Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի անհատական ուսուցման պլանի իրականացմանը մասնակցելը կսահմանվի որպես ծնողի պարտականություն, այլ ոչ որպես իրավունք

Սեպտեմբեր 06,2023 19:33

Նախագիծը նպատակ ունի նպաստելու ներառական կրթության զարգացմանը: Հայաստանը որդեգրել է համընդհանուր ներառական կրթությունը: Այն կրթության կազմակերպման ձեւ է եւ կրթություն է բոլորի համար: Այս մասին ասել է պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» իր հեղինակած օրենքի նախագիծը:

Առաջարկվում է մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել դասարանում խտրականությունից զերծ միջավայրի ապահովումը, աշակերտների մեկուսացումը կանխարգելելու կարգավորումը, որը կխթանի կրթական գործընթացում բոլոր սովորողների ներառումը, այդ թվում՝ արտադասարանական եւ արտադպրոցական միջոցառումներում: Սահմանել դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության ոչ ֆորմալ խումբ ստեղծելու իրավունքը՝ երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների եւ ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության, ինչպես նաեւ այլ դպրոցների նմանատիպ խմբերի հետ համագործակցության համար: Առաջարկվում է երեխայի անհատական ուսուցման պլանի իրականացմանը մասնակցելը սահմանել որպես ծնողի պարտականություն, այլ ոչ որպես իրավունք:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:

Նախագծի քննարկման ժամանակ անդրադարձ է եղել դասագրքերի տպագրության հարցին:

Սիսակ Գաբրիելյանը նախարարից հետաքրքրվել է, թե երբ պատրաստ կլինեն 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների դասագրքերը: Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ մինչեւ այս ամսվա վերջ բոլոր դասագրքերը պատրաստ կլինեն: Նախարարի խոսքով սեպտեմբերի 1-ից 5-րդ եւ 7-րդ դասարանների տարբեր դասագրքեր արդեն բաժանվել են աշակերտներին: «Բառացիորեն վաղը դասագրքերի նոր խմբաքանակ կուղարկվի դպրոցներ»,- ասել է նախարարը եւ հավելել՝ դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից, եթե կարիք լինի էջերի պատճենահանման, ապա դա պետք է կազմակերպեն դպրոցները, ծնողները որեւէ կերպ չպետք է մասնակցեն այդ հարցին:

Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930