինծառայողներ։ Այս սադրանքին նախորդել եւ հաջորդել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումը Ադրբեջանի կողմից»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը շարունակում է ապօրինի արգելափակված պահել Լաչինի միջանցքը, հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում հասել է գագաթնակետին։
«Ակնհայտ է, Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը։ Նման սադրանքը հիմնավորելու համար շրջանառության մեջ են դնում կեղծ թեզեր։ Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային հանրությունը, ՄԱԿ ԱԽ անդամ երկրները պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկեն մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար։
Կարդացեք նաև
Միեւնույն ժամանակ ընդգծում եմ ՀՀ հավատարմությունը 2021 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եւ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2023 թվականին մայիսին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ՌԴ, Ադրբեջանի նախագահների եւ ՀՀ վարչապետի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությանը։
Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության եւ իրավունքների հասցեագրման համար Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակներում եւ Լաչինի միջանցքի ապարգելափակումը համաձայն արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի որոշումների էական է։ Այս ամենի հենքի վրա ՀՀ-ն պատրաստ է եւ ցանկանում է խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ»,-հայտարարեց Փաշինյանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ