Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կարիքներից բխող գիտական համակարգ չես կարող կառուցել ոչ համակարգային լուծումներով. Գիտուժը կառավարությունից պահանջում է վերանայել մոտեցումները

Սեպտեմբեր 06,2023 17:18

«Գիտուժ» նախաձեռնությունը, անդրադառնալով «Ակադեմիական քաղաք» նախագծով պայմանավորված գիտության քաղաքականության մեջ վերջին զարգացումներին և կառավարության մակարդակով տարբեր քննարկումներին, հայտարարում է.

ՀՀ կառավարության գլխավորությամբ պատասխանատու նախարարությունները (ԿԳՄՍ, ԲՏԱ, Էկոնոմիկայի նախարարություն) վերջին երկուսուկես տարվա ընթացքում չկարողացան, միմյանց հետ համագործակցելով, հստակ սահմանել Հայաստանի Հանրապետության նպատակներից ու կարիքներից բխող գիտական և ԳՀՓԿԱ առաջնահերթությունները։ Իրենց օրակարգում չընդգրկեցին այդ առաջնահերթությունները սպասարկող գիտահետազոտական ու նորարարական համակարգի ստեղծման ու զարգացման հարցը։

Արդյունքում Հայաստանում գիտահետազոտական ու ԳՀՓԿ աշխատանքների զարգացմանն ուղղված քաղաքականությունը շարունակում է մնալ ոչ համակարգային՝ հիմնվելով մակերեսային հետազոտությունների և տեղային լուծումների վրա։

Մասնավորապես,

  • «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգում ամբողջությամբ բացակայում է գիտական հետազոտությունների միջոցով պետության խնդիրները լուծելու նպատակի և դրան հասնելու համար անհրաժեշտ քայլերի սահմանումը։
  • Հուլիսի 17-ին ԿԳՄՍ նախարարության էջում հրապարակվել է հայեցակարգային առաջարկությունների մասին հրավեր, որտեղ նշված է. «2027 թվականից պետական ֆինանսավորում և աջակցություն կտրամադրվի միայն խոշորացված բուհերին և դրանց հետ միավորված գիտական կազմակերպություններին»։ Այսինքն` պետական աջակցություն և ֆինանսավորում ստանալու են միայն այն գիտահետազոտական ինստիտուտները, որոնք կմիավորվեն համալսարանների հետ։ Այսպիսով, պետական քաղաքականություն է դառնում այն մտավախությունը, որի մասին բազմիցս բարձրաձայնել են տարբեր շահագրգիռ կողմեր. կառավարությունը շարունակում է դրսևորել պետության մրցունակության ապահովման գործում պետական գիտական հաստատությունների (Public research institutions) դերի գիտակցման բացակայություն և անտեսում է միջազգային փորձը։
  • Կառավարությունը չունի արդյունաբերության ու գիտության կապի մասին համապարփակ ռազմավարություն, որի վրա պետք է հենված լիներ նաև «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը։
  • Կառավարությունը մի քանի տարի անընդմեջ ամբողջությամբ չի իրականացնում պաշտպանական ԳՀՓԿ-ի՝ միջազգային չափանիշներով առանց այն էլ չնչին ծավալի ծրագրերը։

Վերևում շարադրված կետերը հաշվի առնելով, «Գիտուժ» նախաձեռնությունը կառավարությունից պահանջում է.

  • Հանրային հանձնառություն վերցնել հարկատուների գումարները ներդնել այնպիսի գիտահետազոտական ու նորարարական ազգային համակարգ ձևավորելու մեջ, որն առաջին հերթին լուծելու է Հայաստանի Հանրապետության խնդիրները։
  • Հայաստանի Հանրապետության նպատակներից ու կարիքներից բխող հետազոտական ու ԳՀՓԿԱ առաջնահերթությունները սահմանելու համար հստակ պատասխանատուներ նշանակել։ Համակարգային մոտեցմամբ մշակել այդ առաջնահերթությունները սպասարկող մրցունակ էկոհամակարգի զարգացման հայեցակարգ և միջոցառումների ծրագիր։
  • Հրաժարվել պետականության հիմքը հանդիսացող գիտությանը վերաբերող ցանկացած կառավարչական ու համակարգային փոփոխություններից մինչև չեն սահմանվել նպատակները, դրանցից բխող առաջնահերթությունները և հարկատուների գումարները գիտական հետազոտությունների ու փորձակոնստրուկտորական աշխատանքների մեջ ներդնելու արդյունավետության առանցքային ցուցանիշները (KPI)։

    Մասնավորապես, դադարել գիտությունը դիտարկել կրթությանը սպասարկող բաղադրիչ՝ անտեսելով ճկուն և մրցունակ գիտահետազոտական ու նորարարական ազգային համակարգ ունենալու համար քայլերի հերթականությունը։ Ներառյալ համալսարաններից անկախ պետական գիտական հաստատություններ ունենալու, դրանք թիրախային զարգացնելու նշանակությունը, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության նորերը հիմնելու հրամայականը։

Գիտահետազոտական և նորարարական համակարգ ունենալը զարգացած և անվտանգ Հայաստանի Հանրապետություն տեսնելու երազանքից ծնված հարց է։ Այն Գիտուժի ջանքերով օրակարգ մտավ 44-օրյա պատերազմից հետո։ Եզակի դեպք, երբ փորձ արեցինք պատմությունից դասեր քաղել։ Դա է պատճառը, որ Գիտուժը «մրցունակ համակարգ» բառի կողքին միշտ շեշտում է՝ երկրի անվտանգային ու զարգացման նպատակները և կարիքները սպասարկող մրցունակ համակարգ։ Այս շեշտադրումները կարևոր են։

Հայաստանում գիտության և ԳՀՓԿ համակարգի զարգացումը պետության մրցունակության հարց է, որը չի կարող լուծվել ընդամենը մեկ, այն էլ չհիմնավորված նախագծի միջոցով։

Գիտուժ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930