Երեւանի ավագանու ընտրություններում Վարդան Ղուկասյանի «Հանրային ձայն» կուսակցության քվեաթերթիկի թիվ 1–ն է: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակում մեղադրվում է շորթման, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, տարբեր մարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար, սակայն մեղադրանքը չի ընդունում:
«Հանրային ձայնի» ցուցակի առաջին համարը՝ Արտակ Գալստյանը, կալանավորված է: Կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է (լուսանկարում), որը 2000 թ. ստեղծել է Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, այնուհետև անդամակցել ԲՀԿ -ին, հետո՝ «Ծառուկյան» դաշինքին, ավելի ուշ ձեւավորել է «Ալյանս» կուսակցությունը։
Aravot.am-ը զրուցել է Տիգրան Ուրիխանյանի հետ: «Մեր ծրագրային, նպատակային վաղուց եւեթ՝ մինչեւ ընտրությունները հռչակված գլխավոր խոստումներից եւ կետերից մեկը իշխանափոխությունն է, հետեւաբար ինքնին քարոզարշավը հայաստանյան իրականության մեջ ունի յուրահատկություն:
Երկրորդ, ես իմ բացահայտումների շարքով, Վարդան Ղուկասյանը՝ իր հայտնի շարքով, թիմակիցները՝ գործողություններով, մեր քարոզարշավն իրականացնում ենք:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է սահմանային լարվածությանը, այս օրերին, ինչպես նաեւ անցած ամիսների ու տարիների ընթացքում անընդհատ հայտարարել ենք, որ պատերազմը անխուսափելի է, որովհետեւ սույն իշխանություն կոչվածների թայֆան զոռով բերվել է իշխանության նրա համար, որպեսզի Հայաստանում եւ տարածաշրջանում հրահրի պատերազմական գործողություններ եւ կորուստներ՝ ազգային, պետական, տարածքային եւ այլն»,-ասաց մեր զրուցակիցը:
Խոսելով ՔՊ-ական պաշտոնյաների՝ արձակուրդում չգտնվելով՝ Տիգրան Ավինյանի քարոզարշավին մասնակցելու մասին, Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Այս դեպքում խոսքը անհայրենիք, ապաշնորհ, չտես, պետականության զգացում եւ բարոյականության տարրական նորմեր չունեցողների խմբի մասին է…Դուք իսկապե՞ս համարում եք, որ հասարակությունը, ժողովուրդը պիտի լուրջ վերաբերվի՞ սրանց, սրա՞նց պետք է վստահենք մեր երեխաների ու մեր ապագան, ճակատագիրը, երկրի անվտանգությունը, իհարկե՝ ոչ»:
Նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ ԲՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ալյանս» ու հիմա էլ «Հանրային ձայնի» հետ մասնակցում է Երեւանի ավագանու ընտրություններին: «Իշխանությունների տակը մտած, նախկինում ուժ հանդիսացող, իսկ հիմա անձնական շահեր սպասարկող քաղաքական միավորների հետ ի՞նչ ճանապարհ… Իմ լեզուն երկար է այն իմաստով, որ ես միակն եմ եղել, որը հրաժարվել է այս իշխանությունների հետ համագործակցել, հարաբերվել: Ես բացահայտումների երրորդ շարքում կհրապարակեմ, թե ինչ առաջարկներ են եղել Նիկոլի եւ իր ներկայացուցիչների կողմից այդ շրջանում:
Ու մարդը, որը հրաժարվել է այդ ամենից, իրավունք ունի խոսելու այդ ամենի մասին…Բնականաբար՝ ոչ, ոչ ու ոչ համագործակցությանը նրանց հետ, ովքեր էժան ծախվեցին, կամ վախից մտան սրանց տակ: Իմ դիրքորոշումը շատ կտրուկ է, եւ ես այլեւս կաշկանդված չեմ պատգամավորական էթիկայի նորմերով: Ցավոք սրտի, էքստրեմալ իրավիճակը պահանջում է էքստրեմալ գործողություններ»,-ասաց Հանրային ձայնի ցուցակի երկրորդ համարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ