Լրահոս
Հայի արարող ձեռքեր
Օրվա լրահոսը

«Ուզում եմ հասկանամ՝ ո՞նց կարելի է, երբ պետության կողմից չունես մանդատ, գնաս, բանակցես Ադրբեջանի կողմի հետ ու դրա համար պատիժ չստանաս». Ռուբեն Վարդանյան

Սեպտեմբեր 06,2023 16:56

Ի՞նչ կարծիք ունեք Սամվել Շահրամանյանի մասին՝ որպես պետնախարար եւ Արցախի նախագահի թեկնածու: Արցախից ստանում ենք ահազանգեր, որ կան ուժեր, որոնք Սամվել Բաբայանի գլխավորությամբ՝ պատրաստվում են բոյկոտել ընտրությունները, բողոքի ցույցեր կազմակերպել, երբ ԱԺ-ն Շահրամանյանին ընտրի Արցախի նախագահ, դա թույլատրելի՞ է այսօրվա Արցախի իրավիճակում: Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի եւ հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս հարցն ուղղեցին լրագրողները:

Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Շահրամանյանին ճանաչում եւ հարգում եմ որպես մարդ: Բոլոր մարդիկ, ովքեր հիմա գտնվում են Արցախում ու պատրաստ են Արցախը պահել հայկական, ընդունելի են մեզ համար: Մենք պարզ դիրքորոշում ունենք, հետեւողական պահում ենք՝ բոլոր այն ուժերը, որոնք ընդունում են գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մեզ համար ընդունելի են: Իսկ այն ուժերը, որոնք ուրիշ ճանապարհով են գնում, նրանց հետ չենք կարող համագործակցել, նրանք վտանգավոր դեր են խաղում: Ուզում եմ հասկանամ՝ ո՞նց կարելի է այսօրվա իրավիճակում, եթե պետության կողմից դու չունես մանդատ, դու գնաս, բանակցություններ վարես Ադրբեջանի կողմի հետ ու դրա համար պատիժ չստանաս: Դա անընդունելի է ոչ թե ճիշտ ու սխալ անելու համար, այլ անընդունելի է այս իրավիճակում նման բան անելը: Դրա համար մոտեցումը պետք է լինի հստակ՝ մենք ունենք հայրենական պատերազմ ու պետք է պատժել այն մարդկանց, որոնք այդ մոտեցմանը խանգարելու են»:

Հարցին՝ Ձեր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ կա՞ շփում, երբ է այն դադարել՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Վերջին անգամ եղել է նոյեմբեր ամսին՝ շատ կարճ, երբ որ ես պետնախարար եմ նշանակվել եւ ինձ ներկայացրել է Արայիկ Հարությունյանը, դա եղել է առաջին եւ վերջին շփումը: Չկա շփում անձնական ու գործնական»:

Հարցին՝ խոսում եք Բերձորի միջանցքի ապաշրջափակման մասին, հույս կա՞, թե՞ չկա՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Դա լուրջ խնդիր է իսկապես: Լաչինի միջանցքը փակվել է, դա կարգավորվում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթով: Բոլորը խոսում են խաղաղության պայմանագրի մասին, բայց մինչ այդ ստորագրած թուղթը ոչ մի կողմը չի կատարում, անվստահություն են բերում մյուս թղթի հետ կապված: Եթե չի կատարվում, ի՞նչ կապ ունի՝ ինչ է ստորագրվել: Դրա համար մինչեւ նոր պայմանավորվածությունների գնալը պետք է հստակ դիրքորոշում լինի՝ ինչ է լինելու ապագան այն փաստաթղթի, որը ստորագրվել է նոյեմբերի 9-ին»:

Ըստ Ռուբեն Վարդանյանի, Հայաստանի իշխանությունները տապալում են ամեն ինչ իրենց քաղաքականությամբ, որովհետեւ նախ պետք է հետ գա նոյեմբերի 9-ի կետերի իրականացմանը, ճնշում գործադրի, նոր միայն այլ պայմանավորվածությունների մասին խոսի:

Հարցին՝ Արցախում հացի հերթում չեն տեսնում կանգնող պաշտոնյաների, չկա՞ պաշտոնյաների համար հացի խնդիր՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Օրինակ, ես գյուղում էի մնում եւ գյուղում ուրիշ իրավիճակ է, քան քաղաքում: Օրինակ, Մարտակերտի շրջանում տալոնները միանգամից էին մտցրել, ուղղակի Ստեփանակերտում, ցավոք, այդ միջոցն իրականացվեց ավելի ուշ: Բայց այս քանի օրը ես եկել եմ Ստեփանակերտ, հացը, որը լավ որակի չի, որովհետեւ ցորենի խնդիր կա, բայց դու կարող ես վերցնել առանց հերթի: Ցավալի, որ այդ աժիոտաժը ստեղծվել էր ու մարդիկ 6-8 ժամ հերթում էին կանգնում, բայց մենք բացել ենք երկու ճաշարան եւ կերակրում ենք աղքատ ընտանիքների մարդկանց, որոնք հնարավորություն չունեին հաց առնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930