Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը քանաքեռցիներին հորդորեց գնալ ընտրության եւ անպայման մասնակցել, որովհետեւ յուրաքանչյուր քվե վստահելի ձեռքերում է «Ապրելու երկրի» հետ. «Անցնցում, սահուն ազատեք Երեւանը այս իշխանություններից: Եղեք բարեխիղճ երեւանցի, որովհետեւ մեր մայրաքաղաքը ձեր կարիքն ունի, ձեր մասնակցության կարիքն ունի, առանց ձեր մասնակցության, այդ խնդիրները չեն լուծվի: Գիտենք, որ հիասթափված եք իշխանություններից, գնացեք ընտրության, որ փոքրամասնությունը չհաղթի ընտրություններին, որ այս պարտությունները մեզ չհաղթեն, հիասթափությունը չհաղթի»:
Կարդացեք նաև
Ներբակային տարածքներից մեկում Մանե Թանդիլյանը մոտեցավ զրուցարանում նստած բնակիչներին, նարդու վրա դրեց քարոզչական բուկլետն ու լսեց խնդիրները:
Բնակիչներից մեկն ասաց. «Մեր գլխավոր փողոցում ուղեփակոց են դրել՝ շլագբաում, շտապօգնությունը գալիս է՝ փակ է, հետ է դառնում, մինչեւ ֆռում, գալիս է բակը՝ հիվանդը մեռնում է»: Մանե Թանդիլյանն արձագանքեց՝ գիտե՞ք, որ ուղեփակոցը դնում են շենքի բնակիչների համաձայնությամբ. «Մենք պետք է ստուգենք՝ մարդիկ այդ համաձայնությունը տվե՞լ են նախեւառաջ, թե՞ չէ»: Բնակիչը պատմեց, որ 74 թվականից այստեղ ապրում են, 140 ընտանիք են ու իրենց համաձայնությունը չեն տվել:
Կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Եթե դա ապօրինի տեղադրված է, չի կարող մի հոգու տեղադրածը ամբողջ շենքի բնակիչներին խանգարի: Բնակիչներն ասացին, որ դրա հետեւում մի քանի «լավ տղաներ» են: Մանե Թանդիլյանը հակադարձեց. «Չէ, այստեղ լավ տղայի հարց չկա, դա վերացնելու է, եթե ապօրինի է»:
Քանաքեռցիներից մեկն էլ հարցրեց, թե թափառող շների հարցը ո՞նց են լուծելու: Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Մենք բոլոր թափառող շներին փողոցներից հավաքելու ենք: Հիմա ստերջացնում են ու թողում են, բայց մենք հավաքելու ենք, տանենք կացարաններ ու իրենք փողոցներում պիտի չհայտնվեն: Երկու տարվա մեջ այդ հարցը կլուծվի ու դուք կտեսնեք: Հիմա դանդաղ են անում, իրենք բազմանում են, դրա համար պետք է արագ արվի: Կա նաեւ կլինիկա իրենց համար նախատեսված, տանելու ենք կացարաններ, հենց կենդանասերների հետ ենք այդ հարցի լուծումը քննարկել: Կլինեն որդեգրողներ, կտանեն գյուղեր, կուզեն՝ կտանեն»: Բնակիչներն ասացին, որ հիմա երեխայի ձեռքին մի կտոր հաց, վազում է դպրոց, շունը հոտն առնում է ու հարձակվում երեխայի վրա, երեխան լեղաճաք է լինում: Թանդիլյանը վստահեցրեց, որ փողոցում թափառող շուն այլեւս չեն տեսնելու ու այդ բոլոր խնդիրների լուծումը ծրագրում կա:
Քանաքեռցիներից մեկն էլ ասաց. «Երեւանի անվտանգությունը կախված է մեր ամբողջ սահմանների անվտանգությունից, ո՞նց եք տեսնում անվտանգության ապահովումը, ո՞նց եք պաշտպանելու մեր երկիրը, ոնց եք շարժվելու առաջ, մենք դա ծրագրերում չենք տեսնում»: Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Դա չեք տեսնում, որովհետեւ կենտրոնական իշխանության գործառույթ է, բայց մենք նաեւ մեր համայնքը, քաղաքը պիտի պաշտպանենք արտաքին թշնամուց: Դրա ճանապարհը նաեւ ապաստարաններն են: Մենք բոլոր շենքերի տակ նկուղները պիտի մաքրենք, ապաստարաններ ենք ներդնելու, որ համոզված լինենք՝ վատագույն դեպքում բնակիչները պաշտպանվելու տեղ ունեն: Բայց այն, որ դա անվտանգային համակարգի, բանակի գործառույթ է, մենք նաեւ նպաստելու ենք, որ սահմանները պատշաճ կահավորված լինեն, որ պաշտպանված լինեն մեր համայնքները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ