Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն անդրադարձավ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ, ըստ էության, նա ասել էր, որ պետք է բացվի և՛ Բերձորի միջանցքը և՛ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը՝ հայկական կողմից ակնկալելով խիզախ լուծումներ։
«Երբեմն զարմանում ես, չգիտես՝ տարակուսես, ինչ անես։ Իսկապես Միշելը խիզախ մարդ է, որ կարողանում է դուրս գալ ժողովրդավարության, մարդու իրավունքների և առհասարակ օրենքների դեմ։ Ի՞նչ է կատարվում, ի՞նչ կապ ունի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը Բերձորի միջանցքի հետ, եթե նա այդքան «խիզախ» է, թող կանգնի ու ասի՝ Ադրբեջանը պետք է անվերապահորեն բացի Բերձորի միջանցքը, սա միջազգային պայմանագրով նախատեսված դրույթ է։ Ի՞նչ է նշանակում «խիզախություն ցուցաբերեք», խիզախությունը դո՛ւք ցուցաբերեք, կամ հասարակ պարկեշտություն, մարդկայնություն, դատարկ խոսում եք։ Չե՞ք ամաչում, առաջին հերթին պետք է բացվի Բերձորի միջանցքը, այն փակվել է ապօրինի ձևով, բոլոր պայմանավորվածությունների ու օրենքներին հակառակ։ Բարի եղեք, պահպանեք գոնե ժողովրդավարության վերջին մնացորդները։ Եթե ստորագրել եք այդ չարաբաստիկ պայմանագիրը, բարի եղեք պահպանեք, սա վերաբերում է ոչ միայն «խիզախ» Միշելին և մնացածին, այլև այլ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանին, դուք եք ստորագրել, դուք եք «գարանտը» գոնե պահպանեք այն, ինչ կա»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության առնչությամբ էլ, թե՝ ադրբեջանական հումանիտար բեռը չպետք է այդքան քաղաքականացնել, Դավիթ Բաբայանն արձագանքեց, որ ռուսական կողմը պարտավորություն է վերցրել իր վրա, որը պետք է կատարի։
«Լավ կլինի՞, որ Մարիա Զախարովան իր ընտանիքով օրը 200 գրամ հաց ուտի, այն էլ չկարողանա գտնել։ Սա քաղաքականացնելու հարց չէ, այլ պարտավորությունների։ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, դրա համար ավելի կոշտ ենք խոսելու Զախարովայի հետ ու ասելու ենք՝ դու սխալ ես, այդ իրավունքն Արցախը վաստակել է մեր պապերով ու նախապապերով, նրանց թափած արյամբ»,- ասաց Դ. Բաբայանը։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Մարիա Զախարովայի մեկ այլ հայտարարության, որ այն պահին, երբ Հայաստանի ղեկավարը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, իրավիճակը կտրուկ փոխվեց նաև ռուս խաղաղապահների համար, Դավիթ Բաբայանը նախ ասաց, որ հայտարարությունը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, սարսափելի է։
«Նման բան երբեք տեղի չի ունեցել, ո՛չ մեր պատմության, ո՛չ էլ առհասարակ բոլոր երկրների պատմության մեջ։ Սա մի կողմ դնենք, 2020 թվականի պայմանագրում ի՞նչ է գրված, գրված է, որ պետք է նման բաներ լինե՞ն։ Եթե այդպես են անում, սարսափելի հարված են հասցնում Արցախին, բայց կա այդ պայմանագիրը։ Նման ձևով շարունակելը, իրոք, բերելու է նրան, որ Արցախն է վերաֆորմատավորելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզն իր որոշումներով։
Մենք ողջ հայությանը կոչ ենք անում նման բաները՝ Արցախն Ադրբեջանի կազմում, երբեք չընդունել և Արցախից չհրաժարվել։ Արցախին միայնակ թողնելը համահավասար է Արցախի ոչնչացմանը, արցախասպանդին հայությունը չպետք է մասնակցի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում