Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Արցախը ճանաչում ես Ադրբեջանի կազմում, ապա անհասկանալի է ՌԴ դերակատարությունը, նաեւ՝ Հայաստանի պարտավորությունները. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 07,2023 10:23

Քաղաքագետ Սուրեն Զոլյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, ստվերային պայմանավորվածություններ ունի Ադրբեջանի եւ Արեւմուտքի հետ, որոնց իրականացմանը խոչընդոտում է Ռուսաստանը, ուստի չի բացառվում, որ իրավիճակի սրումը հանգեցնի ռազմական գործողությունների, եւ այդ ճանապարհով կյանքի կոչվեն պայմանավորվածությունները։ Քաղաքագետի կարծիքով՝ թեպետ իշխանությունները հստակ եւ ազնվորեն չեն հայտարարում պայմանավորվածությունների մասին, սակայն տարբեր ինֆորմացիաների, գործողությունների եւ հայտարարությունների համադրումը թույլ է տալիս նման կանխատեսումներ անել․ «Նախ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ ունեն պայմանավորվածություն, եւ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը պետք է գործարկվի, որը լինելու է Բերձորի ճանապարհը բացելու նախապայման, անգամ Շառլ Միշելը հայտարարեց, իսկ Փաշինյանը չհերքեց դա՝ ասելով ընդամենը, որ ինքը չի մասնակցել այդ բանակցություններին։ Երկրորդ՝ մեկ տարի առաջ հայաթափվեցին Բերձորը, Աղավնոն եւ Սուսը, եւ այն ժամանակ ռուսական կողմից եղան ինչ-ինչ հայտարարություններ, որ դա իրենց համար անսպասելի էր, ուստի կարելի է ենթադրել, որ դա հայ պաշտոնյաների նախաձեռնությամբ է եղել: Երրորդ հանգամանքը՝ ռուսական զորախումբը, ի վերջո, թույլ չտվեց, որ Ադրբեջանն իրենց անցակետով Ստեփանակերտ մտցնի «մարդասիրական օգնություն» տեղափոխող երկու բեռնատարները։ Այս ամենի համադրությունից կարելի է փաստել, որ կան ինչ-ինչ պայմանավորվածություններ, գուցե խոստումներ` միջազգային կենտրոններին տված, որոնք Նիկոլ Փաշինյանը չի կարողանում ի կատար ածել, քանի որ Արցախում եւս իրավիճակ է փոխվել, ռուսներն էլ, հավանաբար, դեմ են, եւ, ուրեմն, փորձում է այսպիսով իրավիճակը սրել, որ հետո արդարանան, թե, տեսեք՝ ռազմավարական գործընկերներն իրենց պարտավորությունները չկատարեցին, դրա համար էլ ունեցանք նման իրավիճակ»։

Այս իրավիճակը, մեր զրուցակցի խոսքով, հիշեցնում է 2020 թվականի նախապատերազմական շրջանը։ Զոլյանը մեր ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը ոչ թե Արցախի, այլ Հայաստանի սահմանների նկատմամբ է ոտնձգություններ անում (համարում է, որ Արցախն իր պատասխանատվության գոտին է), սակայն ԵՄ դիտորդները որեւէ կերպ չեն արձագանքում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ ոտնձգություններին, թեպետ այդ առաքելությամբ են տեղակայվել մեր սահմաններին․ «Եվրոպական կառույցները կարծես թե համաձայն են այս իրավիճակին, որ Փաշինյանն ինչ-ինչ խոստումներ չի կատարել, հակառակ դեպքում նման լռություն ԵՄ ժանդարմների կողմից չէր լինի»։

Զոլյանը համոզված է, որ Ադրբեջանի պահանջները գնալով էլ ավելի են մեծանալու Հայաստանից ու Արցախից, եւ դրա պատճառը Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են․ «Եթե դու Արցախի ինքնավար մարզը ճանաչում ես Ադրբեջանի կազմում եւ ընդունում ես, որ 1991 թվականից դա եղել է Ադրբեջանի տարածք, ապա լրիվ անհասկանալի է այդ տարածքի  դերակատարությունը, Ռուսաստանի դերակատարությունը, նաեւ՝ Հայաստանի պարտավորությունները: Ստացվում է` 91-ից Հայաստանն ագրեսոր է եւ զավթել է Ադրբեջանի տարածքը, ու խնդիրներ կարող ենք ունենալ, երբ Ադրբեջանը դիմի դատարան։ Ես բազմիցս եմ տարակուսանք հայտնել, որ մինչեւ հիմա Փաշինյանն ու թիմակիցները չեն անդրադարձել Ալմա-Աթայի հռչակագրի վավերականությանը` գոնե այն մասով, որ, լավ` Հայաստանը ճանաչել է, բայց 91 թվականին Ադրբեջանը չեղարկել է իր ստորագրությունը, Մութալիբովի ստորագրությունը չեղարկվել է։ Ավելին՝ Ադրբեջանն անգամ մեր 29 հազարը չի ճանաչում, դու ինչո՞ւ ես ճանաչում»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930