Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի հետ աշխատանքային պրոցես է, մենք մի բան ենք ասում, իրենք` մի ուրիշ, մենք ուզում ենք հասնել մեր նպատակներին». Գուրգեն Արսենյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2023 10:18

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Գուրգեն Արսենյանը, որն, ըստ լուրերի, առաջիկայում ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու, մեզ հետ զրույցում ասաց, թե հայ-ռուսական հարաբերություններում արտասովոր լարում չկա, հարաբերությունները ճշգրտելու բնականոն ընթացք է, եւ պետք չէ արհեստական լարում մտցնել։ Ի՞նչ կարծիքի է ռուսաստանյան այն տեսակետի մասին, թե Հայաստանն Արեւմուտքի ձեռքին հակառուսական գործիք է դարձել, որը կարող է վատ հետեւանքներ ունենալ։ Գուրգեն Արսենյանը դիվանագիտական պատասխան տվեց․ «ՀՀ վարչապետի կողմից հնչեցված թեզերը նկարագրությունն են այն իրավիճակի, որն այս պահին կա: ՌԴ-ի պատկան մարմինների կողմից հնչեցված տեսակետները մի քիչ ներվային արձագանք են այն իրականությանը, որում մենք ապրում ենք, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի եւ Ռուսաստանի պետական մարմինների կողմից գործողություններ են արվում, որպեսզի վատթարացվեն հայ-ռուսական հարաբերությունները: Դրանք ընթացիկ, օրակարգային, առօրյա վիճակ են: Առօրյա՝ որովհետեւ ՀՀ ղեկավարությունը սպասարկում է Հայաստանի շահերը, Ռուսաստանի պատկան մարմինները ձգտում են իրականացնել իրենց երկրի շահերը։ Ուստի սրանք ընթացիկ, ոչ մի ցնցում չպահանջող գործընթացներ են, եւ ստրատեգիական հետեւություններ անելու հիմքեր չկան»։

Գուրգեն Արսենյանի խոսքով՝ այս իրավիճակում փորձագետի անվան տակ հայտնված քարոզիչները միայն դժնդակ կանխատեսումներ են անում․ «Աշխատանքային նորմալ պրոցես է, մենք մի բան ենք ասում, իրենք` մի ուրիշ  բան, մենք ուզում ենք հասնել մեր նպատակներին»։ Ինչ վերաբերում է Զատուլինի արձագանքին, ապա, ՔՊ-ական պատգամավորի գնահատմամբ, Զատուլինն ունի անձնական դրդապատճառ․ «Իրեն էլ կարելի է հասկանալ»:

Ըստ Արսենյանի՝ այդ կոշտ դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ Զատուլինի մուտքը Հայաստան արգելվել է․ «Աշխարհաքաղաքական լուրջ շրջադարձ ակնկալող պրոցես չկա»: Մեր դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների գործողություններից տեսանելի է արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության միտումը, պատգամավորն արձագանքեց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին վեկտորային պրոցեսները փոքր-ինչ խամրել են, որովհետեւ ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական, տեկտոնական լուրջ տեղաշարժեր են տեղի ունենում՝ դրսում, մենք մեր ազատությունը չունենք: Սակայն հասկանալով, որ նման պրոցես է տեղի ունենում, մենք ամրապնդում ենք մեր կայունությունը»։

Ոչ վաղ անցյալում հակառուսական որոշ արտահայտություններ արած Արսենյանի դիրքորոշումներում նկատելի փոփոխություններն արդյոք պայմանավորվա՞ծ են նրանով, որ առաջիկայում հնարավոր է դաշնակից պետությունում դեսպան նշանակվի: Այս հարցին Գուրգեն Արսենյանը չցանկացավ պատասխանել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930