«Բերդ» պարային անսամբլը այս տարի աշխարհի ամենահեղինակավոր փառատոներից մեկի հրավերով շուրջ 5 շաբաթ գտնվում էր Ֆրանսիայում: «Բերդը» հանդես է եկել ֆրանսիական մի քանի քաղաքներում կայացած 5 միջազգային փառատոներին, որոնց մասնակցում էին աշխարհի ավելի քան 40 երկրներ ներկայացնող պարային համույթներ եւ ժողովրդական կոլեկտիվներ:
Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց «Բերդ» պարային անսամբլի տնօրեն Ստեփան Գեւորգյանը: Նրա խոսքով, «Բերդ» պարային անսամբլը զուգահեռաբար հանդես է եկել նաեւ մի շարք մենահամերգներով ու համերգներով Ֆրանսիայի 15 քաղաքներում՝ ներկայացնելով հայկական ազգային պարը:
«Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանի ձեւակերպմամբ, հայոց մշակույթը ներկայացնող արտիստները մոգական ուժով էին վարակում ներկաներին, ինչի համար նա շնորհակալություն հայտնեց բոլոր երաժիշտներին, պարողներին, պարուհիներին, որոնք առաջին հայացքից հեշտ թվացող, բայց իրականում ծավալուն աշխատանք կատարեցին՝ Ֆրանսիայի 15 քաղաքներում ներկայացնելով հայկական մշակույթը, հայկական պարարվեստն, երաժշտությունն ու նվագարանները:
Կարեն Գեւորգյանը նաեւ տեղեկացրեց, որ Եվրոպայում դուդուկին նվիրված գիտաժողով է եղել, իսկ Մոնթուաղի միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը վստահված է եղել Հայաստանին, բացման ամբողջական բեմադրությունը իրականացրել է ինքը: Փառատոնի փակումը կատարել է Արգենտինան:
Կարդացեք նաև
Կարեն Գեւորգյանի խոսքով, Մոնթուաղի փառատոնը խոշորագույններից է, եւ փառատոնի համար հոբելյանական տարում հրավիրված էին վերջին 50 տարիների լավագույն համույթները: Տարին հոբելյանական է նաեւ «Բերդի» համար, անսամբլը նշում է հիմնադրման 60 տարին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ