Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավը տանեմ, լավ շշպռեց»

Սեպտեմբեր 07,2023 10:00

2021 թվականի իր նախընտրական ծրագրում ՔՊ-ն գրել էր Շուշիի եւ Հադրութի խաղաղ դեօկուպացիայի, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի եւ «հանուն փրկության անջատման» մասին: Հետագա երկու տարիների ընթացքում իշխանությունների դիրքորոշումը փոխվել է 180 աստիճանով, եւ այսօր պաշտոնապես շրջանառվում են ինքնորոշմանը, դեօկուպացիային եւ անջատմանը խիստ հակասող թեզեր: Արդյոք այդպիսով ՔՊ-ն խաբե՞լ է իր ընտրողներին:

Մի քանի ամիս առաջ, երբ Ազգային ժողովում քննարկվում էր այդ հարցը, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ՝ ոչ, չի խաբել, որովհետեւ ընտրողների մեծ մասն այդ խոստումները չի էլ կարդացել, եւ ՔՊ-ին ձայն է տվել ո՛չ այդ խոստումների պատճառով:

Ես այդ հարցում վարչապետի հետ լիովին համաձայն եմ: ՔՊ ընտրողը ոչ մի ծրագիր էլ չի կարդացել, եւ Արցախին վերաբերող խնդիրները նրան ընդհանրապես չեն հետաքրքրում: Նա տեսել է Փաշինյանի ձեռքի մուրճը, լսել է «պողպատե մանդատի» մասին, ոգեւորվել է «Վե՛րջ թավշին» կարգախոսով: Այդ քարոզչության ազդեցության տակ նա համոզվել է, որ ատելության եւ վրեժխնդրության զգացմունքները կշարունակեն բավարարվել ու ընտրել է այն քաղաքական ուժը, որն այդ բնազդներին հագուրդ կտա:

Ես հիշեցնում եմ այդ պատմությունը, որովհետեւ հիմա էլ այդ քաղաքացիները չեն տեսնում, որ իրենց ընտրած ուժի քաղաքականությունը տանում է դեպի նոր պատերազմ: Ցուցադրական քայլերը Ռուսաստանի եւ, ի դեպ, նաեւ Իրանի դեմ (օրինակ, հայ-ամերիկյան զորավարժությունները) առանց ամերիկյան կողմի անվտանգության հստակ երաշխիքների՝ դա հենց այն արկածախնդրությունն է, որը մոտեցնում է պատերազմը, թշնամու հարձակումը:

Բայց ՔՊ-ական ընտրազանգվածը դա չի տեսնում: Նա տեսնում է, որ ՔՊ-ականները «դուխով» խոսում են ռուսների դեմ, եւ այդ խոսակցությունները շոյում են նրա ականջը: Ֆեյսբուքյան իրականության մեջ, որտեղ ապրում են այդ մարդիկ, հարգի է «բերնին գալը» եւ «պորտը տեղը դնելը»: Փաշինյանն ու նրա թիմը կիրառում են այն հնարքները, որոնք հաջողությամբ «վաճառվում են» ներքին շուկայում: Արտաքին քաղաքականության մեջ այդ «աքլորական» ոճով աշխատելն անհեթեթ է: Բայց դա լայն զանգվածներին չի հետաքրքրում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Ժեխ – … 2. Տան աղբ …
    Հայերեն բացատրական բառարան, Ստեփան Մալխասեանց
    Ձեր խմբագրականը «ժեխ» բառի արդի բացատրությունն է: Պետք չէ խուսափել իրերն իրենց անուններով կոչելուց:

  2. Հ. Շ. says:

    Դժբախտաբար, խնդիրը աւելի ծանր է:

    Իրենց երազանքը, անձնական սուր տենչանքը շփոթելով կարծր իրականութիւնների հետ, կան՝ ոչ-ժեխատիպ հայեր, որոնք համոզուած են որ Ռուսաստանը մահացու պարտութիւն է կրում, եւ հեսա, շուտով խորտակուելու է, Ուկրաինայի մէջ տեղի ունեցող համաշխարհային պատերազմում:

    Իրենց այս *մտերիմ համոզում*ի հիման վրայ, այդ հայերը խորապէս ուրախ ու խանդավառ են, որ ՀՀ վարչակարգը այս պատմական հոյակապ առիթը բաց չի թողում, այս բացառիկ պատեհութիւնից վարպետօրէն օգտվում է, Հայաստանը վերջապէս ձերբազատելու համար ռուսական լուծից, զայն դարձնելով՝ դէպի Արեւմուտք:

    Ի դէպ, այս հայերից բոլորը չեն, որ հանրային կերպով արտայայտում են իրենց կեցուածքը, զգացումները: Ոմանք մնում են լուռ, զուսպ, թաքուն պահելով իրենց հրճուանքը – կամ գոնէ՝ յոյսերը – :

    Այս հայերին համար, ըստ իրենց, 1921ի պատմական ճակատագրական սխալի սրբագրումն է, որ կը կատարեն Հայաստանի այժմու, լուսաճակատ իշխանաւորները:

    Այս ինքնասպանական արկածախնդրութեան դէմ պայքարող հայերի քանակը, ուժն ու վճռակամութիւնը, ցարդ բաւարար չեն, կանխելու համար Աղէտին շարունակութիւնը: Եւ թերեւս այս անգամ այլեւս՝ վերջնական ամբողջացումը:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Nimar says:

    Հիմա տեսնենք, թե ինչ է գրվել և ինչպես է այն առնչվում ՀՀ-ին։

    1) Շուշին և Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից, մենք ուզում ենք, որ դրանք ապաօկուպացվեն (խաղաղ ճանապարհով) նույն երկրի կողմից։ Մենք իրավունք ունե՞նք սա պահանջելու։ Ինչքան ուզում ենք։ Կարո՞ղ ենք որոշել, թե երբ խոսել այդ մասին և երբ լռել։ Ինչքան ուզում ենք։
    2) արդյո՞ք Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։ Այո։ Այս իրավունքը կախված է նրանից, թե ինչ է գրված ՔՊ-ի ծրագրում։ Ոչ մի դեպքում: Արդյո՞ք այս իրավունքի իրացումը կախված է նրանից, թե ինչ է գրված ծրագրում։ Ոչ։ Ինչ ուզում եք գրեք, դրա մասին որոշումներն այլ տեղ են կայացվում։ Եվ դա բոլորը գիտեն։
    3)«հանուն փրկության անջատման» սկզբունքը ընդունվա՞ծ հակամարտությունների լուծման ձև է։ Այո։ Արդյո՞ք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների դիրքորոշումն այս հարցում կախված է նրանից, թե ինչ է գրված ՔՊ-ի
    նախընտրական ծրագրում։ Ոչ, ամենևին էլ կախված չէ:
    Ուզելն ու կարողանալը, մտադրություններն ու հնարավորությունները նույն բանը չեն։ Չի կարելի նախընտրական ծրագրերը բառացի
    գնահատել։ Սա ավտոբուսների գնում և գազելների փոխարինում չէ։ Հատկապես միջազգային հարաբերություններում։ Ի՞նչ տարբերություն, թե ինչ եք ուզում, եթե հնարավորություն չունեք ստիպելու ցանկությունները կատարել:
    Ուստի բոլոր նախընտրական ծրագրերին պետք է վերաբերվել միանգամայն հանգիստ, սթափ ու ռացիոնալ։ Ես էլ բացարձակ անտարբեր եմ, թե ով ինչ է գրում նախընտրական ծրագրում։ Մուրճերն ու կարգախոսներն ինձ նույնպես չեն անհանգստացնում։ Աշխատեց, նշանակում է այդ պահին ճիշտ էր։ Գործողությունները որոշվում են ներկա իրավիճակի և հնարավորությունների փոխհարաբերությամբ: Միայն:

    • Հ. Շ. says:

      Ճիշդ բաներ կան, ձեր ըսածների մէջ: Սակայն ընդհանրութիւնները են:

      Այստեղ խնդիրը յատուկ է, եւ աւելի մասնայատուկ է:

      Փաշինյանի էական կեցուածքը այն է որ՝ 2021ի ընտրութիւններուն արդիւնքը, համազօր է իրեն շնորհուած ժողովրդային *ներում*ի, տեղի ունեցած Աղէտի իր – ընդունած – պատասխանատւութեան համար:

      Սակայն այդ տեսութիւնը կը ոչնչանայ, եթէ իրեն այդ քուէները տրուեցան՝ Խմբագրի յիշատակած իր այդ հաստատումների հիման վրայ: Որ, ինք, Արցախի առնչութեամբ, պիտի սրբագրէ տեղի ունեցածը. որու համար ինք բազմիցս ընդունած էր որ՝ *թիւ 1 պատասխանատուն*, ի պաշտօնէ, ինքն է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930