Պաշտոնական Մոսկվան՝ ի դեմս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, կոշտ է արձագանքել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, առաջարկել «մեղքը չբարդել ուրիշների վրա, պատասխանատվություն ստանձնել» և շեշտել, որ «կոպտության նմանվող հռետորաբանությունը չի զարդարում Հայաստանի քաղաքական գործիչներին»: Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ իր գործունեության ընթացքում երբևէ նման պահվածքի ականատես չի եղել, սակայն չի զարմանում:
«Դրա փաստացի դրսևորումները տեսել ենք վերջին 3-4 տարվա ընթացքում: Հիմքերը տվել են այս իշխանություններն իրենց վարած արտաքին քաղաքականությամբ, պահվածքով և հստակ մանիպուլատիվ գործողություններով, որոնք չեն սպասարկում հայ ազգի, Հայաստանի ու Արցախի, մեր պետականության շահերը: Նման պահվածքն իր առաջին դրսևորումը ստացավ դեռևս 2020 թ.-ին՝ նախքան պատերազմը, երբ «թավշյա» իշխանությունների կողմից բանակցությունները ներկայացվում էին որպես հաճելի զրույց, չնայած որ տեղի էին ունենում մի քանի ժամյա կտրվածքով: Ռուսական կողմը ստիպված բացահայտեց քարտերը: Խաբեության, կեղծիքի ու մանիպուլյացիայի միջոցով ինչ-որ հարցեր ծածկադմփոց է արվում և այդ քողի ներքո հստակ քաղաքականություն է տարվում, որի նպատակն է ընդհանրապես Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցության գոտուց՝ ձերբազատվելով բոլոր պայմանագրերից, ռազմական բազայից, ու սահուն կերպով տեղավորել ՆԱՏՕ-ական քողի ներքո:
ՆԱՏՕ-ն այստեղ ներկայացված է Թուրքիայի տեսքով, թուրքական ազդեցությունը մի քանի ամսվա ընթացքում շատ սահուն կտարածվի ամբողջ Հայաստանի վրա, եթե, իհարկե, դրան չնախորդեն ռազմական գործողությունները և Հայաստանի Հանրապետությունից նորանոր տարածքների կորուստը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Աղաջանյանը:
Սպառե՞լ ենք դիվանագիտական ճանապարհով մեր խնդիրները լուծելու բոլոր հնարավորությունները: «Շատ մեծ հնարավորություններ ունենք, բայց դրա համար մեզ անհրաժեշտ է իշխանություն, որը հանդես կգա ազգանպաստ դիրքերից և հայրենիքի, պետության ու ազգի շահերի պաշտպանության ձգտումներով: Այսօրվա իշխանությունն անում է դրա հակառակը: Ինչ-որ բան ակնկալել այսօրվա իշխանությունից, որը փաստացի դիվանագիտություն չի վարում, այլ տարբեր քայլերով փորձում է քողարկել իր հանձնվողական ու պարտվողական քաղաքականությունը, որն ի սպաս է դրվել մեր թշնամիներին, անհնարինության ոլորտից է: Ժողովրդին ներկայացվում է՝ ելք չունենք, ստիպված ենք, դա տեխնոլոգիա է:
Կարդացեք նաև
Դա ժողովրդին նսեմացնելու, զինաթափելու, անուժության, անելանելիության միջավայր ստեղծելու նպատակ ունի, որ իրենց ներկայացրած լուծումը ժողովրդի համար չարյաց փոքրագույնը համարվի և ընդունելի դիտարկվի»,-եզրափակում է Ձյունիկ Աղաջանյանը:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։