Սեպտեմբերի 1-ին «Առավոտի» իրավական էջում տպագրվեց «Էմ Ջի Էմ Փարտներս» ընկերության փաստաբան Սոսե Չանդոյանի հետ հարցազրույցը (Ի՞նչ է ապրանքային նշանը, ինչպե՞ս են գրանցում, ի՞նչ փուլեր, ժամկետներ, պետտուրքեր կան), նա խոսել էր ապրանքային նշանների գրանցման կարեւորության, կարգի, տարբերակման, ժամկետների, հայտերի ներկայացման… մասին: Փաստաբանը «Առավոտին» հայտնել էր. «Վերջին տարիներին ապրանքային նշանի գրանցումը լայն թափ է առել, հավանաբար, դա հետեւանքն է այն բանի, որ գործարարները գիտակցում են, թե որքան ռիսկային կարող է դառնալ դրա բացակայությունը: Թեեւ ապրանքային նշանի պահպանությունը իրավունք է, ոչ թե պարտավորություն, այնուամենայնիվ, խորհուրդ կտայի չխուսանավել գործընթացից, քանի որ գործարար ոլորտում լուրջ հաջողություններ գրանցելու եւ բարի համբավ ձեռք բերելու դեպքում կարող են հայտնվել անձինք, ովքեր կցանկանան նմանակել կամ կեղծել տվյալ ապրանքային նշանը»:
Հարցազրույցից հետո հետաքրքիր արձագանք ենք ստացել էլեկտրոնային փոստով: Մեր ակտիվ ընթերցողներից մեկն ուղարկել է փաստաբան Էդգար Հակոբյանի անչափ ուշագրավ ուսումնասիրությունը. «Իրավական վերլուծությունը կատարվել է «Art of Law» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրեն, փաստաբան Էդգար Հակոբյանի կողմից՝ պաշտոնական կայքում հրապարակված տվյալների վրա, եւ կից լուսանկարների քաղվածքները կատարվել են www.aipa.am կայքում հրապարակված ապրանքային նշանների հայտերի ամսական շտեմարաններում զետեղված ապրանքային նշաններից»: Ինչ պարզվեց:
Ուսումնասիրված 25 հայտարկված ապրանքային նշանները բացառապես բաղկացած էին այնպիսի նշումներից կամ ցուցումներից, որոնք թավշյա հեղափոխության ընթացքում համընդհանուր են դարձել խոսակցական պրակտիկայում, դրանց վերաբերյալ գրվել են երգեր եւ տեսանկարահանվել են տեսահոլովակներ, որոնցից ոմանք դարձել էին «Իմ քայլը» շարժման եւ հեղափոխության երգերը, դրանք անընդհատ հնչեցվում էին, մշտապես վանկարկվում էին ժողովրդի կողմից եւ ամենուրեք…: Ըստ փաստաբանի, այդ ապրանքային նշանները մերժման ենթակա են. «Դրանք բոլորն էլ նախ չունեն տարբերակիչ հատկություն։ Այդ բառերն ու բառակապակցություններն այնքան շատ են օգտագործվել թավշյա հեղափոխության ընթացքում, օգտագործվել են որպես համաժողովրդական շարժման գաղափարախոսական մտքեր, նշանաբաններ, որ դրանք հասարակությունում ձեռք են բերել լիովին այլ ընկալում»: Օրինակ, «Դուխով» բառը… 06.04.2018թ.-ին «Դուխով»- DUKHOV, բառը որպես ապրանքային նշան՝ լոգո, գրանցելու հայտ է ներկայացվել ՀՀ Մտավոր սեփականության գործակալություն… վիճակախաղերի կազմակերպման համար, մի ընկերության կողմից:
«ՆԻԿՈԼ, NIKOL», «LA NIKOL», «ՆԻԿՈԼ ԱՐՔԱ, KING NIKOL» եւ «NIKOL’S» բառերն ու բառակապակցությունները իրենց մեջ պարունակում են, վերարտադրում կամ ներառում են ՀՀ-ում եւ ամբողջ աշխարհում հայտնի դարձած ՀՀ ներկայիս վարչապետ Փաշինյանի անունը, որի հետ հայտարկված ապրանքային նշանները շփոթություն են առաջացնում»,-նշել էր իրավաբան Հակոբյանը: Ապրանքային նշանի հայտ ներկայացնողները նախատեսում էին ալկոհոլային խմիչքների համար, «Թավշյա»-ն՝ կաթնամթերքի, իսկ «Քայլ արա»-ն՝ օղակներով խաղերի, հարվածով նետելու համար…
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.09.2023