Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ ունեցող երեխաների խնդիրներից մեկն օպերատիվ՝ աշխատանքային հիշողության հետ կապված խնդիրն է, երբ երեխան չի կարողանում տեղեկությունն իր մտքում բավականին երկար պահել՝ այն հետագայում օգտագործելու համար։ Աշխատանքային հիշողությունը կապված է երկարաժամկետ հիշողության հետ, և երբ այն թույլ է, երեխան դժվարանում է ուշադրության կենտրոնացման, սովորելու, հիշելու և շատ այլ հարցերում։
Մանկահասակ շատ երեխաներ ունեն օպերատիվ հիշողության հետ կապված խնդիրներ, սակայն ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշ ունեցող երեխաները կարող են միաժամանակ ճանաչողական այլ խնդիրներ էլ ունենալ, օրինակ՝ գործնական այն կարողությունների հետ կապված, որոնք օգնում են պլանավորել, առաջնահերթություններ սահմանել, առաջադրանքներ կատարել և այլն։
Սույն հոդվածում մենք դիտարկում ենք այն եղանակները, որոնք նպաստում են երեխաների աշխատանքային հիշողության բարելավմանը, սովորելիս հաջողության հասնելուն։
Զարգացրեք երեխայի հիշողությունը խաղերի միջոցով
Կարդացեք նաև
Երեխայի հմտությունները կարելի է զարգացնել՝ միաժամանակ զվարճանալով։ Քարտային խաղերը լավ տարբերակ են, քանի որ այդ տեսակի խաղերի ընթացքում երեխաները պետք է հիշեն խաղի կանոնները, ինչպիսի քարտեր են իրենց հարկավոր խաղի ընթացքում և որ քարտերն են օգտագործել մյուս խաղացողները։ Սեղանի այլ խաղերը՝ բառախաղերը, թվային խաղերը ևս մարզում են հիշողությունը՝ տեսնելու, լսելու, հիշելու և տեղեկությունը կրկնելու օգնությամբ։
Թույլ տվեք երեխային սովորեցնել ձեզ
Եթե ցանկանում եք, որ երեխան հիշի այն, ինչ սովորել է, ապա թույլ տվեք, որ նա սովորեցնի ձեզ։ Ինչ-որ մի բան սովորեցնելու համար մարդը նախ պետք է կարողանա հիշել այդ տեղեկությունն ու գործածել այն։ Ուսուցիչները հաճախ են այդ մեթոդը կիրառում դասավանդելիս՝ աշակերտներին հնարավորություն տալով սովորեցնելու միմյանց։
Այսպես, երբ երեխան նոր բան է սովորում, նոր հմտություն է յուրացնում, խնդրեք, որ ձեզ էլ սովորեցնի՝ լինի դա մաթեմատիկական առաջադրանք, թե որևէ մարզաձև։ Այս եղանակը ոչ միայն նպաստում է երեխայի հիշողության բարելավմանը, այլև նրա ինքնավստահության բարձրացմանը։
Խթանեք ակտիվ ընթերցանությունը
Ընթերցելիս խնդրեք երեխային նշումներ կատարել, ընդգծել իրեն հետաքրքրող հատվածները, պատմել այն մասին, ինչ կարդացել է։ Ակտիվ ընթերցանության այդ հմտությունները կօգնեն յուրացնել ու հիշել մանրամասները՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարում։
Զարգացրեք հմտությունները
Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաներն առավելագույն օգուտ են քաղում իրենց աշխատանքային հիշողությունից, երբ շարունակաբար նոր հմտություններ են յուրացնում, պարզապես պահանջները պետք է ավելացնել աստիճանաբար։
Կրկնեք տեղեկությունը
Կրկնությունը ոչ միայն գիտության, այլև հիշողության մայրն է, և սովորելու ընթացքում այն օգնում է երեխային երկարաժամկետ հեռանկարում հիշել այն ամենն, ինչ ուսումնասիրել է։
Օգտագործեք պատկերային հնարավորությունները
Տարատեսակ պատկերները, ցուցանակները, աղյուսակները կարող են շատ օգտակար լինել․ դրանք կարելի է կիրառել ամենատարբեր եղանակներով, օրինակ՝ առաջադրանքները կատարելուն ուղղված քայլերը պատկերող նկարների տեսքով։ Եթե երեխան դժվարությամբ է սովորում կոնկրետ տեղեկությունը, օրինակ՝ բազմապատկման աղյուսակը, ապա նրան կարող են օգնել տեսանելի վայրում փակցված պլակատները։
Տվեք կարճ հրահանգներ
Երեխային որևէ բան հանձնարարելիս, այն բաժանեք կարճ հատվածների՝ նրա օպերատիվ հիշողությունը չծանրաբեռնելու համար։
Օրինակ՝ եթե երեխան շարադրություն է գրելու, օգնեք նրան մի քանի մասերի բաժանել առաջադրանքը․ նախ քննարկեք ասելիքը, ապա օգնեք անհրաժեշտ տվյալներն ու փաստերը հավաքել, պլան գրել, պատրաստել սևագիր տարբերակը և վերջում նոր մաքրագրել այն։
Խուսափեք շեղող գործոններից
Երբ երեխան փորձում է տնային աշխատանք կատարել, նոր բան սովորել կամ կարդալ, փորձեք սահմանափակել շեղող գործոնները՝ աղմուկը, տարատեսակ էկրանների օգտագործումը և այլն։
Կարգապահություն սահմանեք
Երեխաների հիշողությունը մարզելու լավագույն մեթոդներից մեկը սովորությունների մշակումն է, օրվա պլանավորումը։
Օպերատիվ հիշողությունը մկանների նման է, այն ամրացնելու համար ժամանակ, հետևողականություն և փորձ է հարկավոր։
Բոլոր երեխաներն էլ տարբեր ունակություններ ունեն, և տարբեր մոտեցումներ են պահանջում, սակայն համբերատարություն և հետևողականություն ցուցաբերելով՝ կարելի է հաղթահարել ամենատարբեր բարդության խնդիրները՝ այդ ճանապարհին չմոռանալով
ուրախանալ այն փոքրիկ հաջողություններով, որոնք լավ աշխատանքի շնորհիվ կարող են մեծ ձեռքբերումների վերաճել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ