Մարդը չի կարող ապրել առանց լյարդի, որը կենսականորեն կարևոր օրգան է․ լինելով օրգանիզմի ամենախոշոր մարսողական գեղձը՝ այն կարգավորում է արյան մեջ թափոնների առկայությունը, դուրս է բերում տոքսիններն ու պահպանում էներգիան՝ գլիկոգենի տեսքով։ Լյարդը «շնորհակալ» օրգան է, որն ունի վերականգնվելու հնարավորություններ, և անգամ լյարդի մի փոքր մասի փոխպատվաստումը կարող է հիվանդի կյանքը փրկել՝ չվնասելով դոնորի առողջությանը։
Ինչպես նշվեց՝ առանց լյարդի կյանք չկա, սակայն մարդը կարող է ապրել նաև այնպիսի լյարդով, որը վնասված է, իսկ կյանքի տևողությունը կախված է լինում վնասվածքի լրջությունից, պատճառներից և մարդու ընդհանուր առողջությունից։
2017 թ․-ի հետազոտության տվյալներով՝ լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության ծանր ձևերը միջինում մարդու կյանքը կրճատում են 4 տարով։ Լյարդի ցիռոզը, որն ավելի ծանր հիվանդություն է, նշանակալիորեն կրճատում է մարդու կյանքի տևողությունը, իսկ լյարդի անբավարարության դեպքում մարդն առանց բուժման կարող է ապրել ընդամենը 1-2 օր։
Լյարդի գործառույթները
Լյարդը տեղակայված է անմիջապես ստոծանու տակ՝ որովայնի խոռոչի վերին աջ կողմնային հատվածում: Չափահասների մոտ այն կշռում է մոտ 1200-1800 գ։ Այս օրգանը կարևոր դեր ունի սննդի մարսողության և սննդանյութերի յուրացման հարցում։ Այն հիմնականում իրականացնում է հետևյալ գործառույթները․
Կարդացեք նաև
Լեղու արտադրություն․ լեղին նյութ է, որն օգնում է օրգանիզմին ճեղքել ու յուրացնել սննդանյութերը, հատկապես ճարպերը, նաև նպաստում է վնասակար նյութերից ազատվելուն։
Սննդանյութերի պահպանում ու փոխանակություն․ լյարդը նպաստում է ճարպալույծ սննդանյութերի, ինչպիսիք են, օրինակ, A և E վիտամինները, փոխանակությանն ու պահպանմանը։
Թունազերծման գործառույթ․ Լլյարդն օրգանիզմից դուրս է բերում թունավոր նյութերն ու մասնակցում ալկոհոլի, դեղերի, թմրանյութերի ճեղքմանը։
Օրգանիզմի այլ գործառույթների խթանում․ լյարդը մասնակցում է էրիթրոցիտների ճեղքմանը, արյան պլազմայում սպիտակուցի սինթեզին, վահանաձև գեղձի հորմոններից յոդի հեռացմանը և այլն։
Բիլիռուբինի փոխանակություն և այլն։
Երբ լյարդը պատշաճ ձևով չի աշխատում, արյան մեջ կարող են կուտակվել թունավոր նյութեր, որոնք վնասակար են նաև մյուս օրգանների համար։
Լյարդի հիվանդությունների դեպքում օրգանիզմը դժվարությամբ է մարսում կամ յուրացնում որոշակի սննդանյութերը, արյան մեջ կարող է կուտակվել բիլիռուբինի ավելորդ քանակություն։
Լյարդի հիվանդությունների մասին են խոսում հետևյալ ախտանշանները՝
- աղեստամոքսային համակարգի խնդիրներ, փսխում, սրտխառնոց,
- դեղնություն,
- էներգիայի անբավարարություն,
- ջրազրկում,
- ցավեր որովայնի վերին անկյունում և այլն։
Լյարդի հիվանդությունների տեսակները
Լյարդի հիվանդությունները կարող են սուր բնույթի լինել՝ մոտ 4 շաբաթվա ընթացքում դրսևորելով ախտանշաններ, կարող են նաև քրոնիկական բնույթի լինել՝ արտահայտվելով ամիսների, երբեմն էլ տարիների ընթացքում։
Լյարդի քրոնիկ հիվանդությունները հաճախ լավ բուժվում են՝ հատկապես ախտանշանների դրսևորման վաղ փուլերում։ Առավել տարածված են լյարդի հետևյալ հիվանդությունները՝
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդություն
Լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը բավականին տարածված է, որը բնութագրվում է լյարդի բջիջներում ավելցուկային ճարպի կուտակմամբ։ Հիվանդությունը շատ հաճախ որևէ կերպ չի դրսևորվում, բայց առավել ծանր դեպքերում խնդիրը կարող է հանգեցնել բորբոքման՝ վնասելով լյարդը, ինչը հղի է ծանր հետևանքներով, անգամ լյարդի անբավարարության զարգացման վտանգով։
Հեպատիտներ
Լյարդային հյուսվածքների բորբոքումն ընդհանուր առմամբ հեպատիտ է կոչվում, որի զարգացման պատճառները կարող են լինել վիրուսները, թմրանյութերն ու ալկոհոլը։ Վիրուսային հեպատիտի մի քանի տեսակներ կան, իսկ աուտոիմուն հեպատիտը քրոնիկ հիվանդություն է, որի դեպքում մարմնի իմունային համակարգը գրոհում է լյարդի վրա:
Լյարդի ցիռոզ
Այս վնասումը բնորոշվում է նորմալ լյարդային հյուսվածքի սպիացումով, որը կարող է տեղի ունենալ քրոնիկ հիվանդության կամ թունավոր նյութերի ազդեցության դեպքում։ Ալկոհոլի չարաշահումը այս հիվանդության տարածված պատճառներից մեկն է։
Լյարդի փոխպատվաստում և վերականգնում
Լյարդը միակ օրգանն է, որը կարող է վերականգնել ինքն իրեն: Իրականում լյարդը կարող է նորից աճել նույնիսկ այն դեպքում, երբ բացակայում է լյարդի մինչև 90%-ը:
Սա նշանակում է, որ մեկ այլ լյարդի ընդամենը մի փոքրիկ կտորից հնարավոր է ամբողջական լյարդ «աճեցնել»։ Կենդանի դոնորը, հետևաբար, կարող է իր լյարդի մի մասը տալ լյարդի անբավարարություն ունեցող անձին՝ առանց առողջական լուրջ վնասներ կրելու։
2021 թվականի զեկույցի համաձայն՝ լյարդի փոխպատվաստումը կարող է երկարացնել լյարդի սուր կամ քրոնիկ հիվանդության բարդացած փուլում գտնվող անհատի կյանքի տեւողությունը մինչև 15 տարով։
Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ