«Առաջին բացթողումն ,իմ կարծիքով, տեսաուղերձների պակասն է, որ հնարավորինս ավելի մանրամասն, պարզ, մատչելի մինչեւ քարոզարշավը պետք է կարողանայինք ներկայացնել, թե որոնք են մեր խնդիրները եւ որ խնդիրներն ենք ուզում լուծել: Թեպետ չեմ կարծում, որ դա էական բաց է, որովհետև, այնուամենայնիվ, մարդկանց հետ շփվելիս կարողանում ենք մեր գաղափարները տեղ հասցնել՝ հատկապես հաշվի առնելով այն, որ իրենք են պահանջում այդ օրակարգը»,-լրագրողների հետ զրույցում, ամփոփելով քարոզարշավի այս փուլը, ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:
«Առաջիկա օրերին մենք, թերեւս, մի փոքր կփոխենք շեշտադրումները, որովհետեւ ժամանակը, այս 10 օրը ցույց տվին, որ երբ հանդիպումներ ենք ունենում աջակիցների թիմի հետ, որոնք տարբեր համայնքներում են, իրենք շատ ավելի լավ են կարողանում տեղում աշխատանքը կազմակերպել, դառնալ լոկալ քարոզիչներ, քան մենք այդ ժամանակը հատկացնում ենք անծանոթ քաղաքացիներին, որոնց հետ եւս 13 ուժեր ուղղակի հանդիպում են, եւ նրանք շփոթության մեջ են ընկնում շատ դեպքերում: Իսկ մեր համակիրների եւ նրանց շրջապատի աշխատանքը բազմապատիկ ավելի արդյունավետ է»,-հավելեց նա:
Սուրեն Պետրոսյանը, պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց, առաջին հերթին ճանաչելի դառնալը իրենց հիմնական խնդիրը չի եղել. «Դա սխալ մշակույթի հիմքն է, երբ մարդիկ ուզում են ամեն գնով ճանաչելի դառնալ, հետո՝ ինչ-որ բան անել: Մեզ մոտ խնդիրը եղել է բովանդակությունը, ինչ-որ մի ճանապարհ անցնելը, որից հետո ճանաչելիությունն ինքնաբերաբար կգա»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ