«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել նաեւ Կենտրոնում: Կուսակցության ընտրական ցուցակի 3-րդ համարը՝ Վահե Թորոսյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ քարոզարշավին օգտագործում են բոլոր հնարավոր հարթակները, այդ թվում՝ համացանցայինը: «Փորձում ենք մեր գաղափարները հասանելի դարձնել հանրությանը, նաեւ խորքային շփումների միջոցով նրանց ներկայացնել այն օրակարգը եւ տեսլականը, որը մենք ունենք ու պատկերացնում ենք»,-նշեց նա:
Վահե Թորոսյանի խոսքով, այսօր թեեւ բարդ է հասարակության մոտ հավատ արթնացնելը սեփական ուժերի հանդեպ, բայց միանգամայն հնարավոր է այս վիճակից եւ թմբիրից դուրս բերելը:
Նրա ձեւակերպմամբ, Երեւան քաղաքի ընտրությունները կուսակցությունը դիտում է որպես իշխանափոխության հնարավորություն. «Մենք համարում ենք, որ այս ընտրություններով հնարավոր է մասնակիորեն փոխել իշխանությունը: Երեւան քաղաքը համայն հայության մայրաքաղաքն է եւ բավականաչափ նշանակություն ունի հայության կյանքում»:
Ըստ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության անդամի, թեեւ Երեւանի ավագանու ընտրությունները ՏԻՄ ընտրություններ են, բայց խորքային իմաստով ինչ-որ առումով համապետական են, դրա համար դրանց հարկ է վերաբերվել որպես քաղաքական ընտրությունների, առաջադրել այն օրակարգը, որը սթափություն, զգոնություն կհաղորդի հասարակությանը՝ իր անվտանգային հիմնախնդիրները հաշվառելիս եւ դրանք հետագայում նաեւ լուծելիս:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ