Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրեցու քվեն սակարկման, փոխանակման, առևտրի ենթակա չէ»․ նորանշանակ դեսպան Միսակ Բալասանյանի բացառիկ հարցազրույցը

Սեպտեմբեր 06,2023 18:22

Միսակ Բալասանյանը՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդին, երեկ նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նորանշանակ դեսպանը պատասխանել է Aravot.am- ի հարցերին։

-Տևական ժամանակ է՝ խոսակցություններ էին պտտվում Ձեր Գլենդելում հյուպատոս նշանակվելու մասին, ինչո՞ւ հանկարծ արտակարգ և լիազոր դեսպան Իրաքում, ինչո՞ւ այնպիսի երկիր, որտեղ կյանքը խաղաղ չէ, նոսրացող հայերով երկիր է համարվում և որտեղ հեշտ չէ դիվանագիտական առաքելությամբ գտնվելը։

 Կխնդրեի նաև խոսել ձեր գլենդելյան կապերի մասին, արդյոք ճի՞շտ են այն խոսակցությունները, թե այնտեղ տուն ունեք, բիզնես, սերտ կապերի մեջ եք հայ համայնքի հետ։ Եվ դա է եղել պատճառը, որ մեծ ցանկություն եք հայտնել Գլենդելում հյուպատոս նշանակվելու։

-Գիտեք, Գլենդելն ունի հայկական մեծ համայնք, դեպի Հայաստան ներդրումներ ներգրավելու, բիզնես կապեր ձևավորելու մասով կան անելիքներ:

Գլենդելում սերտ կապեր ունեմ բիզնես ոլորտի, հայկական համայնքի հետ, բայց հարցը երկրների բարենպաստ պայմանները, խաղաղ կամ անվտանգային լինելը չէ, հարցն այն է, թե ես որ երկրում կարող եմ ավելի շատ օգուտ տալ:

Գլենդելում, բնականաբար, կարող էի և՛ կապերի և՛ բիզնեսի առումով օգուտ տալ, բայց մյուս կողմից՝ Իրաքում կան խնդիրներ՝ և՛ անվտանգային, և՛ համագործակցությունների, և՛ կապերի ընդլայնման մասով:

Անշարժ գույք, ներդրումներ շատ երկրներում ունեմ, բայց իմ տունը Հայաստանում է:

-Ինչո՞ւ կայացած գործարարից դիվանագետ, ինչո՞ւ, այսպես ասած, ազատ կյանքից հրաժարվել, գնալ պետական ծառայության։ Ունե՞ք դիվանագիտական կրթություն։

Եվ ձեր դեսպան նշանակվելով ու ՀՀ-ից հեռանալով՝ չի՞ տուժի արդյոք ձեր բիզնեսը, որը կայացած է, բազում աշխատատեղեր եք ստեղծել մեր երկրում։ Եվ մի՞թե բիզնեսով զբաղվելով, խոշոր հարկատու լինելով՝ ավելի մեծ օգուտ չեք տա մեր երկրին, քան դիվանագիտական առաքելություն սկսելով։

-15 տարեկանից բիզնես ոլորտում եմ եղել և եկել ու հասել եմ մի տարիքի, որ իմ օգտակարությունը տեսնում եմ երկրին, պետությանը այլ ձևաչափով ծառայելու, օգուտ տալու մեջ: Բիզնեսները չեն տուժի, կրտսեր եղբայրս՝ Խաչատուր Բալասանյանն է այս պահին զբաղվում բիզնեսներով և կշարունակի ինքը զբաղվել:

-Ձեր դեսպան նշանակվելուց հետո Գյումրիում ակտիվացել են այն խոսակցությունները, թե Ձեզ դեսպան են նշանակել այն պայմանով, որ «Բալասանյան դաշինքը» զիջի քաղաքապետի պաշտոնը ՔՊ-ին, ավելի կոնկրետ՝ ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանին (խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռի մասին է, Ա․ Ն․), որքանո՞վ են իրական այս խոսակցությունները։

-Առիթ ունեցել եմ նշելու և կրկին պետք է ընդգծեմ, Գյումրիում իշխանությունը ձևավորվել է գյումրեցու քվեով և իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, իսկ գյումրեցիների քվեն սակարկման, փոխանակման, առևտրի ենթակա չէ:

 –Բնականաբար արդեն ուսումնասիրած կլինեք մեր երկրի ու Իրաքի Հանրապետության միջև գոյություն ունեցող կապերը, ապրանքաշրջանառությունը, որի ծավալներից, ի դեպ, գոհ չեն մեր երկրում, առավել շատ ո՞ր ոլորտներում համագործակցությանն ենք ուշադրություն դարձնելու, մի ժամանակ համաձայնագիր կար նաև պաշտպանական համակարգում համագործակցության։ Ի՞նչ սպասել այս առումով։

-Բնականաբար ուսումնասիրել եմ և, բնականաբար, արդյունքները գոհացնող չեն ո՛չ ապրանքաշրջանառության, ո՛չ բիզնես կապերի առումով: Փորձելու ենք մեր փորձը ներդնելով հասնել ավելի լավ արդյունքների:

 –Եվ առհասարակ ի՞նչ սպասի հայ համայնքը ձեր դեսպան նշանակվելուց։

-Իրաքի հայ համայնքը պատերազմից հետո մի տեսակ ապակազմակերպված, ընկճված վիճակում է: Կփորձենք ձեռք մեկնել, ընդլայնել մեր երկրի հետ կապերը, տարբեր ուղղություններով մշակելով ու ներդնելով ծրագրեր, այդ թվում և մի շարք կրթական ծրագրեր, ուսուցիչների ներգրավմամբ, փորձի փոխանակումների միջոցով:

 –Իրաքը դիտարկո՞ւմ եք որպես նոր շուկա մեր երկրի գործարարների համար, երբևէ առիթ ունեցե՞լ եք այնտեղի գործարարների հետ համագործակցելու և եթե այո՝ ի՞նչ կարելի է արտահանել Իրաք, ի՞նչ ներմուծել, որ երկուստեք փոխշահավետ լինի։

-Տեղի գործարարների մի մասը համագործակցում է Իրաքի գործարարների հետ: Իրաքը՝ պատերազմից հետո որպես նոր ֆորմատավորվող երկիր, միաժամանակ հարուստ երկիր է, նավթային լուրջ պաշարներ ունի, համագործակցության եզրեր տեսնում ենք:

 –Խոսեցիք կրթական ծրագրեր ներդնելու մասինքիչ չեն Բաղդադից Երևանում սովորող ուսանողները, ի՞նչ անել՝ կրթական ոլորտում համագործակցությունն ավելի ճկուն դարձնելու համար։

-Կարողանանք հստակ ծրագիր մշակել, լավ առաջարկներով հանդես գալ և ուսանողների լուրջ հոսք կունենանք: Իմ բոլոր ջանքերը կներդնեմ առավել մեծ արդյունքի հասնելու, ավելի շատ օգուտ տալու համար:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930