Այսօր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի եւ հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանի համատեղ մամուլի ասուլիսն էր:
Լրագրողները հարցրեցին՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը ինչպե՞ս եք գնահատում՝ սպասվա՞ծ էր, տեղի՞ն էր թե՞ ուշացած, թե՞ պետք չէր տալ հրաժարական, քանի որ սա գնահատում են փախուստ խնդիրներից: Նաեւ մարդիկ հակասություն էին տեսել Ռուբեն Վարդանյանի հայտարարությունների մեջ, նա Արայիկ Հարությունյանի մասին ասել էր, որ նրա հետ հեշտ է աշխատել, պետք է վստահել նրան, սկզբունքային է, հետո հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանը այդպես էլ չդարձավ առաջնորդ, ուստի ինչպե՞ս է մեկնաբանում այս հակասությունը:
Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Ես ճանաչում եմ Արայիկ Հարությունյանին 2008-ից, երկար ճանապարհ ենք անցել իրար հետ, իսկապես աջակցել եմ իրեն 2020-ին, որովհետեւ վստահ եմ եղել, որ կլինի ճիշտ նախագահ՝ կառուցելու Արցախի տնտեսությունը, ոչ ռազմական իրավիճակում վստահ եմ, որ կարող էր մեծ բան անել Արցախի համար իր փորձով, ինչպես այն ժամանակ, երբ վարչապետ էր Բակո Սահակյանի ժամանակ: Դա իմ կարծիքն էր, ինչքան ես գիտեի դրսից, երբ տեսնում էի՝ ոնց են որոշումները կայացվում: Դա այն ժամանակ է եղել: Ինձ պետնախարար նշանակել են նոյեմբերի 4-ին։ Ես հրաժարական չեմ տվել, ինձ գործից հեռացրել են, դա եղել է նախագահի որոշումը եւ ես չեմ քննադատել: Ես հարգել եմ նախագահի որոշումը, որպես զինվոր, որ եկել է: Շրջափակման մեջ շատ կարեւոր էր, որ որպես առաջնորդ եւ գլխավոր հրամանատար այլ պահելաձեւ ունենար Արայիկ Հարությունյանը: Ով չի կայանում, պետք է դուրս գա ու չխանգարեն: 6 ամիս հետո ես ասել եմ, որ այդ իրավիճակը՝ դուրս գալ-չգալ, այդ տատանումները բերում են մեծ խնդիրների եւ մարդիկ սպասում էին ղեկավարից, առաջնորդներից ավելի վստահություն, համակարգային քայլեր:
Ինչ վերաբերում է դուրս գալուն, ես հարգում եմ Արայիկ Հարությունյանի որոշումը, դժվար որոշում է եղել, ի վերջո՝ այն կայացրեց: Անընդունելի է, երբ փորձում են վարկաբեկել այդ որոշումը, որովհետեւ վարկաբեկում են Արցախի պետական կառուցման ճանապարհը: Հնարավորություն կա, որ նախագահը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի նոր նախագահ, եկեք հարգանքով վերաբերվենք Արցախի պետությանը: Արցախում վատ վիճակ է, թողնենք, որ այդ ամեն ինչը գնա սահմանադրական ճանապարհով, ընդունելի կարգով, մենք ունենանք նոր նախագահ, նոր պետնախարար: Մենք՝ հայերս, պետք է ավելի խելոք ու իմաստուն լինենք, նպաստենք, որ Արցախը պահպանվի, ոչ թե բամբասանքով ավելի մեծ վնաս հասցնենք Արցախին»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչպե՞ս եք իրականացնելու իշխանափոխություն, ձեր դեմքո՞վ եք վարչապետի թեկնածություն դնելու, թե՞ Մանե Թանդիլյանն է լինելու ձեր թեկնածուն՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանեց, որ դա թողնենք սեպտեմբերի 18-ից հետո. «Եկեք հասկանանք, որ ոչ միայն Արցախի վերաբերյալ խոստումները չեն արվել, շատ ուրիշ բաներ էլ չեն արվել: Մենք չենք ունեցել Սահմանադրության փոփոխություն, որը խոստացել էր վարչապետը, շատ էր քննադատում Սերժ Սարգսյանին, որ իր համար սուպերկոստյում է կարել, Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական այդ կոստյումը ավելի է դուր եկել այսօրվա վարչապետին, ավելի է ուժեղացնում սուպերվարչապետի լծակները, չնայած խոսք էր տվել, հիմա ոչ մեկը դրա մասին չի խոսում, որ իշխանությունը միակողմանի է ու դա շատ վտանգավոր է»:
Նա ասաց, որ լուրջ քննարկումներ պետք է ունենան այս եւ այլ հարցերի շուրջ:
Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ սեպտեմբերի 18-ից այլ իրավիճակ են ունենալու ու լավագույն ծրագրերն են ունենալու: Կլինի այդ օրը, կլինեն նոր քննարկումներ դրա շուրջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ