«Սեպտեմբերի 17-ի ընտրությունից հետո, մի օր կգամ, իրար հետ դիմում կգրենք թաղապետարան, հետո՝ քաղաքապետարան,մենք մեզ համար մի հատ տեղ կսարքենք, որ դոմինո ու նարդի խաղանք. ամոթ էլ է էլի»,- այսօր Երեւանի Ավան վարչական շրջանում, ընտրողների հետ հանդիպման ժամանակ, խոստացավ Երեւանի ավագանու ընտրություններում «Միացյալ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Երվանդ Թարվերդյանը: Նման խոստում տալ նրան ստիպեց տարեցների բողոքը, ովքեր «ամբողջ կյանքում» աշխատել են, բայց հիմա ժամանցի մի տեղ էլ չունեն: Երեւանի քաղաքապետի թեկնածուին այնքան դուր եկավ իր ինժեներ զրուցակիցը, որ նա իր հեռախոսահամարը փոխանցեց տարեց տղամարդուն. «Հենց տեսնես ես եկել եմ իշխանության՝ կզանգես»:
Քաղաքային խնդիրներից զրույցը սահուն անցավ գյուղատնտեսական հարցերին. «Ես գյուղատնտեսությունը շատ լավ գիտեմ, ինձնից լավ՝ շատ քիչ մարդ գիտի էս հանրապետությունում: Հենց նկարս տեսար, տեսար էս մարդը դարձել է ղեկավար՝ կզանգես՝ կասես՝ դու իմ կարիքն ունես, Երվանդ. գամ՝ բացատրեմ՝ էդ ամենը ոնց պիտի արվի: Մարդիկ գյուղատնտեսությունը միայն միրգ առնելով են պատկերացնում: Մասիսի էն գյոզալ սերմերի կայանը ուզում էին լրիվ վերացնեին տարիներ առաջ, տանեին՝ Լենինականում սարքեին. զանգել եմ մինիստրին՝ ասել եմ՝ հանկարծ չանեք, դա սերմերի կենտրոն է, պետությանը պետք է: Հիմա էնտեղ գիտական կենտրոն է՝ մարդիկ չեն կարողանում իրենց պահել, չեն կարողանում տարածքը ռացիոնալ օգտագործել. սիրտս մղկտում է, դրա համար եմ մտել քաղաքականություն»:
Մեկ այլ բակում քաղաքապետի թեկնածուն մոտեցավ նարդի խաղացող տարեցներին, ուզեց ինքն էլ հետները խաղալ. առարկեցին՝ «դու գործերի մեջ ես այ մարդ, քո գործերի մեջ ես, քո գործերին էղի»:
Նարդի խաղալը չստացվեց, բայց Սփյուռքի հետ հարաբերությունների իր պատկերացումները, գույքահարկի տույժ-տուգանքից համաներման մասով եւ նախընտրական ծրագրի մյուս դրույթները ներկայացնել թեկնածուին հաջողվեց:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ