ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ են տեղի ունեցել Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Լսումներին մասնակցել են Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներ, համանախագահներ Քրիս Սմիթը, Ջիմ ՄԱքԳովերնը, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, Կոլումբիայի համալսարանի ընդդեմ Արցախի վայրագությունների նախագծի ղեկավար Դեյվիդ Ֆիլիփսը և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
Իր ելույթում Օկամպոն անդրադարձել է ավելի վաղ հրապարակած իր զեկույցին՝ վերահաստատելով, որ այն ինչ կատարվում է Արցախում, ցեղասպանություն է: Նա նշել է, որ ցեղասպանություն ասելով՝ շատ հաճախ մարդիկ հասկանում են իրավիճակ, երբ բազմաթիվ մարդիկ են մահանում, մինչդեռ ցեղասպանությունը բազմաթիվ ձևեր ունի: Օրինակ այդ ձևերից մեկում հնարավոր է լինի զրո զոհ, պարզապես ստեղծվեն պայմաններ մարդկանց ոչնչացման համար, հետևաբար հանցագործությունը պայմաններ ստեղծելն է: Արդյո՞ք Ադրբեջանը դիտավորյալ պայմաններ է ստեղծում դրա համար: Օկամպոն բացատրել է, որ բազմաթիվ անգամ միջազգային հանրությունը շեշտել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը ռիսկեր է առաջացնում Արցախի բնակիչների համար և կոչ է արել նախագահ Իլհամ Ալիևին բացել միջանցքը: Ալիևը դա չի արել, ինչով էլ բացատրվում է, որ նա դիտավորյալ կերպով պայմաններ է ստեղծում մարդկանց բնաջնջման համար:
Օկամպոն նշել է, որ ցեղասպանության մեկ այլ ձև է հոգեկան կամ մարմնական վնասվածք պատճառելը, որը կարող է վրա հասնել Արցախում: Հետևաբար, ըստ նրա ցեղասպանության մի ձևն արդեն իրականացվել է, իսկ մյուսի իրականացման հավանականություն կա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ