«Ցավոք, մենք պետք է արձանագրենք, որ Երևանում, ընդհանրապես ամբողջ Հայաստանում տիրում է մեկ ուժի իշխանություն, մեկ մարդու իշխանություն։ Այս պարագայում ասել, թե ավագանին վերահսկում է քաղաքապետի գործունեությունը, ճոխ կլինի»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Հանրային մասնակցությունն ու հաշվետվողականությունը քաղաքի կառավարման գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Արթուր Սիմոնյանը։
Ըստ նրա՝ վերջին մեկ տարվա ընթացքում Տիգրան Ավինյանն օկուպացրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը․ «Չլինելով քաղաքապետ՝ ամբողջ այդ ֆունկցիան վերցրել է իր վրա։ Երևանում, որ հարցնենք, թե ով է քաղաքապետը, երևի իր անունն ավելի շատ կտան, քան այն մարդու, որը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Մինչդեռ եթե ավագանին լիներ ավելի հեղինակավոր, կարող էր որոշակիորեն մեղմացնել այս իրավիճակը։ Եթե ավագանու մեծամասնությունը չլիներ ՔՊ-ն, որոշակի հնարավորություն կլիներ կառավարելու և վերահսկողության մեխանիզմներն ավելի լավ կիրառելու։ Օրենսդրական առումով կա գործիքակազմ, ուղղակի կիրառելիության հարց է։ Վերջին մեկ տարում տեղի է ունեցել ՔՊ-ի և Ավինյանի PR-ը և ոչ թե այլ բան»։
Այս հայտարարություններից հետո թեժ բանավեճ սկսվեց ավագանու անդամների միջև։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Ռուզաննա Երեմյանն ասաց․ «Պարոն Սիմոնյան, Ձեր այսօրվա խոսքն ինձ հիշեցրեց երեկվա պարոն Նորիկյանի ասուլիսը։ Որևէ տարբերություն չտեսա։ Բայց մենք այսօր ուրիշ թեմա ենք քննարկում։ Ինձ համար անհասկանալի է, որ մի քաղաքական ուժի ղեկավար, որն ասուլիսի սկզբում խոսում է բոլոր ուժերի հետ միասնական թեկնածուով հանդես գալու մասին, հետո վերջում պիտակավորում է Եվրոպական կուսակցության ներկայացուցիչներից մեկին, հետո խոսում է, որ թալանչիների հետ կոալիցիայով աշխատելու չի գնա։ Դուք մեղադրանք եք ներկայացնում ՔՊ կուսակցությանը և համարում եք մեկ անձի իշխանություն։ Խնդրում եմ գնահատականներում լինենք կոռեկտ, հարգենք հարյուր հազարավոր քաղաքացիներին, որոնք իրենց ձայնը տվել են ՔՊ-ին տարբեր ընտրությունների ժամանակ»։
ՔՊ-ական ավագանու թեկնածուն նշեց, որ Երևանի ավագանին վերջին հինգ տարիներին գործել է ծանր պայմաններում՝ պատերազմ, քովիդ․ «Երևանի ավագանին դիմագրավել է բազմաթիվ փորձությունների։ Մեր գործընկերները հանդես են բերել քաղաքական զգոնություն և լուծել բազմաթիվ խնդիրներ։ Ինչ վերաբերում է մեկ անձի իշխանությանը, ես Ձեզ հետ համաձայն չեմ, քանի որ ՔՊ-ն ժողովրդավարական արժեհամակարգ ստեղծած կուսակցություն է, այն գաղափարախոսությունը, որ կրում ենք, նաև իրականացնում ենք այն բոլոր հարթակներում, որտեղ ունենք քաղաքական պատասխանատվություն»։
Կարդացեք նաև
Արթուր Սիմոնյանն էլ խորհուրդ տվեց ամեն պատեհ ու անպատ առիթով ժողովրդի քվեն չմեջբերել․ «Ձեր ծրագրերում և գործողություններում դուք վաղուց եք շեղվել ժողովրդի կողմից մանդատ տալու ժամանակ ժողովրդին ձեր տված խոստումներից։ Շատ են բացթողումները երկրի և Երևանի կառավարման գործում։ Նորմալ է, որ իմ ու Նորայր Նորիկյանի խոսույթները կարող են համընկնել։ Ես ընդամենը խորհուրդ կտամ՝ ավելի ուշադիր լսեք, լսեք եք նրա խոսքը, բայց Ձեր ցանկացած ձևով եք մեկնաբանում։ Այնտեղ խոսքը քաղաքական դաշտը քաղաքական միտք ունեցող մարդկանցով լցնելու մասին է։ Խոսք չկար որևէ մեկին անտեղի պիտակավորելու մասին»։
«Հաղթանակ» կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Անդրանիկ Ուգուջյանի դիտարկմամբ՝ Երևանի ավագանու մի քանի անդամներ են, որ ռեալ քաղաքի հետ կապված խնդիրեր են արծարծել․ «Մարդիկ կան, որ երեք տարվա ընթացքում չեմ էլ տեսել, որ խոսեն։ Թեժ խնդիրների լուծման հետ կապված Երևանի ավագանու անդամներից շատերը չեն ներգրավվել։ Երևանի քաղաքապետարանն այնքան չի հարգում ավագանու ինստիտուտը, որ ավագանու հարցումներին չի պատասխանում անգամ։ Վերջին հինգ տարիներին այս ինստիտուտը չի գործել։ Մի քիչ գեղեցիկ չէ, բայց կոճակ սեղմողի դեր է կատարել։ Չեմ տեսել ավագանու որևէ անդամի, որ գնա ասֆալտի վերանորոգումից հետո բարձրաձայնի, որ լյուկերը նորից փոսերով են, որակյալ չի կատարվել։ Ավագանին որպես ինստիտուտ, կարելի է ասել, չի գործել։ Ամիսը, երկու ամիսը մեկ գնացել նստել, որոշումներ են կայացրել, անվանակոչումներ արել ու վերջ։ Ոչ մի ավագանու անդամի չեմ տեսել, որ Երևանի խնդիրներին սրտացավությամբ մոտենա՝ բացառությամբ մի քանի անդամների»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի