Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Մենք ապրում ենք մեր պատմության ողբերգական օրերը եւ Հայաստանն այսօր նույնքան վտանգված է, ինչքան Արցախը»

Սեպտեմբեր 06,2023 17:46

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը «Հենարան» մամուլի ակումբում խոսելով Արցախում եւ Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի եւ դրանից դուրս գալու ուղիների մասին՝ ասաց. «Ցավոք սրտի, մենք ապրում ենք մեր պատմության, թերեւս, ողբերգական օրեր եւ Հայաստանն այսօր նույնքան վտանգված է, ինչքան Արցախը:

Արցախում այսօր տեղի են ունենում որոշակի վերադասավորումներ, փոփոխություններ: Սամվել Շահրամանյանին, կարծեք թե, կոնսենսուսով փորձում են առաջադրել Արցախի նախագահի պաշտոնում եւ ընտրել: Անշուշտ որեւէ անձ կտրուկ փոփոխություններ չի կարող անել: Բայց այստեղ մի կարեւոր հիմնարար միտք կա: Պարտված ղեկավարը պետք է գնա: Արայիկ Հարությունյանը դա հասկացավ, բայց շատ ուշ հասկացավ: Ինչեւէ: Նոր մարդը նոր հնարավորություններ եւ նոր հույսեր է: Պարտված մարդու հետ որեւէ մեկը չի կարող հույս կապել եւ ապագա տեսնել: Աստված տա, որ Արցախում այս ընտրությունները նորմալ ընթանան, եւ այդ հույսի շուրջ համախմբվի ամբողջ Արցախը, ամբողջ պետությունը: Դա շատ կարեւոր է Արցախի եւ Հայաստանի համար: Դա առաջին պայման է, օդ ու ջրի նման անհրաժեշտ է:

Այդ իսկ պատճառով ես իմ խոսքն ուղղում եմ Արայիկ Հարությունյանին: Նա իր վարքագծով կարող է հավակնել՝ լինելու Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի կողքին որպես նախկին երրորդ նախագահ: Կարող է: Եվ դա մեծապես կախված է իր վարքագծից: Ինձ թվում է, որ ինքը պետք է իր բոլոր հնարավորությունները՝ իր կուսակցությունը, ֆրակցիան, անձնական կապերը, հեղինակությունը, որը հասկանալի պատճառներով՝ հիմա այն չէ, ինչ եղել է, պետք է օգտագործի նոր իշխանությանը, նոր նախագահին սատարելու համար: Ինչ եղել է, վիճելու, քննարկելու հարց է, բայց ինքը կարող է շատ դրական եւ էական դերակատարություն ունենալ:

Եթե հանկարծ հիմա Արցախում խժդժություններ սկսվեն, իսկ կան մարդիկ, որ դա ուզում են անել,  կործանված է ամեն ինչ. եւ հույսը եւ ամեն բան: Դրա համար Արայիկ Հարությունյանը պետք է իր բոլոր լծակներով կանգնի Սամվել Շահրամանյանի կողքին եւ ներքաղաքական կայունությանը օժանդակի:

Իսկ Արցախում այն մարդիկ, իսկ դա Սամվել Բաբայանն է, որոնք փորձում են Ադրբեջանի հետ Արցախի իշխանությունից եւ ժողովրդից գաղտնի ինքնուրույն համաձայնություններ ձեռք բերել, նա եւ նրա կողքի մարդիկ կարող են դառնալ ներքաղաքական խժդժությունների կենտրոնը»,- ասաց պարոն Նիկոյանը եւ հույս հայտնեց, որ Սամվել Բաբայանը կհասկանա, որ ինքը եղել է պատերազմի մասնակից, պաշտպանության բանակի ղեկավար, Արցախի ազատության եւ անկախության համար պայքարող մարտիկ, կմնա այդ դիրքերում եւ թույլ չի տա մասնակցել որեւէ խարդավանքի, որը կապակայունացնի Արցախի ներքաղաքական կյանքը:

Aravot.am-ի դիտարկմանը, թե Արայիկ Հարությունյանի հետ կապված նաեւ նրան ձերբակալելու հայտարարություններ են հնչում, Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Ես այս պահին ճիշտ եմ համարում այն, ինչ քիչ առաջ ասացի: Ինքը պետք է կանգնի պետության ու կայունության դիրքերում: Որեւէ ներքաղաքական խժդժություն, նաեւ նրան ձերբակալելը Ադրբեջանը կարող է օգտագործել զորք կամ ոստիկանություն մտցնելու Արցախ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930