Այսօր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը եւ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել:
Aravot.am-ը Ռուբեն Վարդանյանին հարցրեց՝ այս օրերին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը մարիոնետներ են, որոնք ներկայացնում են աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոններ եւ աշխարհաքաղաքական վեկտորի շահերն են ներկայացնում ընտրություններում, ակնհայտ է չէ՞, որ ձեր կապը աշխարհաքաղական մի կենտրոնի հետ փորձում են օգտագործել՝ դիրքորոշում ձեւավորելու ընտրողների շրջանում, ինչպե՞ս կարձագանքեք։
Նա պատասխանեց. «Շատ ցավ է պատճառում պահելաձեւը քաղաքական դաշտում, ընդհանրապես հասարակության մեջ այն մակարդակը, որ մենք իջեցրել ենք ընդհանուր բարոյական շեմը, դա անընդունելի է: Օրինակ, Անդրանիկ Քոչարյանը խոսում է ճնշման մասին: Ալեն Սիմոնյանը խոսում է ինչ-որ մարիոնետների մասին, նրանք չեն հասկանում, որ դա առաջին հերթին իրենց մակարդակն է, իրենց մտածելակերպը, թե իրենք ոնց են նայում աշխարհին։ Երկրորդը՝ վնաս են պատճառում ՀՀ-ին ու Արցախի դիրքերին։ Երրորդը՝ ցույց են տալիս իրենց թուլությունը, որ իրենք այնքան թույլ են, որ միակ պատճառը, որ իրենք պարտվելու են, ցույց են տալիս, որ պատճառը դրսից է: Ոչ, դուք պարտվելու եք, որովհետեւ դուք թույլ եք, անգրագետ եք, չեք կարողանում ներկայացնել մեր երկիրը ո՛չ միջազգային դաշտում, ո՛չ ներսում։ Ձեր պահելաձեւը, մարդկանց վրա թքելը, Արարատ սարը դարձնելը ոչ հայկական եւ նման բաներն են բերելու նրան, որ դուք պարտվելու եք, ոչ թե որովհետեւ ինչ-որ դրսի ուժեր ազդել են դրա վրա:
Որպես անձ, իմ պատմության, իմ բոլոր քայլերի մեջ, կարող եմ հանգիստ նայել ձեր աչքերի մեջ ու ասել՝ ինչ արել եմ, արել եմ իմ հայրենիքի համար: Իսկ այս ամբողջ բամբասանքները, սպեկուլյացիաները, Թաթարստանի հետ կապված թեման, որը մատից ծծած է, եթե ինչ-որ մեկը նայել է այդ հաղորդումը, ես ներկայացրել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը կարող է լինել բուֆերային գոտի, կապող ուժը Պարսկաստան, ՌԴ, Արեւմուտք, Արեւելք, կարող է դառնալ հետաքրքիր կենտրոն։ Իսկ իրենք են տանում իրենց գործողությամբ նրան, որ այդքան թուլացնեն մեզ, այնքան վնաս բերեն, որ ի վերջո կործանվենք: Եվ այն, ինչ օգտագործում են իմ դեմ, ցույց է տալիս իրենց թուլությունը, անկարողությունը ինչ-որ ուրիշ բան գտնել իմ գործունեության մեջ: Դրա համար ես հանգիստ եմ վերաբերվում դրան, որովհետեւ դա ցույց է տալիս իրենց թուլությունը»:
Կարդացեք նաև
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է պատրաստվում աջակցել Մանե Թանդիլյանին՝ հաղթելու դեպքում, օրինակ, ճոպանուղու համակարգի հետ կապված շատ են հարցնում, որ դա ծախսատար է, ինչպե՞ս եք Դուք աջակցելու՝ Ռուբեն Վարդանյանը պատասխանեց. «Իմ աջակցության հետ կապված, ամենակարեւոր բանը, որ ես փորձելու եմ օգնել «Ապրելու երկրին», դա այն է, որ մեծամասնությունը մեր կարողության ներդրել ենք Հայաստանի, Արցախի, հայկական աշխարհի մեջ: Ես փորձելու եմ օգնել «Ապրելու երկիր» կուսակցությանը, որովհետեւ վստահություն կա իմ նկատմամբ, իմ գաղափարների նկատմամբ։ Մենք փորձելու ենք իրականացնել պրոյեկտներ, դրանք իսկապես ծանր պրոյեկտներ են, հեշտ չի: Դա գումարի հարց չի, այս բոլոր պրոյեկտների իրականացման մեջ պահանջվելու է մեծ մասնագիտական ունակություն։ Ես վստահ եմ, որ իմ փորձը, կապերն ու ռեսուրսներն են ամենակարեւորը լինելու, իհարկե, ֆինանսական աջակցությունն էլ է, բայց դա երկրորդական է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ