Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՀԿ առաջնորդ Սուրեն Պետրոսյան․ «Իշխող ուժի հետ համագործակցելը նույնիսկ տեսականորեն բացառվում է»

Սեպտեմբեր 06,2023 23:30

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանն այսօր Նոր Նորք վարչական շրջանում էր։ Երկու տարի առաջ ստեղծված այս ուժն ի սկզբանե իր առջեւ դրված իշխանափոխության ծրագիրը դիտարկում է որպես միջոց եւ ոչ թե որպես նպատակ։ Իշխանափոխությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է։ Իսկ այն խորքային փոփոխությանը, որն առանց իշխանափոխության տեղի ունենալ չի կարող, անհրաժեշտ այլ գործոններ են հարկավոր։

Նորքեցիների հետ շփման ընթացքում  Սուրեն Պետրոսյանը նաեւ պատասխանեց Aravot.am-ի հարցերին։

-Երեւանի ավագանու եւ վերջնարդյունքում քաղաքապետի ընտրությունները ավելի շատ քաղաքակա՞ն եք համարում, թե՞ սոցիալական ու տնտեսական։

-Մենք միակ ուժն ենք, որը բացարձակ քաղաքական տրամաբանությամբ է մասնակցում ավագանու ընտրություններին։ Սա իրականում քաղաքական ընտրություն է, որովհետեւ մենք գործ ունենք հասարակության 50-60 տոկոսի հետ եւ մենք իրենց օրակարգ ենք տրամադրում։ Մենք մեր խոսույթով բնակչության մեջ ձեւավորում ենք առաջնահերթություն, իրականության նկատմամբ պատկերացումներ, ընկալումներ։ Մենք պետք է բարձրագույն պատասխանատվություն կրենք մեր խոսքի նկատմամբ։

Ի՞նչ ենք ասում մենք․ գնում ենք այն օրակարգով, որ իշխանությո՞ւնն է ձեւավորել, իբրեւ  մեր մոտ ամեն ինչ նորմա՞լ է, մեր խնդիրները միայն ժամանցային միջոցառումների կազմակերպո՞ւմն է եւ այլ բան մտածելու խնդիր  չունե՞նք, հասարակությանը պատրաստում ենք միայն այդ իրականությա՞նը։ Թե՞ մենք հասարակությանը պետք է տանք իրականում այն պատկերը, որը մեզ շրջապատում է։ Եվ ի վերջո, հասարակությանը պատրաստենք այն փոփոխություններին, որոնք անհրաժեշտ են։ Այդ փոփոխությունները պետք է առաջին հերթին հասարակությունը ցանկանա։ Փոփոխությունների կրողը պետք է հասարակությունը լինի, եթե իրականում մենք անկեղծ ենք եւ ուզում ենք այդ փոփոխությունների աջակցությունը ներսից ստանալ, եւ ոչ թե ավանդականի նման մեզ դրսից պատվիրակեն։

-Այս ընտրություններում ձեր շանսերը գնահատե՞լ եք։

-Չեմ կարող ասել, չեմ ուզում ճոխացնել, ուռճացված թվեր ներկայացնել։ Արձագանքները ոչ միայն անձնական շփումներից, այլեւ սոցիալական ցանցերից, բավականին լավն են։ Սա իրականում բառիս բուն իմաստով միակ օրակարգն է, որտեղ անգամ որեւէ ձայն տեսականորեն փոշիանալ չի կարող, որովհետեւ ամեն ձայն իրականում անգին է։ Որովհետեւ ամեն մարդ որը կատարել է խիստ գիտակցված ընտրություն, ինքն արդեն պայքարի այդ օրակարգի կրողն է։ Ու այդ մարդիկ անգին են, լինեն հարյուրը հազարը, թե հարյուր հազարը։

-Վերջին կարճ հարցը, որին կարճ պատասխան եմ ակնկալում։ Եթե ավագանիում դուք եւ իշխող ուժը ֆրակցիա ունենաք, նրանց հետ կհամագործակցե՞ք, կոալիցիա կկազմե՞ք։

-Դա նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ։ Եվ խնդիրը ոչ թե քաղաքական ամբիցիաներն են, այլ դա արժեքային խնդիր է։ Դա չի եղել նախկինում, չկա հիմա եւ ապագայում էլ երբեք չի կարող լինել, որովհետեւ սա ինքնության եւ արժեքների խնդիր է, որը անհամատեղելի է այս պարագայում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930