Սկիզբը՝ այստեղ:
ՀՀ իշխանությունները Արցախում առկա խնդիրները լուծելու գոնե մոտավոր առաջարկներ, նախաձեռնություններ մշակո՞ւմ են
Հայ-ռուսական հարաբերություններում հրապարակային մեղադրանքների փուլ է: Հայաստանի իշխանությունները շարունակում են դժգոհություններ հայտնել Ռուսաստանի վարած քաղաքականության առանձին դրվագների վերաբերյալ:
Հայաստանյան ընդդիմությունն էլ, իր հերթին, «կրակի վրա յուղ է լցնում»` Ռուսաստանին պաշտպանելով եւ Արեւմուտքին քննադատելով, ըստ երեւույթին, հույս ունենալով, որ այդ կերպ, վերջապես կարժանանա Ռուսաստանի ղեկավարության ուշադրությանն ու վստահությանը, իսկ եթե իրադարձություններն ավելի «բարեհաջող» հունով ընթանան` Հայաստանում իշխանափոխություն կիրականացվի եւ իրենք կստանձնեն Հայաստանում Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ ավելի խորացնող իշխանության դերը:
Կարդացեք նաև
Դատելով մեր ընդդիմադիրների ելույթներից, նրանք համարում են, որ իշխանության գալով, կարող են Ռուսաստանի իշխանություններին «հասկացնել», թե որն է Մոսկվայի իրական շահը, եւ օրինակ` պարզվի, ՀՀ իշխանությունների դրդմամբ Պուտինը պատրաստ է չեղարկել Թուրքիայի հետ մի քանի տնտեսական հզոր գործարքները եւ աշխարհաքաղաքական այլ հարցերում համագործակցությունից հրաժարվելու է` ի շահ Արցախի եւ Հայաստանի:
Զգալով հայաստանյան ընդդիմության որոշակի ոգեւորությունը կապված հայ-ռուսական հարաբերություններում հերթական խորացող անվստահությունից, Փաշինյանը որոշ հրապարակային գնահատականներով փորձեց հանրությանը ցույց տալ, որ Արցախի հարցում նա որոշակի անզիջում կեցվածք է որդեգրել:
Սեպտեմբերի 2-ին Փաշինյանը ուղերձ հղեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով, որում շեշտեց. «Հիմնազուրկ են Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված չեն ԼՂ հայության անվտանգության եւ իրավունքների պաշտպանության խնդիրները: Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ միջազգային հանրությունը հստակ արձանագրում են. հակամարտության համապարփակ ու երկարատեւ կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացի, այդ թվում՝ միջազգային մեխանիզմի ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»։
Նույն օրը հրապարակվեց Փաշինյանի ծավալուն հարցազրույցը իտալական La Repubblica թերթին, որում նա Արցախի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատասխանատու մատնանշեց հենց Ռուսաստանին: «Ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարությամբ իրենց ստանձնած առաքելությունը: Եվ սա լուրջ մտահոգության առիթ է: Եվ, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության հիմնական նպատակներից մեկը հենց քաղաքացիական հասարակության, քաղաքացիական բնակչության անվտանգությունն է: Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում, եւ դա իսկապես մտահոգիչ փաստ է»:
Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» պահանջելու վերաբերյալ լրագրողի դիտարկմանը, Փաշինյանն ընդգծեց. «…նրանք իրավունք չունեն միջանցք ակնկալել, որովհետեւ եթե խոսքը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է, այնտեղ «միջանցք», «corridor» բառն օգտագործված է մի դեպքի համար, եւ դա Լաչինի միջանցքի մասին է, որը ոչ թե ճանապարհ է… երկու խնդիր կա, հենց որին ես անդրադարձա խաղաղության ճարտարապետության մասին մեր պատկերացումը ներկայացնելիս: Առաջինը՝ մեր ձեռք բերված պայմանավորվածությունը, սա շատ կարեւոր բառ է՝ պայմանավորվածությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 29 800 ք. կմ եւ 86 600 ք. կմ եւ սրան զուգահեռ կամ որպես առանձին գոյություն ունեցող կետ՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հասցեագրման հարց: Այսինքն՝ երաշխիքները սրա մասին պետք է լինեն»:
Լրագրողի հարցին` «կարելի՞ է ասել, որ այն, ինչ հիմա Դուք անում եք, որ փորձում եք հասնել խաղաղության, նաեւ միջոց է դառնալու ավելի անկախ Մոսկվայից»: Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը 99,999 տոկոսով կապված է եղել Ռուսաստանի հետ, այդ թվում՝ զենքի, ռազմամթերքի ձեռքբերման տրամաբանության մեջ: Բայց այսօր, երբ Ռուսաստանը զենք, զինամթերքի եւ ռազմամթերքի կարիք ունի, այս իրավիճակում հասկանալի է, որ եթե ուզենա էլ Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ապահովել Հայաստանի անվտանգության կարիքները: Այսինքն՝ այս օրինակը մեզ պետք է ցույց տա, որ անվտանգային ոլորտում կախվածություն կամ կապվածություն ունենալ միայն մի տեղից, դա ինքնին ռազմավարական սխալ է: Եվ մենք պոստ ֆակտում այդ սխալի դառը պտուղները ճաշակելուց հետո է միայն, որ ինչ-որ շատ աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը, այդ թվում՝ այլ հայացքով նայելով մեր տարածաշրջանին, որովհետեւ այլ բան է, երբ մենք մեր տարածաշրջանում ապրում ենք հետեւյալ տրամաբանությամբ, որ մենք մեր հարեւանների հետ անընդհատ կոնֆրոնտացիոն տրամաբանության մեջ ենք, բայց ոչինչ, ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կապահովի: Երբ գալիս է գործնականում ինչ-որ մեկի կողմից մեր անվտանգությունն ապահովելու պահը, պարզվում է, որ ինչ-որ մեկը մեր անվտանգությունը կամ չի ուզում կամ չի կարողանում ապահովել: Եվ սրանք իրավիճակներ են, որոնց հետ մենք պետք է առերեսվենք»:
Փաշինյանի հարցազրույցից մեկ օր առաջ էլ, նկատենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Ռուսաստանը փորձում է սեփական անգործությունը եւ գործողություններ իրականացնելու անկարողությունը բարդել հայկական կողմի վրա: «Ռուսաստանի նախագահն է ասել, որ ԼՂ-ն եղել է եւ կա ու կլինի Ադրբեջանի անբաժանելի մաս։ Կա նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի տակ ստորագրված է, որ Լաչինի միջանցքը Ռուսաստանի տիրապետության տակ է։ Հիմա հարց՝ որտե՞ղ է Լաչինի միջանցքը», – նշեց նա։ Ըստ Ալեն Սիմոնյանի` Ռուսաստանը փորձում է հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից՝ ապա պետք է ուղիղ հայտարարի դրա մասին։
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայաստանյան ընդդիմությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթի չգործելու մեջ արդեն մեղադրում է Փաշինյանին, ինչը, համաձայնեք` աբսուրդ է: Այդ փաստաթղթերի գրեթե բոլոր պահանջները չեն կատարվում ստորագրման առաջին իսկ օրվանից Ադրբեջանի, ինչպես նաեւ` Ռուսաստանի կողմից: Փաշինյանի իշխանությունը Արցախում իրավիճակի պատասխանատու է համարում Ռուսաստանին, թեեւ վերջին օրերին Արցախի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները թեժացրել են: Բայց ակնհայտ է նաեւ, որ ՀՀ իշխանությունն ընդհանրապես մոռացության է մատնել Արցախի կարգավիճակի թեման, եւ համաձայնեք, բանավոր կերպով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարություններով` այս իշխանությունը իրեն դրեց իր իսկ լարած թակարդի մեջ:
Ինչպե՞ս է ՀՀ իշխանությունը պատկերացնում Ռուսաստանի կողմից Արցախի հանդեպ պարտավորությունների կատարումը: Այս հարցի պատասխանը իշխանություններից ոչ ոք չունի: Ստեփանակերտ-Բաքու երկխոսությա՞մբ է դա իրագործվելու: Հայաստանը որեւէ պարտավորություն չունի՞ Արցախի հանդեպ բացի բանավոր հայտարարությունները, կոչերը, միջազգային հարթակներից Արցախի ճգնաժամային իրավիճակի մասին ելույթներ հնչեցնելը:
La Repubblica թերթի լրագրողը հարցնում է` ո՞րն է Ռուսաստանի՝ Լաչինի միջանցքի վերահսկողությունն Ադրբեջանին թողնելու քաղաքական դրդապատճառը։ «Երբ խոսում էիք Ձեր ռուս գործընկերների հետ, տեսնում էիք, որ ռուս խաղաղապահները չէին իրականացնում իրենց պարտականությունները, ի՞նչ էին նրանք Ձեզ ասում։ Չե՞ք հարցրել նրանց, թե ինչու են նրանք հնարավորություն տալիս Ադրբեջանին դե-ֆակտո վերահսկել այս տարածքը, ի՞նչ է տեղի ունենում, ինչո՞ւ չեք միջամտում», հարցնում է լրագրողը: Փաշինյանը պատասխանում է. «Անկախ այդ խոսակցությունից, իհարկե, մենք մեր վարկածներն ունենք: Եվ երբ խոսում ենք այդ վարկածների մասին, նաեւ Ռուսաստանում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ մեզ մղում են պատմական զուգահեռների: Օրինակ, մեր տարածաշրջանը տեսել է այդպիսի իրավիճակ: Ըստ էության, արդեն բավական երկար Ռուսաստանի Դաշնությունը մեր տարածաշրջանում է՝ Հարավային Կովկասում: Բայց մենք տեսել ենք իրավիճակներ, երբ մի օրում, մի ամսում կամ մի տարում ուղղակի Ռուսաստանի Դաշնությունը թողել եւ հեռացել է Հարավային Կովկասից: Օրինակ՝ հիմա շատ են Ռուսաստանի մեր գործընկերները խոսում այն մասին, որ արեւմտյան երկրները Հայաստանի հետ աշխատում են կամ Հայաստանի կառավարությանը դրդում են, որպեսզի Հայաստանի կառավարությունը միջոցներ ձեռնարկի, որոնց նպատակն է՝ Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից: Բայց մենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ խոսելիս երբեմն ասում ենք, բարձրաձայնում ենք մեր կարծիքը եւ մեր գնահատականը, որ ընդհակառակը, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հենց իր կողմից ձեռնարկվող կամ չձեռնարկվող քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից: Ի՞նչ պատճառներով, մենք դա չգիտենք: Մենք կարող ենք մեկնաբանություններ անել, բայց ես չեմ կարող պնդումներ անել: Ես կարող եմ վարկածներ առաջադրել, բայց հիմա չեմ անի դա: Բայց հասկանալի է, որ Ձեր նշած հարցը մեզ շատ է հուզում եւ հետաքրքրում, եւ դա նորություն չէ: Բայց կան պրոցեսներ, որոնք, իհարկե, հանգեցնում են այդպիսի մտքի, որ կարող է նույն սցենարը կրկնվել, որ մի օր ուղղակի արթնանանք եւ տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ: Նաեւ պիտի համաձայնվեմ Ձեր այն ձեւակերպման հետ, որ Լաչինի միջանցքը, որ պետք է լիներ Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ, Ռուսաստանի խաղաղապահների հսկողության տակ չէ: Ինչո՞ւ: Կարող է երկու պատճառ լինել՝ կամ Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանում պահել հսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ, կամ չի ուզում: Երկուսն էլ մեր տեսակետից խնդրահարույց է»:
ՀՀ իշխանության մեղադրանքներին Ռուսաստանը պատասխանեց: Նախ ՏԱՍՍ-ին դիվանագիտական աղբյուրը հայտնեց, որ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին, որոնք նա հնչեցրել է իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում, անընդունելի են: «Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, ներառյալ՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեւակերպումներն ու օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը, որոնք գնահատվում են անընդունելի՝ իրենց տոնով ու բովանդակությամբ եւ որոնք միտված են սեփական սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վա բարդելուն»,- ասել է ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը։ Փորձ է արվում Ռուսաստանին արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից՝ Երեւանն օգտագործելով որպես այդ նպատակի իրականացման միջոց, հավելել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Ռուսաստանի Դաշնությունն անվտանգության եւ տնտեսության ոլորտներում Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է ոչ թե որպես «կախվածություն», այլ որպես իրավահավասար եւ արդյունավետ գործընկերություն։ Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ եւ հարեւան, մտադիր չէ լքել հարավկովկասյան տարածաշրջանը»,- ընդգծել է դիվանագիտական աղբյուրը։
Մեկ օր անց արդեն Կրեմլից հնչեց գնահատական: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ համաձայնել չի կարելի:
«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, բարձր ենք գնահատում նրա եւ նախագահ Պուտինի աշխատանքային եւ շատ կառուցողական հարաբերությունները եւ հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել երկու երկրների սերտ համագործակցության երաշխիք։ Բայց մենք չենք կարող համաձայնել պարոն վարչապետի այս թեզերի հետ։ Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակապես անբաժանելի մասն է, ուստի ոչ մի տեղ չի կարող գնալ։ Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը», – լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը ՌԴ հայրենասեր քաղաքացիներ են եւ արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։
Կա խնդիր. ութ ամսից ավելի է Արցախը շրջափակման մեջ է: Գրեթե երկու ամիս Արցախ որեւէ գրամ սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանք չի մտնում. Հայաստանից ուղարկված մարդասիրական բեռը մնացել է Հակարիի կամրջի մոտ՝ անորոշ ճակատագրով։
Ակնհայտորեն Արցախում արդեն առկա է անվստահություն. ռուս խաղաղապահների հետ ժողովրդի հարաբերությունները որոշակիորեն լարվել են: Վերջին առիթը`Լաչինի անցակետից ռուս խաղաղապահների ներկայությամբ երեք ուսանողներին առեւանգելու Բաքվի քայլն էր: Մյուս կողմից, արցախցիները հսկողություն են իրականացնում Ասկերանի ճանապարհին՝ թույլ չտալով ադրբեջանական ալյուրի տեղափոխումը Ստեփանակերտ։ Ռուսական կողմը «այլընտրանքային ճանապարհի» բացմանը հրապարակային կողմ է արտահայտվել, եւ հիմա բացառապես արցախցիների կամքի շնորհիվ է, որ այդ ճանապարհը չի բացվում` արցախցիների կամքին հակառակ:
Այս խնդիրների խորությունն, ընդհանրապես, պատկերացնո՞ւմ են Հայաստանի իշխանությունները: Այս խնդիրները լուծելու ուղղությամբ գոնե մոտավոր առաջարկներ, նախաձեռնություններ մշակվո՞ւմ են:
Եվ առհասարակ, Մոսկվային իր շահը ճիշտ «բացատրե՞լն» է հայաստանյան քաղաքական դաշտի միակ խնդիրը, կամ`այդ «բացատրողին» գտնե՞լը…
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 06.09.2023