Լրահոս
Օրվա լրահոսը

Երկակի խնդրահարույց է հանգամանքը, որ միջազգային չափանիշներին համապատասխան չլինելով հանդերձ հանցակազմը կիրառվում է ընդդիմադիր գործիչների դեմ. հայտարարություն

Սեպտեմբեր 06,2023 15:22

2023 թ․ սեպտեմբերի 4-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների կողմից գումարի դիմաց քարոզարշավին մարդկանց ներգրավելու վերաբերյալ փաստեր։ Ըստ հրապարակման՝ սոցիալական ցանցերի միջոցով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար հավաքագրում են երթերի մասնակիցներ՝ յուրաքանչյուր մեկ ժամի համար առաջարկելով 1000-ական դրամ։ Վերջիններիս տրվում են հանձնարարություններ որոշակի հագուստ կրելու, անձնական տվյալներ տրամադրելու և կուսակցության գլխամասային գրասենյակ այցելելու վերաբերյալ։

Նկարագրված փաստերը ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմին։ 2022 թվականից նշված հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի, ինչպես նաև ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանի և Գառնիկ Մանուկյանի նկատմամբ, ինչին Կոմիտեն անդրադարձել է իր նախորդ զեկույցներում։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է նշված հանցակազմի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին չհամապատասխանելու հարցին և առաջարկել դադարեցնել դրա գործողությունը։ Հավաքների ազատության իրավունքի համատեքստում Եվրոպայի և ԵԱՀԿ տարածաշրջանի լավագույն փորձը և չափանիշները ներկայացված են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մշակված Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցում։ Ըստ ուղեցույցի 52-րդ պարբերության՝ «Հավաքներին մասնակցության խրախուսումը չպետք է իրավական կարգավորման ենթարկվի, քանի դեռ նման խրախուսանքի տրամադրումը չի հակասում օրենքով նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ սահմանված, համաչափ սահմանափակումներին»։

Հանցակազմը, առկա խմբագրությամբ, չի անդրադառնում նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանափակումներին։ Երկակի խնդրահարույց է այն հանգամանքը, որ միջազգային չափանիշներին համապատասխան չլինելով հանդերձ այն կիրառվում է ընդդիմադիր գործիչների դեմ, մինչդեռ իշխող կուսակցության անդամների կողմից գումարի դիմաց ցուցարարները հավաքագրվում են նախընտրական քարոզչության ընթացքում։ Հարկ է նշել, որ Երևանի ավագանու ընտրությունները իրենց ծավալով և քաղաքական կարևորությամբ երկրորդն են՝ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո։

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930