Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ եմ հանդիպել քաղաքացիների, ովքեր որոշել են քվեարկել իմ օգտին. Դավիթ Խաժակյան

Սեպտեմբեր 06,2023 18:55

Սուտ է: Այսպես լակոնիկ պատասխան տվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը, երբ Aravot.am-ը խնդրեց հերքել կամ հաստատել շրջանառվող լուրեն այն մասին, թե «Լուսավոր Հայաստանը»՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն», կուսակցությունների հետ կոալիցիա է կազմելու:

Անդրադառնալով, «Քաղաքացիական պայմանագրի» Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի բազմամարդ հանդիպումների ֆոնին, մնացած 13 թեկնածուների հանդիպումների սակավամարդությանը՝ Խաժակյանն ասաց, որ իրենք  քաղաքացիների հետ հանդիպմանը ավագանու իրենց թիմով են գնում և աջակիցներին չեն հրավիրում: «Բայց ես կարծում եմ, որ վաղուց արդեն մեր բնակիչներին այդ մեծ քանակի աժոտաժով, աղմուկով մասնակցությունն առանցքային գործոն չէ, 2021թ. մենք տեսանք, որ անգամ Հանրապետության հրապարակը լցվեց ընդդիմադիր թեկնածուի, այսպես կոչված, աջակիցներով, բայց ընտրությունների արդյունքում անգամներ պակաս արդյունք ունեցան: Չեմ կարծում, թե մենք մեր քաղաքացիներին բացի մեր թիմից և ծրագրերից. այլ բան ունենք ցույց տալու»:

Նա խուսափեց ուղիղ գնահատական տալ այն իրողությունը, որ ՔՊ-ական պաշտոնյաները, թեպետ արձակուրդում չեն, սակայն ակտիվորեն մասնակցում են քարոզարշավին: «Ես, ում հետ առնչվել եմ՝ արձակուրդում էին, ովքեր էլ, որ արձակուրդում չեն՝ տեսադաշտում են, դա էլ արդեն ընտրությունների մասնակցությամբ քաղաքացիները կարող են գնահատականը տալ»,-ասաց «Լուսավոր Հայաստանի» քաղաքապետի թեկնածուն:

Նա ևս կարծում է, որ տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունը քաղաքական ընտրություն է, սակայն չի կիսում իր մյուս մրցակիցների տեսակետն այն մասին, թե այս ընտրությունները որոշելու են Հայաստանի ապագան: «Բոլոր այն թեկնածուները, որոնք ասում են, թե կլուծեն համապետական խնդիրներ, արտաքին վեկտորի փոփոխության խնդիրներ, կամ այնպիսի խնդիրներ, որոնք չեն բխում Երևանի ՏԻՄ օրենքից՝ թող պարզապես ցույց տան, թե ինչ միջոցներով են քաղաքային այս ընտրություններում այդ խնդիրները լուծելու: Ես երբեք չեմ խոստացել ու չեմ խոստանալու  մի բան, որը չի բխում քաղաքապետի լիազորություններից»-շեշտեց Խաժակյանը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այսօր անցկացրած հանդիպումից հետո քաղաքապետի թեկնածուն արդեն զգացել է, որ մարդիկ սկսել են կողմնորոշվել, թե ընտրություններում ում օգտին քվեարկել. «Շատ եմ հանդիպել քաղաքացիների, ովքեր որոշել են քվեարկել իմ օգտին»:

Ամփոփելով այս ընթացքում քաղաքացիների հետ հանդիպման արդյունքներից ստացված խնդիրները՝ Խաժակյանը դրանք խմբավորեց հիմնական 2 խմբի. առաջինը՝ բազմաբնակարան շենքերի համատիրություններ, մյուս՝ առանձնատների բնակիչներին: «Բազմաբնակարան շենքերի բնակիչների թիվ մեկ խնդիրը համատիրություններն են, որոնք քաղաքացիներից գանձում են գումարներ և աննպատակ ծախսում, քանի որ ծառայում են համատիրությունների աշխատակիցների աշխատավարձերին: Քաղաքացիներն արդեն գիտեն իմ այն ծրագրի մասին, որով նախատեսվում է համատիրությունների լուծարում և գործառույթների փոխանցում քաղաքապետարանին: Այս ուղերձս մարդկանց համար հասկանալի և ընկալելի է դարձել:

Սեփական տների պարագայում թիվ մեկ խնդիրը չսեփականաշնորհված սեփական տներն են, որոնք չունեն վկայականներ, և քաղաքապետարանի կողմից անհարկի պատճառաբանություններով մարդիկ մերժվում են: Մենք ավարտին ենք հասցնելու սեփականաշնորհման գործընթացը և դա իրականացնելու ենք անհատույց եղանակով: Ընդ որում վերջին ժամանակահատվածում, երբ կադաստրային արժեքները բարձրացվեցին սեփական տների օրինականացման գումարն այնքան մեծ թիվ կազմեց որ մարդիկ գրեթե ստիպված են լինելու օրինականացման համար վճարելու այնքան գումար, որքան կվճարեն վկայական ունեցող հարևան տունը ձեռքբերելիս: Այս խնդիրը չի լուծվի, եթե մենք անհատույց եղանակով չսեփականաշնորհենք: Այս գործընթացն անշուշտ հեշտ չէ, բայց քաղաքապետարանը վերջին մեկ տարվա ընթացքում անհարկի դժվարություններ է առաջացրել և զանգվածաբար բոլորին ուղարկել այնպիսի պատասխան, որոնք կամ մերժողական են, կամ ժողովրդի բառերով ասած՝ ցրողական, որը չունի որևէ իրավական հիմք կամ քաղաքային պատճառաբանություն, պարզապես այդ գործընթացը խոչընդոտվել է»–նկատեց Դավիթ Խաժակյանը:

Նա չցանկացավ մեկնաբանել նաև «GALLUP International Association»-ի հրապարակած հարցման արդյունքները, համաձայն որի Երևանի բնակիչների շրջանում հարցված 805 քաղաքացիներից 3.4-ն է պատրաստվում քվեարկել «Լուսավոր Հայաստանի» օգտին: «Ես որևէ մեկնաբանություն չունեմ որևէ հարցման, վերլուծության, արդյունքները կերևան սեպտեմբերի 17-ին»,-եզրափակեց Խաժակյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930