Երևանն ու Բաքուն բանակցություններում «կարևոր առաջընթաց» են գրանցել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ, որի 70%-ը բավարարում է երկու կողմերին էլ: Այս մասին սաուդական Arab News պարբերականի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ չնայած դրան՝ Հայաստանը խոչընդոտում է խաղաղության գործընթացը:
«Գոյություն ունեն տարբեր հարթակներ (Բաքվի ու Երևանի միջև խաղաղության բանակցությունների համար-խմբ.): Մենք դրանցից որևէ մեկին նախապատվություն չենք տալիս: Մեր մոտեցումն այն է, որ մենք ողջունում ենք բոլորին, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ խաղաղության հաստատման գործում»,- ասել է Հաջիևը:
Նա ուշադրություն է հրավիրել բրյուսելյան ձևաչափի վրա, «որը սատարում է [ԵՄ խորհրդի] նախագահ Շառլ Միշելը, ԱՄՆ-ի և «պետքարտուղար Էնթոնի Բլինքենի անձնական մասնակցության» վրա, որոնք «շատ բան են արել», ինչպես նաև Ռուսաստանի ջանքերի վրա, որը «տարածաշրջանի մաս է և պատմական կապեր ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»:
«Եթե որևէ կողմ ցանկանում է ունենալ իրական, անկեղծ ու ազնիվ ներդրում խաղաղության գործընթացի առաջմղման մեջ, ադրբեջանցիները լիարժեք դա սատարում են»,- ասել է Հաջիևը:
Կարդացեք նաև
Նա նաև ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է ստորագրել խաղաղության պայմանագիրը և շրջել տարածաշրջանում դիմակայության էջը: «Մենք կցանկանայինք ապրել խաղաղ: Բայց գնդակը Հայաստանի դաշտում է: Որքան շուտ նրանք գիտակցեն այդ իրականությունը, այնքան լավ կլինի նրանց համար»,- ասել է Հաջիևը:
Նա նաև ասել է, որ «Ադրբեջանի դեմ Հայաստանի կեղտոտ քարոզչությունը մեզ շեղել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ուղուց», որոնք կողմերն անցկացրին ԱՄՆ-ում: Ըստ Հաջիևի՝ Բաքուն ու Երևանն այդ բանակցություններում կարողացել են հասնել «շատ կարևոր առաջընթացի», կողմերը «խաղաղության պայմանագրի նախագծի կետերի մոտ 70%-ի վերաբերյալ» առանձնահատուկ առարկություններ չունեն»:
«Խաղաղության պայմանագրի ստորագրումն ամբողջությամբ կփոխի Հարավային Կովկասի լանդշաֆտը: Բայց Հայաստանի վարչապետը մի կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից, նախկինի պես, պահպանում է մեր տարածքում հայկական զինված ուժերի ներկայությունը: Նա մինչ այժմ ֆինանսավորում է անօրինական և ենթակա ռեժիմը մեր տարածքում»,- ասել է Հաջիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ