Հայաստանում հաստատված եւ մի շարք բացառիկ նախագծեր իրականացրած պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովի հիմնադրած «Երեւան կինոակումբի» հերթական միջոցառումը ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Անգլիայում եւ այլուր «ճամփորդած» «Ես այստեղ եմ» մոնոներկայացման երեւանյան պրեմիերան էր:
Դերասան Անատոլի Բելիի եւ ռեժիսոր Եգոր Տրուխինի ստեղծած ներկայացումը 1,5 ժամանոց անկեղծ, բայց դաժան զրույց է հանդիսատեսի հետ: Այն արտացոլում է այսօրվա իրականությունը, որը կորուստների ժամանակաշրջան է՝ մարդկային, հայրենիքի, դիմագծի, կենսագրության…Սա նաեւ հակապատերազմական ճիչ է, կյանքից կառչելու ճիգ: Եվ բեմադրության դերասանը եւ ռեժիսորը լքել են Ռուսաստանը ռուս-ուկրաինական պատերազմից հետո:
«Ես այստեղ եմ» մոնոներկայացումը յուրահատուկ տրագիկոմեդիա է, կամ ինչպես Բելին է անվանել հարցազրույցներից մեկում՝ տրագիկլոունադա: Հերոսը զվարճալի, անփույթ, թափթփված ու շատախոս մեկն է, որի վրա հանդիսատեսը սկզբում ծիծաղում է: Հետո ամեն ինչ փոխվում է… Հերոսի հույզերը հորդում են կյանքի ամեն դրվագը ներկայացնելիս։ Ով է նա, սովորական մի մարդ, որն ապրում էր իր առօրյա կյանքով, երջանիկ էր, ուներ կին, որն այժմ կողքին չէ, բայց մի ժամանակ միասին «Կաստա դիվա» էին վայելում Մարիա Կալլասի մատուցմամբ: Հիմա ինքը վախենում է մշուշոտ ապագայից, տառապում է, տագնապներ ունի։
Կարդացեք նաև
Ներկայացումն այնպես է կառուցված, որ հանդիսատեսն ու դերասանը «շոշափում» են միմյանց հոգիները, միայն մեկ անգամ է հնչում պատերազմ բառը, այն էլ ներկայացման վերջում, բայց բոլորը հասկանում են, որ խոսքը ռուս-ուկրաինական պատերազմի բերած ավերների ու ընդհանրապես պատերազմների մասին է:
Ժանրերի համադրությունն իր մեջ միավորում է և՛ ժամանակակից հեղինակների՝ տեքստի մեջ վարպետորեն ներդրված բանաստեղծությունների հիանալի ասմունք, եւ՛ ներկայացման դրամատուրգիա, եւ՛ փոխազդեցություն դահլիճի հետ, եւ՛ Չառլի Չապլինին հղումներ կատարող ծաղրածություն։
Ամեն դեպքում ներկայացումը սիրո, լույսի, առանց չարիքի կյանքի ու հետ չնայելու մասին է: Որովհետեւ, եթե կա պատերազմ, ուրեմն այս անհանգիստ աշխարհում որեւէ մեկը վստահ չի կարող լինել՝ կլինի՞ հաջորդ Նոր տարին կամ Զատիկը, կլինի՞ վաղվա օրը, կամ հենց ինքը՝ մարդը։
Երեւանցիներին ուղղված տեսաուղերձում Անատոլի Բելին ասում է, որ 2022թ. փետրվարի 24-ից հետո իր եւ շատերի կյանքն անդառնալիորեն փոխվել է, ինչի մասին էլ ինքը պատմում է բեմից:
Հավելենք, որ նա կինոյի եւ թատրոնի ճանաչված դերասան է, մի շարք թատերական մրցանակների դափնեկիր, նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում ու սերիալում: Անատոլի Բելին ռուս-ուկրաինական պատերազմի մասին իր քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել ու հեռացել Ռուսաստանից եւ ներկայումս Իսրայելի քաղաքացիություն ունի։
Ռեժիսոր եւ գաղափարի հեղինակ Եգոր Տրուխինը Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի շրջանավարտ է, 2022 թ. փետրվարի 24-ից հետո նա նույնպես լքել է Ռուսաստանը։
«Ես այստեղ եմ»-ը պարզապես ներկայացնում չէ, այն թերապիա է հանդիսատեսի համար: 1,5 ժամ դահլիճը ծիծաղում է եւ լալիս, իսկ վերջում հոտնկայս ծափահարում։ Այս բեմադրությունը շատ ջերմ են ընդունել աշխարհի շատ քաղաքներում։ Երեւանը եւս բացառություն չէր:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ