Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես երբևիցե իմ ամբողջ կյանքում ոչ մի տեղից, ոչ մի բանից չեմ փախել՝ ոչ պատասխանատվությունից, ոչ դժվարություններից»․ Հայկ Մարությանը՝ Տիգրան Ավինյանին

Սեպտեմբեր 06,2023 18:10

«Ես երբևիցե իմ ամբողջ կյանքում ոչ մի տեղից, ոչ մի բանից չեմ փախել՝ ոչ պատասխանատվությունից, ոչ դժվարություններից, ոչ էլ արտառոց իրավիճակներից»,- Քանաքեռ Զեյթունում քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց «Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ արձագանքելով Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններին։

Հայկ Մարությանը Քանաքեռ-Զեյթունի բնակիչներին կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին։ Ինչպես միշտ՝ Քանաքեռ-Զեյթունում էլ Հայկ Մարությանը քաղաքացիներին հորդորեց «բութը վերև»։

Հայկ Մարությանը վստահեցրեց՝ երբ ինքը դուրս է եկել ՔՊ-ից, դա արել է ներքին կարգով․ «Արտաքին ոչ մի ուժ չի իմացել այդ մասին։ Դա իմացել է միայն Սուրեն Պապիկյանը։ Ասել եմ՝ երբ ձեզ հարմար լինի, որ ձեզ ու մեր պետությանը վտանգ չլինի, այլ ժամանակ հայտարարեք։ Բայց ես ասել եմ, որ ուզում եմ՝ մենք մեր մեջ իմանանք, որ մենք այլևս նույն ուղիով չենք գնում, բայց դրսի համար դա մնալու է անհայտ»։

Հայկ Մարությանը «ծիծաղելի և ողորմելի» համարեց այն պնդումները, թե իբր ինքը հեռացել է․ «Ես մինչև վերջ արտաքին ուժերի և բոլորի համար մնացել եմ կուսակցության անդամ։ Անգամ իրենց կուսակցության կարկառուն դեմքերից մեկը՝ Վահագն Ալեքսանյանը 2021-ի կեսերին, երբ իրեն հարց էին տվել, թե Հայկ Մարությանը դո՞ւրս է եկել կուսակցությունից, պատասխանել էր՝ դուրս չի եկել։ Սրանով ամեն բան ասված է։ Ինչի համար, եթե դու ինչ-որ բանից խուսափում ես, դու պետք է ամբողջ աշխարհին հայտարարես, բայց ես դրա հակառակն եմ արել։ Ունենալով ուժեղ տարաձայնություններ իրենց հետ՝ ներքին կարգով ասել եմ իրենց, որ իրենց հետ չեմ գնում նույն ճանապարհով։ Փաստացի իրենց պնդումը բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Եթե մի վտանգ պիտի լիներ, չնայած բացարձակ համոզված էի, որ չէր լինի, այդ նույն վտանգը, եթե պիտի սպառնար ՔՊ կուսակցության անդամներին, այդ կերպ սպառնալու էր նաև ինձ, քանի որ ոչ մեկը չգիտեր, որ ես իրենց հետ չեմ։ Երբ հեղաշրջման փորձ էին անում, բոլոր քաղաքացիների հետ կանգնեցի ժողովրդի մեջ։ Միասին երթ արեցինք»։

Այն խոսակցություններին, թե Հայկ Մարությանը «ներդրված է» արտաքին ուժերի կողմից, քաղաքապետի թեկնածուն այսպես պատասխանեց․ «Իրոք այս վիճակը ողորմելի է։ Խայտառակություն է ոչ միայն ՀՀ-ում, այլև միջազգային մակարդակով։ Այս մարդիկ իմ հոլովակից ինձ ջնջել էին, իրենց յուրաքանչյուր ասածը սուտ է, չգիտեմ՝ սուտի էլ նման չի, չգիտեմ ինչ է։ Ի՞նչ աշխարհաքաղաքական կենտրոններ։ Թող պատասխանեն՝ 1,5 միլիոն դոլարը ի՞նչ փողեր էին, ինչի՞ դիմաց են տալիս իրենց։ Մենք մեր ընկերներով, համակիրներով գումարներ ենք հավաքել, մեր չափով մեր ժողովրդին իրազեկելու համար գալիս-գնում ենք, խոսում ենք, տարածում տեղեկություններ։ Քաղաքացիներին հորդորում ենք, որ գան ընտրության, որ վարչական լծակներ չկարողանան օգտագործել։ Եթե իշխանությունը այսքան կեղծիքների պատրաստ է, ուրեմն կարող ենք ասել, որ իրենք պատրաստ են նաև կեղծել ընտրությունները։ Ես հույս ունեմ, որ չեն կեղծելու, բայց հույսներս չենք կարող միայն հույսի վրա դնել։ Մտավախություն ունենք, որ փորձելու են անել, քանի որ իրենց դիրքերը թույլ են»։

Հարցին՝ ինչպե՞ս եք աշխատելու այս իշխանության հետ, երբ ժամանակին քաղաքապետ էիք, չկարողացաք աշխատել, Հայկ Մարությանը պատասխանեց․ «Սա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է։ Կան մայրաքաղաքներ, որտեղ մայրաքաղաքի իշխանությունը ընդդիմություն է գործող կառավարությանը։ Սա կբերի ավելի արդյունավետ աշխատանքի։ Ինչ վերաբերում է, թե նախկինում ոնց է եղել, ապա այն ժամանակ ավագանին իրենց ՔՊ-ականներով էր լցված, մարդիկ, որոնք սեր չունեն Երևանի հանդեպ։ Նրանք անգամ սաբոտաժ էին արել ավտոբուսների ձեռքբերումը։ Իսկ այս անգամ արդեն ավագանին մեր համակիրներն են, մարդիկ, որոնք սիրում են մեր քաղաքը, որոնք ուզում են, որ Երևանը ծաղկի։ Այնպես որ, այս մասով խնդիր չի լինելու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930