Այսօր հրավիրած ասուլիսում Aravot.am-ը «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին հարցրեց՝ «Ականատես» դիտորդական առաքելությունը ահազանգում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նվեր քարտեր եք բաժանում, ասում, որ անակնկալներ են սպասվում սեպտեմբերի 17-ից, սա դիտարկվում է որպես ընտրակաշառք եւ Քրեական օրենսգրքի 221 հոդվածի հանցակազմ են տեսնում, դիմել են դատախազություն, ինչպե՞ս կպարզաբանեք:
Մանե Թանդիլյանն ի պատասխան նախ ողջունեց «Ականատես» դիտորդական առաքելության գործունեությունը, որովհետեւ նաեւ բացահայտել են, թե ՔՊ-ն իր ԶԼՄ-ների միջոցով ինչպիսի հակաքարոզչություն է կազմակերպում իր անձի, ընտանիքի դեմ. «Բացահայտում են, թե ինչ ոտնձգություններ են անում, ինչ կեղտոտ գործիքակազմով ինտենսիվ հակաքարոզչություն են անում: Ես իրենց խորհուրդ եմ տալիս լսել, թե ինչ է խոսում Տիգրան Ավինյանը, երբ ասում է՝ սոցապնախարարի հետ շրջում ենք, լսում, թե ինչ սոցիալական հարցեր են բարձրացնում, կաջակցենք մեր հայրենակիցներին, ուղիղ դրամական խոստում է դա: Երբ խոսում է պարտքերի համաներման մասին, սա ուղիղ դրամական խոստում է, ընդ որում ասում է՝ երեւանցիներին: Խնդրում եմ, որ հարգարժան «Ականատեսը» նաեւ ուշադրություն դարձնի այդտեղ:
Ինչ վերաբերում է քարտերին, որոնք քարոզչական բնույթ ունեն, վրան գրված է՝ գնա ընտրության, եղիր երեւանցի: Սա խրախուսում է ընտրություններին մասնակցության: Մենք քննարկում ենք ունեցել իրավաբանների, պրոֆեսիոնալների հետ, դրանում որեւէ ընտրակաշառքի հանցակազմի առկայություն չկա, ստացել ենք հիմնավոր պատասխաններ, նոր ենք այդ միջոցը ձեռնարկել, որպեսզի երեւանցիները անպայման մասնակցեն: Մեզ ասում են՝ իսկ ի՞նչ անակնկալ է լինելու, օրինակ, եթե գնան ընտրության, օրինակ, իրենց համար անակնկալ է լինելու, որ իշխող ուժը պարտվելու է, դա անակնկալ է: Այստեղ ակնհայտորեն խոսք չի գնում որեւէ դրամական, անակնկալը կարող է լինել բարոյական եւ հոգեբանական: Վստահ եմ որ դատախազությունը հանցակազմ չի տեսնելու»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ