Լրահոս
Օրվա լրահոսը

Տխուր է, որ հեռանում եմ, սակայն հաճելի է իմանալ, որ հեռանում եմ՝ թողնելով նոր դեսպանատուն. ՀՀ-ում Կանադայի դեսպան

Սեպտեմբեր 06,2023 18:14

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔըլերին (նստավայրը՝ Մոսկվա):

Ողջունելով հյուրին նախագահն ասել է. «Շնորհակալություն եմ հայտնում հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում Ձեր կատարած աշխատանքի համար: Կանադան այն երկրներից է, որը շատ արագ ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա 1992 թվականի հունվարն էր: Դրանից հետո մեր հարաբերություններն ունեցել են դինամիկ զարգացում, իսկ վերջին տարիներին մեր համագործակցությունն ավելի է ակտիվացել: Մենք չենք մոռացել հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Կանադայի աջակցությունը, որը քաղաքական և այլ մակարդակներում ցույց տրվեց Հայաստանին: Հիմա այդ զարգացման արդյունքում է, որ Կանադան հոկտեմբերին այստեղ դեսպանատուն կբացի: Վստահ եմ՝ դա նոր խթան կլինի մեր հարաբերությունների զարգացման համար»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ էր ներկայացնել Կանադան Հայաստանում: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և շնորհակալություն հայտնել Ձեր աշխատակազմին, բոլոր պաշտոնատար անձանց: Մեր համագործակցությունը եղել է կառուցողական, դրական և հեռանկարային՝ չնայած իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանը շատ դժվարին ժամանակներ է ունեցել և շարունակում է դրանց դիմագրավել: Այդ դժվարին ժամանակահատվածում նաև հնարավորություն է եղել մեծ ներդրում ունենալ հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում:

Ակտիվ և մոբիլիզացված Սփյուռք կա Կանադայում և, չնայած տխուր է, որ հեռանում եմ, սակայն միևնույն ժամանակ հաճելի է իմանալ, որ հեռանում եմ՝ թողնելով նոր դեսպանատուն, նոր դեսպան, որը գիտեմ, որ շատ լավ գործ է անելու: Թողնում եմ հարթակ, որը կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը՝ հատկապես առևտրատնտեսական ոլորտում: Գիտենք, որ բավական մեծ աճ կա այս ոլորտում, սակայն շատ ավելին է հնարավոր անել»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ կատարվող քայլերն ու առկա ներուժի իրականացման հնարավորությունները: Երկուստեք շեշտվել է հոկտեմբեր ամսին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման կարևորությունը, ինչը հավելյալ խթան կհանդիսանա երկու երկրների համագործակցության հետագա սերտացման համար:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերներին և ընդհանուր իրողություններին: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման և առկա հիմնախնդիրները բացառապես քաղաքական ու բանակցային ճանապարհով լուծելու իր դիրքորոշման մեջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930