Բաքուն հույս ունի, որ Երևանը թղթի վրա կամրագրի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պետական «Ազերթաջ» գործակալությանը և հունգարական «Մադյար Դեմոկրատա» պարբերականին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ Հայաստանից պահանջվեց պատերազմի ավարտից հետո 2.5 տարի, որպեսզի «այդ երկրի վարչապետը ի վերջո հանդես գա, թեկուզև դեռ միայն բանավոր, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ՝ Ղարաբաղը նրա կազմում»:
«Հիմա ժամանակն է ամրապնդել բանավոր ասվածը պաշտոնական ստորագրությամբ, իսկ դրա համար պահանջվում է ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքը»,- ասել է նա:
Ընդ որում, Բայրամովն ընդգծել է, որ «ցավոք, մենք տեսնում ենք Հայաստանի գործողությունների անհամապատասխանություն նախկինում արված բանավոր հայտարարությունների հետ: «Երբեմն մենք լսում ենք հայտարարություններ, որոնք հերքում են նախկինում ասվածը»,- նշել է նա:
Կարդացեք նաև
Բայրամովը նաև ասել է, որ ժամանակ առ ժամանակ իրենք տեսնում են նաև Հայաստանի կողմից «ռազմական սադրանքներ տեղում»:
«Այս մասն ունի երկու բաղադրիչ, և այդ երկու բաղադրիչներն էլ ավելացնում են լարվածությունը տարածաշրջանում. առաջինը, դա Հայաստանի և Ադրբեջանի պայմանական սահմանի վրա սադրանքներն են, երկրորդը, այստեղ ես ցանկանում եմ հատուկ շեշտադրել և ընդգծել այն հանգամանքը, որ տարածաշրջանում լարվածության և պայթյունավտանգության լուրջ աղբյուր է մինչ օրս Ադրբեջանի տարածքում պահպանվող մոտ 10 հազար հոգուց բաղկացած անօրինական ռազմական խմբավորումների ներկայությունը, ինչը 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է»,- ասել է Բայամովը:
Նա հավելել է, որ այդ «զինված խմբավորումները» կերակրվում են Հայաստանից, որը «նրանց ֆինանսավորում է իր պետական բյուջեից»:
«Այդ խմբավորումների անձնակազմի մի մասը Հայաստանի զինված ուժերի զինվորական անձնակազմն է: Դա ապացուցող բազմաթիվ փաստեր կան,- ասել է Բայրամովը: -Մենք արդեն համոզված ենք, որ խաղաղության օրակարգը պետք է շարունակվի, մենք վճռական ենք տրամադրված գործընթացն ավարտելու հարցում: Պետք է ավարտին հասցվի նաև համաձայնագրի վերջնական տեքստի մշակումը, որը պետք է հիմնվի բացառապես միջազգային իրավունքի նորմերի վրա»:
Խոսելով Լաչինի միջանցքում իրավիճակը մասին՝ Բայրամովն ասել է, որ ներկա պահին այդ երթուղով օգտվում է ԿԽՄԿ-ն, իսկ այդ հարցում Բաքվի դիրքորոշումն այն է, որ պետք է օգտագործվեն բոլոր այլընտրանքային երթուղիները:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ