Ավտոբուսային գծեր տեսնելու ենք Երեւանի շատ փողոցներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Նա այսօր նախընտրական հանդիպում է անցկացնում Նոր Նորք վարչական շրջանում, որտեղ գործում է ավտոբուսային առանձին գիծ, ինչը հարուցել է բնակչության դժգոհությունը, քանի որ խցանումների պատճառ է դարձել։
«Իրականում սա փորձնական մեկ-երկու կտորով արված ծրագիր է, որն ամբողջական ծրագրով տարածվելու է ամբողջ Երեւան քաղաքում։ Եվ ավտոբուսային գծեր մենք տեսնելու ենք Երեւան քաղաքի շատ եւ շատ փողոցներում, որովհետեւ դա անհրաժեշտություն է, եւ դրանով մենք հանրային տրանսպորտին տալիս ենք առաջնահերթություն»,- ասաց նա։
Ավինյանը հավելեց, որ դա նաեւ նպաստում է, որ իրենց սեփական ավտոմեքենաներով երթեւեկողներն ավելի հարմարավետ տեղափոխվեն։
Ավինյանի խոսքով՝ Նոր Նորք վարչական շրջանում բնակիչների արծարծած հիմնական խնդիրները վերաբերվում են բակային տարածքներին, այգիներին, կոյուղուն, ճանապարհային խցանումներին։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ