Լրահոս
Օրվա լրահոսը

«Զանգեզուրի միջանցք» նախագիծը կիրականացվի անգամ առանց Հայաստանի մասնակցության. Բայրամով

Սեպտեմբեր 06,2023 18:02

Եթե Հայաստանը չշարունակի աշխատանքը «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ, Ադրբեջանն «այդ նախագիծը կիրականացնի անգամ առանց Հայաստանի մասնակցության»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պետական «Ազերթաջ» գործակալությանը և հունգարական «Մադյար Դեմոկրատա» պարբերականին տված հարցազրույցում։

«Զանգեզուրի միջանցքի բացումը Արևելք-Արևմուտք տրանսպորտային երթուղու տարրերից մեկն է: Փորձագետները գնահատել են, որ Զանգեզուրի միջանցքը կարող է Միջին միջանցքին ավելացնել լրացուցիչ 5-8 մլն տոննա բեռնափոխադրում: Դա մեծ օգուտ է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև այլ երկրների համար»,- ասել է Բայրամովը:

Նա նաև նշել է, որ այդ «միջանցքի» բացումը նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության մաս է:

«Հաղորդակցությունների բացումը շատ կարևոր է, քանի որ տրանսպորտային կապերը, առևտուրը և այլն, ոչ միայն օգուտ և եկամուտ են բերում կողմերին, այլև տարածաշրջանում խաղաղության գործընթացը դարձնում են անդառնալի, քանի որ երկրներին ամուր կերպով կապում են միմյանց հետ: Միաժամանակ, աշխարհաքաղաքական գործընթացները, որոնք տեղի են ունենում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև դրա սահմաններից դուրս, թելադրում են մեզ նոր տրանսպորտային երթուղիների բացման անհրաժեշտությունը, որոնք կկապեն Արևելքը Արևմուտքի հետ, հատկապես եթե նկատի ունենանք պատերազմը Ուկրաինայում»,- ասել է Բայրամովը:

Բայրամովը նաև հիշեցրել է, որ 2020թ. նոյեմբերի և 2021թ. հունվարի եռակողմ հայտարարություններից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ երեք երկրների փոխվարչապետերի մակարդակով: Նրա խոսքով, այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է մոտ երեք տարի, բայց Հայաստանը «միանգամայն ոչ կառուցողական» դիրք է գրավել «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում:

«Ինչ-որ պահի զգացողություն է առաջանում, որ մենք մոտ ենք աշխատանքների ավարտին, բայց հանկարծ Հայաստանը վերջին պահին անսպասելի առաջ է քաշում ինչ-որ նոր բան, ինչը կրկին գործընթացը փակուղի է մտցնում: Դա կառուցողական չէ, բացի այդ, դա եռակողմ հայտարարության համապատասխան կետի խախտում է, որով Հայաստանը պարտավորություն էր ստանձնել ապահովել բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխոչընդոտ անցում: Հայկական կողմից դա ոչ միայն ապակառուցողական է, այլև հենց իրենց է վնասում: Նրանք իրենց զրկում են օգուտից, չնայած որ բոլոր երկրներից հենց նրան է պետք կարգի բերել իր տնտեսական վիճակը և դուրս գալ շրջափակումից»,- ասել է Բայրամովը:

Նա նշել է, որ Երևանի այդպիսի մոտեցումը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանը բաց թողնի ևս մեկ «շահավետ հնարավորություն՝ սեփական տնտեսությունն ուշքի բերելու» համար, քանի որ «ճանապարհը կարող է շրջանցել Հայաստանը»:

«Ադրբեջանը չի շարունակի աշխատանքն այդ ուղղությամբ՝ ունենալով պլան «Բ»: Եվ մեզ համար այդ նախագիծը կիրականացվի անգամ առանց Հայաստանի մասնակցության, բայց այդ պարագայում նա պարզապես դուրս կմնա օգուտ ստացողների ցանկից»,- ասել է Բայրամովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930