«Հանրապետություն» կուսակցության թիմը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավում այսօր արդեն 2-րդ անգամ եղավ Նոր Նորք վարչական շրջանում, բակային հանդիպումներ ունեցավ ընտրողների հետ, զրուցեցին, կիսվեցին իրենց ծրագրերով, բաժանեցին քարոզչական բուկլետներ: Կուսակցության քարոզչական թիմն արդեն 2-րդ անգամ է անցնում բոլոր 12 վարչական շրջաններով:
«Առհասարակ մեր հանդիպումները շատ լավ են անցնում, շրջում-զրուցում ենք քաղաքացիների հետ, ի զարմանս ինձ՝ բոլորը շատ մեծ ուշադրություն են դարձնում հանրային տարածքներում պետքարանի անհրաժեշտությանը, որի կարիքը հանրային վայրերում և այգիներում զգացվում է: Ամենա-ամենածանր թեման վերաբերվում է թափառող կենդանիների խնդրին, որը կա բոլոր վարչական շրջաններում, այն նույնիսկ սպառնալիքային կրիտիկական վիճակում է: Դե իհարկե, բոլոր վարչական շրջաններում տրանսպորտի և աղբահանության խնդիր կա, կանաչապատման մասին էլ չասեմ»,-հանդիպումներից ստացած տպավորություններով Aravot.am-ի հետ կիսվեց կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը:
Նրան խնդրեցինք մեկնաբանել այն հանգամանքը, որ 13 թեկնածուների սակավամարդ հանդիպումների ֆոնին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի հանդիպումներին բավական թվով մարդիկ են մասնակցում, ու որ «Ականատես» դիտորդական առաքելության հրապարակման համաձայն՝ ՔՊ-ն ժամը 1000-ական դրամով հավաքագրվում են մասնակցների է հավաքագրում
Կարդացեք նաև
«Մեծաթիվ մարդկանցով քարոզչություն անելու հարցում օրենքի որևէ հակասություն չկա: Մենք դա չենք անում, քանի որ քաղաքացիներն ավելի անկեղծ չեն լինում, երբ մարդիկ քիչ են՝ ավելի անկեղծ են լինում: Ինչ վերաբերվում է հրապարակմանը, չեմ կարող ասել իրականությանը համապատասխանու՞մ է, թե՞ չէ, բայց ես ինչքան տիրապետում եմ օրենքին, օրենքը չի սահմանափակում, որ նույնիսկ վճարովի մարդիկ բուկլետներ բաժանեն, մարդկանց հետ շրջեն, դա տվյալ քաղաքական թիմի որոշում է, քարոզչության ձևն է: Դա ինձ անկեղծ ասած բացարձակապես չի հետաքրքրում , որովհետև նմանատիպ բաները չեն խանգարում ուրիշ թիմերի քարոզչությանը, այսինքն՝ հավասար իրավունքների խախտում չկա: Մենք չենք խառնվում իրենց քարոզչության մեթոդներին»,-եզրափակեց Անի Խաչատրյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ