Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվար է, եթե չես գործում»

Սեպտեմբեր 07,2023 12:30

«Ես իմ ձեռքով տաք ժիլետ գործեցի՝ հագցրեցի ամուսնուս ու ճանապարհեցի ռազմաճակատ»

Ծնունդով Արցախի Մեծ Թաղեր գյուղից է Ասթինե Քալաշյանը, ում հետ զրույցս կորուստների հաղթահարման բաղադրատոմսի մասին է եւ ոչ միայն:


«Ծնունդով Արցախից եմ, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից։ Ապրել եմ Սյունիքում՝ Քաջարան քաղաքում։ Մանկությանս մեծ մասը անցել է Արցախում՝ իմ գյուղում։ Դպրոցական՝ մեր ժամանակների ավագ եւ ավարտական 3 տարիները սովորել եմ գյուղիս միջնակարգ դպրոցում։ Ավարտական պատմության քննության վերջում ուսուցիչս՝ ընկ. Բալյանը, ձեռքս սեղմելով ասաց. «Ապրես։ Դու պատմության ֆակուլտետի փայլուն ուսանողուհի կլինես»։ Օրհնանքի պես էին այդ խոսքերը։ Տարիները դժվար էին։

Ուսանող դարձա դպրոցն ավարտելուց 3 տարի անց միայն՝ մորս թաքուն աղոթքների, հարազատ քեռուս ֆինանսական, տատիս՝ Պապունց Մամայիս հոգեբանական աջակցության, եւ իմ ջանասիրության շնորհիվ։

Ավարտեցի ԵՊՀ Պատմության ֆակուլտետը։ Ընդամենը 1 տարի աշխատեցի որպես պատմության ուսուցիչ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Հետո կտրուկ փոխեցի մասնագիտությունս եւ աշխատանքի անցա արդեն որպես հաշվապահ, ապա՝ ավագ հաշվապահ։ Նոր մասնագիտության հարցում էլ ամուսինս օգնեց՝ հաշվապահություն սովորեցնելով։ Չնայած նա մասնագիտությամբ ինժեներ-ծրագրավորող է։ Աշխատել եմ «Հայնախագիծ ինստիտուտ»-ում, «MTS»-ում (Վիվասելլ), «Այբ» կրթական հիմնադրամում։ Այս ընթացքում ունեցա 3 երեխա՝ Արսեն, Աշխեն եւ Սաթենիկ»-ասում է նա ու սկսվում մեր զրույցը:

– Ասթինե, պատերազմից առաջ եւ հետո, ի՞նչ փոխվեց ձեր կյանքում, հայացքներում, առհասարակ, լինելով մարդ, ում ծննդավայրը մնաց թշնամուն, ի՞նչ զգացողություններով անցաք եւ տակավին անցնում եք…

– 2020-ի պատերազմը դա երկրորդն էր, որը տեսել եմ։ 90-ականներին չնայած որ երեխա էի, բայց գիտակցում էի սարսափն էլ, հաղթանակի կարեւորությունն էլ։ Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես էին դիրքեր մեկնելու հերթափոխի ազդանշանը հնչեցնում: Երկարաձիգ կրակահերթ էին արձակում։ Մենք էլ դուրս էինք գալիս փողոց, կամ կախվում էինք պատշգամբներից ու հետեւում ռազմաճակատ մեկնողներին։ Կրտսեր մորաքույրս՝ Արմենուհի Ալթունյանը, որ այն ժամանակ 27-28-ամյա աղջիկ էր, բուժանձնակազմի հետ ռազմի դաշտում էր։ Տասնյակ տարիներ անց նոր սկսել է պատմել իր տեսած դաժանությունների մասին։ Մինչեւ հիմա մեր հարեւան Գարեգինի ձայնը ականջիս է՝ «Շուշին երընք կալալ, Շուշին մերն աաա՛…»։ Գյուղիս դպրոցի բակում կանգնեցված է Մարշալ Խուդյակովի ինքնաթիռի մանրակերտը։ 2020-ին այլ էր ամեն բան։ Ես իմ ձեռքով տաք ժիլետ գործեցի՝ հագցրեցի ամուսնուս ու ճանապարհեցի ռազմաճակատ՝ գիտակցելով, որ ետդարձի տոմս հնարավոր է՝ չլինի։ Սարսափը եռապատկված էր, բայց ուժեղ պետք էր լինել, թիկունքը թուլանալու իրավունք չուներ։ Սկսեցի տաք գլխարկներ կարել (բալակլավա) եւ ուղարկել առաջնագիծ։ 250 գլխարկներից միայն 200-ը հասավ ճակատ։ 50-ի փաթեթը հետ եկավ այն չարորակ գիշերը։ Այո, գյուղս ժամանակավորապես անցել է թշնամուն։ Ծանր է… Միայն թե գյուղս անապատ չդառնա… Միայն թե էլ պատերազմ չլինի…

– Ինչպե՞ս հաղթահարել այն, ինչ կատարվեց, ինչպե՞ս չթուլանալ, տուր արցախցու քո բաղադրատոմսը:

– Երբ ընկնում ես, ու ցավում է, ու շուրջդ էլ ոչ ոք չկա, մտածում ես միայն ոտքի կանգնելու եւ առաջ շարժվելու մասին։ Անգիտակից ընկած եւ անշարժ մնալ, նշանակում է դու տիկնիկ ես կամ արձանիկ, մի օր մեկը կգա, կտանի ու կխաղա քո հետ իր ուզածի պես։ Գիտակից է պետք լինել, կամ գոնե աստիճանաբար գիտակցության գալ է պետք։ Իմ խորին համոզմամբ՝ այս «բաղադրատոմսը» արցախցու մենաշնորհը չէ, այլ պայքարող հայի։ Սիրել Հայրենիքը, ստեղծել, արարել, կրթել սերունդներին, օգնել պետությանը քո կարողությամբ, խելքով, սա է միակ ճանապարհը։


– Ինչպե՞ս որոշեցիք թողնել կայուն եկամուտ ապահովող աշխատանքն ու զբաղվել գյուղատնտեսությամբ, մեղվապահությամբ, ազատ ձեռներեցությամբ:

– Վաղուց էի երազում գյուղատնտեսությամբ զբաղվելու մասին, բայց ինչպես ասում են՝ կայուն եկամուտ էր պետք այն իրագործելու համար: Երկար տարիներ աշխատելուց հետո ժամանակն էր գնալ երազանքի հետեւից։ Ճակատագրի թելադրանքով ես ծանոթացա մի երիտասարդ ֆերմերի հետ։ 30 րոպե տեւած զրույցը նրա հետ շատ բան փոխեց իմ կյանքում։ Հարցերը շատ էին՝ որտեղի՞ց սկսել։ Սկսեցի կարդալ, գիտակ մարդկանց հետ խոսել, գնահատել կուտակածս միջոցները։ Խնդրում էի, որ փորձառուները ինձ դասեր տան գյուղատնտեսության մասին։ Անհնարին էր թվում ամեն բան, մինչեւ որ համացանցում մի գրառում տեսա. «Եթե մտածեք գյուղատնտեսության անհնարինության մասին, կհիշեք այս կնոջը»։ Կինը, որի մասին խոսքը գնում էր, ավստրիացի մեղվապահ էր ու բավականին հետաքրքիր զբաղմունք ուներ։ Սա տեսնելով, մտածեցի. իսկ ինչո՞ւ ոչ։ Ամեն ինչ հենց այստեղից սկսվեց։ Հանդիպեցի մի ազնիվ մեղվապահի, որն էլ եղավ իմ ուսուցիչը։ Գեղատեսիլ Արագյուղում մի փոքրիկ հողակտոր գնեցի 5 ամիս առաջ։ Հիմնեցի իմ փոքրիկ տնտեսությունը։ Ամեն դեպքում ներդրումների կարիք կա, այդ պատճառով երբեմն աշխատանք եմ փնտրում։ Երբ քաղաքի գործատուների մոտ հարցազրույցի եմ գնում, հարցերից մեկը լինում է. «Իսկ ձեր ինչի՞ն է պետք գրասենյակային աշխատանքը, եթե ունեք ձեր տնտեսությունը»։ Ասում եմ. «Գումար եմ ուզում աշխատել, որպեսզի ներդրումներ անեմ գյուղատնտեսության մեջ, իմ տնտեսությունում, որ բանկերից վարկեր չվերցնեմ»։

Իմ հանդիպած գործատուներից ոչ ոք դեռ չի ոգեւորվել իմ այդ պլանով։ Ես էլ եմ զարմանում, բայց չեմ թուլանում։ Բացի մեղվապահությունից, նաեւ փոքրիկ արտադրություն եմ հիմնել։ Արտադրում եմ բացառիկ պրոդուկտ՝ հալվա՝ օրգանական ծնեբեկի ալյուրի խառնուրդով։ Սա իմ կողմից մտածվել է, որպես ծրագիր: Բարձրարժեք գյուղմթերքները՝ մաքուր մեղրը, ծնեբեկի ալյուրը պետք է հասցնել հանրությանը նոր պրոդուկտի տեսքով, որպեսզի շղթան շարունակվի գործել։ Սկսեցի փորձեր անել։ Միայն հալվայի մեջ գտա այն իդեալականը, որ փնտրում էի։ Շատերը սիրում են ավանդական հալվայի շաքարի խրթխրթոցը, այդ տարբերակն էլ եմ արտադրում։ Ասեմ, որ հրաշալի է ծնեբեկի ալյուրով համեմված ամեն ուտեստ։


– Ասում են ամեն նոր լավ մոռացված հինն է, ձեր արտադրած հայկական անուշեղենի՝ հալվայի պարագայում գուցե այս արտահայտությունը տեղին լիներ, եթե չլիներ մի հանգամանք: Դուք այն ստեղծել եք ձեր սեփական բաղադրատոմսով, օգտագործելով զուտ այն բնամթերքները, որոնք եւ օգտակար են մարդու օրգանիզմի համար, եւ դիետիկ են ու չեն գիրացնում։ Հալվա ծնեբեկի ալյուրից, ի դեպ՝ այն հազվագյուտ արտադրանք կարելի է համարել Հայաստանում։ Ինչպիսի՞ն էին առաջին արձագանքները:

– Այո, իմ արտադրանքը հնի հիմքի վրա է ստեղծվել, շուկայում առաջինն է։ Պատրաստման իմ տեխնոլոգիան ավանդականից խիստ տարբերվում է։ Որեւէ բնամթերք չի կորցնում իր օգտակար հատկությունը, չի օգտագործվում ոչ մի բուրավետ համեմունք։ Օրինակ՝ մեղրը ջերմային մշակում չի անցնում, ալյուրը չի տապակվում այրվող յուղի մեջ եւ այլն։ Բոլոր բաղադրիչների համերը ընդգծված են հենց ճիշտ տեխնիկայի շնորհիվ։ Այս արտադրանքը ունի բնական յուրահատուկ համ ու բույր, չի վնասում առողջությանը։ Հալվան արտադրելուց առաջ, մի քանի տարբեր ճաշակի մարդկանց մոտ տարա՝ համտեսի։ Բոլորի արձագանքները դրական էին։ Ամենաշատը անհանգստանում էի, երբ համտեսի տարա «կանաչ ոսկի»-ն՝ ծնեբեկի ալյուրը արտադրողի մոտ։ Շատ ոգեւորվեցի, նրա արձագանքից. «Ընտիր ա, վերջն ա…»: Ահա այսպես սկսեցի։ Առաջին գնորդները իմ նրբանկատ ընկերներն էին։ Հենց առաջին օրը ստացա 20 տուփ հալվայի պատվեր։ Արդեն ոգեւորիչ էր…


– «Կանաչ ոսկի» հալվաների հետ քո հաճախորդները միշտ անակնկալ նվերներ են ստանում, հետաքրքրություն դեպի ծնեբեկի ալյուրը նկատո՞ւմ եք, այն կիրառող եւ տարածող դեռեւս միակ արտադրանք ստեղծողը դուք եք, ի՞նչ կիսաֆաբրիկատներ կարելի է ստանալ օգտակար հատկություններով հարուստ այդ ալյուրից։

– «Կանաչ ոսկի»-ն առաջինը կիրառել է #954 համ ընկերությունը իր ժենգյալով հաց պրոդուկտի մեջ։ Ես երկրորդն եմ։ Շատ եմ ստանում նամակներ ալյուրի հետ կապված։ Հետաքրքրություն կա, միայն թե նորը միշտ չի որ համարձակվում ես ընդունել։ Կարծում եմ՝ հետաքրքրասեր մարդիկ կսկսեն կիրառել այս «ոսկին»։ Այն որպես համեմունք կարելի է օգտագործել մսային ուտեստների մեջ, փափուկ խմորեղենի, կանաչ ապուրների մեջ։ Բոլոր պատվերների հետ նաեւ նվեր եմ ուղարկում իմ պատրաստած մաքուր չրերը։ Արագյուղից միրգը գյուղացիներից եմ գնում։ Այսուհետեւ նաեւ «կանաչ ոսկի» էլ եմ ուղարկելու չրերի հետ, որ բոլորը օգտագործեն, նաեւ տեսնեն, թե անհնարն ինչպես է հնարավոր դառնում. ծնեբեկից ստանալ ալյուր։ Գնորդներից մեկը մի անգամ ասաց. «Հալվա պատվիրեցի, ձմռան պաշարս էլ հետը եկավ»։ Սիրում եմ անկեղծ արձագանքներ ստանալ, կապ չունի ինչպիսին է։

– Կտրուկ անցումը քաղաքային, օֆիսային աշխատանքից դեպի դաշտայինի՝ սթրեսային չէ՞:

– Հայաստանում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար կան պայմաններ։ Երեխաներս երբ ջուր են ուզում գնել խանութից, միշտ ասում եմ՝ «ջրի երկրում չի կարելի ջուր գնել»։ Ջրի երկիր ենք։ Աշխարհի այն քիչ երկրներից, որ ունենք ջուր։ Ես ավել բան այստեղ ասել չեմ կարող, խնդիրները ինձ տեսանելի չեն դեռ, բարդություններին դեռ չեմ հասել։ Բայց չեմ վախենում։ Մեղվապահության ոլորտը մի ուրիշ երկրագունդ է։ Անվերջ հանրագիտարան։ Պատկերացրեք, շքեղ օֆիսային կյանքը ավելի սթրեսային է։ Մի հարեւանուհի ունեմ, ասում է. «Ո՞նց ես թողել օֆիսի գործդ, գնացել, մտել էս դժվարությունների մեջ, տանջվում ես։ Քո սուրճը խմեիր, փողդ ստանայիր, էսպես են պատկերացնում շատերը օֆիսային կյանքը։ Ասում եմ՝ «Սուրճ խմելը ավելի մեծ տանջանք ա»։

– Նոր հորիզոններ տեսնո՞ւմ եք զարգացնելու եւ իրացնելու համար այն ամենը, ինչ ստեղծվում է մեծ ջանքերի շնորհիվ, ինչը այսօր շատ կարեւոր է մարդու օրգանիզմի եւ առողջության համար, այսինքն՝ ճիշտ սնունդ, գենետիկ մոդիֆիկացումից զերծ, օրգանական, եւ ի՞նչ մարկետինգային հնարքներ են պետք, որպեսզի այդ սնունդը լինի նաեւ մատչելի եւ հասանելի հասարակությանը:

– Այսօր հասարակության մի մեծ հատված նախապատվությունը տալիս է առողջ սննդին։ Այն արտադրելը իսկապես բարդ, հաճելի ու պատասխանատու գործ է։ Մարդը սիրում է, ու հեռվից ճանաչում է բարեխիղճ արտադրողին։ Շքեղ ձեւավորումը, ճոխ նկարագրությունը երկրորդ պլանում են, եթե չկա պարզ, անկեղծ հաղորդակցություն։ Հասարակությունն է որոշում՝ ընդլայնվելո՞ւ է տվյալ արտադրությունը, թե՞ ոչ։ Նրան հարգանքով ու հոգատարությամբ է պետք ներկայանալ։

– Ունե՞ս նոր տեսլականներ եւ եթե գաղտնիք չէ՝ ապագա երազանքների մասին եւս պատմիր:

– Որպես մարդ, կարող եմ ասել, որ անցել եմ կյանքի խորդուբորդ ճանապարհներով։ Ոչինչ հեշտ չի տրվում կյանքում։ Պայքարել, միշտ։ Երեխաներիս միշտ ասում եմ. «Դժվար է, եթե չես գործում»։ Երբ գործում ես, պարզվում է՝ հնարավոր է։ Ամենադժվարն այն է, որ պետք է ամեն ինչ անես այնպես, որ ընտանիքիդ անդամները չզգան, որ ինչ-որ բան չես հասցնում անել տանը, իրենց համար, որովհետեւ զբաղված ես։ Փորձում եմ զգացնել չտալ։ Բնությունը, ինչպես գիտենք, կատարյալ է։ Տարվա 4 եղանակներն էլ ունեն իրենց հմայիչ կողմերը։ Հարկավոր է գտնել դրանք եւ օգտվել հնարավորություններից։ Նպատակ ունեմ ձմռանը մի հետաքրքիր նախագիծ իրականացնել հենց իմ հողակտորում։ Հուսով եմ՝ կհաջողվի։ Գարնան համար նույնպես ունեմ մշակած նախագիծ։ Բայց մեր օրերում կարելի է երազել միայն խաղաղության մասին։

– Հավատո՞ւմ ես Աստծուն…

– Երբ ասում ենք, որ բնությունը կատարյալ է, ի նկատի ունենք հենց Աստծուն։ Առանց հավատքի հնարավոր չէ գեղեցիկը նկատել, բարին զգալ։ Եթե գոնե մեկ անգամ բնության հետ՝ ծառի, ծաղկի, հողի հետ «մենախոսություն» ես ունեցել, նշանակում է՝ զգացել ես բնության, Աստծո անվերջանալի ուժը։

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ- ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
06.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930