Ներկայում գործող «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով կանանց ներգրավվածության իրավական հիմքերը բավական խոցելի են եւ ձեւակերպված են իրավական անորոշությամբ, ինչը լրջագույն խոչընդոտ է կանանց ներգրավվածության առումով:
Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է գործող օրենքում առկա անորոշությունները վերացնելու եւ Հանրային հեռարձակողի կառավարման մարմնում, ինչպես նաեւ Կարգավորող պետական մարմնում կին թեկնածուների համար առկա իրավական խոչընդոտները նվազեցնելու անհրաժեշտությամբ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գրավոր առաջարկություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ առաջարկելով, որ խորհրդում յուրաքանչյուր սեռի թիվը չպետք է պակաս լինի 3-ից: «Հաճելի էր քաղաքական մեծամասնության կողմից բարձրաձայնումը. այս առաջարկությունն ընդունվել է: Ընդունվել են նաեւ Կառավարության կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ, որոնք վերաբերում են իրավական տեխնիկային եւ խմբագրական բարեփոխումներին»,- ասել է Լիլիթ Գալստյանը:
Կարդացեք նաև
Նշվել է, որ Գենդերային ճեղքվածքի ինդեքսում Հայաստանը նահանջ է արձանագրել. նախորդ երեք տարիների 98-րդ հորիզոնականից 2021 թվականին 156 երկրների մեջ հայտնվել է 114-րդ հորիզոնականում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը նշել է, որ Կառավարությունը կողմ է առաջարկված փոփոխությունների ընդհանուր տրամաբանությանն ու փիլիսոփայությանը:
Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, ներկայացնելով նաեւ քաղաքական թիմի դիրքորոշումը, ողջունել է առաջարկվող փոփոխությունը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ՀՀ ազգային ժողով