Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք փրփուրներից են կախվում, կեղտոտ գործիքակազմերի են դիմում, վերջին ճիգերն են գործադրում, որովհետեւ զգում են իրենց մոտալուտ պարտությունը». Թանդիլյան

Սեպտեմբեր 06,2023 17:22

«Ընտրական օրենսգիրքը» հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց, որոնք մեկ տարի եւ ավելի գրանցված են Երեւանում, մասնակցել ընտրություններին: Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին հարցրեցին՝ ահազանգեր կան, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ՀՈԱԿ-ներում աշխատող օտարերկրացիներին, այդ թվում՝ Հնդկաստանից եւ Նիգերիայից, հորդորում են ընտրել ՔՊ-ին, ինչպե՞ս կարձագանքեք ու օրենքի այդ կետը հետագայում կփոխե՞ք:

Նա պատասխանեց. «Այն, ինչ դուք եք նկարագրում, այսօրվա իշխանությունների ձեռագիրն է՝ օգտագործել վարչական ռեսուրսը լիարժեքորեն, չեն էլ թաքցնում: Օգտվում են «Ընտրական օրենսգրքի» այն բացից, որը չի կարգավորում էականորեն այդ հատվածը: Այս օրենքները գրվել են նաեւ եվրոպական գործընկերների հետ քննարկումներում, որտեղ պատկերացում չեն ունեցել, որ էթիկապես ու բարոյապես այսքան ցածրորակ իշխանությունների հետ պիտի գործ ունենան, որոնք դա պիտի ոչ միայն անեն, այլեւ ներկայացնեն, թե դա նորմալ է: Դա նորմալ չի, այդպես չեն վարվում, դա նշանակում է վարչական ռեսուրսի ինտենսիվ չարաշահում: Օրենքով դա կարգավորված լիներ, մենք իրենց դատի կտայինք: Սա «Ընտրական օրենսգրքի» բաց է: Պիտի կարգավորվի ու հստակ նշվի՝ վարչական ռեսուրսի չարաշահումը արգելվում է եւ որոնք են դրանք, որ այս ցածր որակի իշխանությունները, որոնք դա արդարացնում էին, նախկինում իրենց ներկայացնում էին իբրեւ այդ ամենի դեմ պայքարողներ, այսօր այդ բացը օգտագործում են հօգուտ իրենց:

Բայց կա լավ լուրը՝ այդ վարչական ռեսուրսի ազդեցությունը չի լինելու 10-12% առավելագույնը: Դա էլ իրենց չի օգնելու պարտվելը կանխել: Նրանք փրփուրներից են կախվում, կեղտոտ գործիքակազմերի են դիմում, վերջին ճիգերն են գործադրում, որովհետեւ զգում են իրենց մոտալուտ պարտությունը: Անգամ այդ գնով նրանք չեն հաջողելու այս ընտրություններում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930