Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում:
Լրագրողների հետ ճեպազրույցում կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը նշեց, որ բազմաբնակարան շենքերի սեյսմակայունության հետ կապված առաջարկ ունեն բնակիչներին, լուծումներ ունեն շենքերի շուրջօրյա մաքրության պահպանման ու բակերի գիշերային լուսավորության համար, ծրագրեր են մշակել բակը բնակչին վերադարձնելու համար:
Հարցին՝ մայթերի լայնացման հարցով ծրագիր ունեք, ինչպե՞ս եք դա պատկերացնում, փողոցի հաշվի՞ն պետք է մայթը լայնանա՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Հենց այստեղ էլ դուք նկատում եք, որ մարդկանց համար տեղ չկա շարժվելու: Մենք, որտեղ հնարավոր է, նախատեսում ենք 1,8 մետր լայնացնել մայթերը, որ մարդիկ ազատ տեղաշարժվեն: Ուղղակի չենք կարող գլուխներս բարձր հանգիստ մեր քաղաքում քայլել, անընդհատ ոտնատակ ենք նայում: Դա նաեւ ձեւավորում է մարդու հայացքը, արժեհամակարգը, հեռուն նայելու կարողությունը: Սա մենք շատ ենք կարեւորում: Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար անհնար է շարժվել այս փողոցներով: Հետեւաբար, սալապատիկ մայթերով մենք պիտի ընդարձակենք բակերը, որ երեխաները, մանկահասակ երեխաներ ունեցող ծնողները կարողանան անխոչընդոտ տեղաշարժվել Երեւանում, նաեւ այս վարչական շրջանում»:
Կարդացեք նաև
Մանե Թանդիլյանն ասաց, որ իրենք իշխանության գալով՝ Երեւանը դարձնելու են քաղաք՝ մարդկանց համար, մարդու հարմարավետության համար:
Հարցին՝ մայթերը փողոցի հաշվին լայնացնելը խնդիր չի՞ առաջացնի երթեւեկության համար, որն առանց այդ էլ խնդիրներ ունի՝ Թանդիլյանը պատասխանեց. «Դրա լուծումը ճոպանուղային համակարգն է, որն առաջարկում ենք ներդնել: Ե՞րբ է խցանում լինում, երբ որ շատ տրանսպորտային միջոց կա, այդ թվում՝ երբ անձնական օգտագործման մեքենաներ են հայտնվում փողոցում: Երբ տեղաշարժվելու այլ հնարավորություն կա, թեթեւանում է երթեւեկությունը: Իսկ տեղաշարժման համար մենք առաջարկում ենք ճոպանուղին՝ նաեւ Քանաքեռ-Զեյթունի համար, որ ուղիղ հասնեն փոքր կենտրոն եւ այլ վարչական շրջաններ: Ճոպանուղու առավելություններից մեկն այն է, որ այն ներդնելու ժամանակ դու որեւէ այլ տրանսպորտային միջոցի խոչընդոտ չես առաջացնում, երթեւեկությունը չես սահմանափակում: Դա իրականացնում ես եւ զուգահեռ փողոցները դատարկվում են անձնական ավտոմեքենաներից: Ձեր մատնանշած ծանրաբեռնվածությունը ավելի շատ փոքր կենտրոնում է, իսկ մենք առաջարկում ենք «Մեծ օղակի» ծրագիրը: Այս բոլորը մասնագետների հետ մտածած, հաշվարկված է, լուծումները կան, երեւանցիներին մնում է գնալ ընտրության եւ քվեարկել 13 քվեաթերթիկի օգտին ու կունենան լավագույն լուծումներով քաղաքը»:
Մանե Թանդիլյանը վստահեցրեց, որ իրենց շանսերը գնալով ավելանում են, որովհետեւ մարդիկ իրազեկված են արդեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ