Լրահոս
Օրվա լրահոսը

Օդի մեջ խոսելու փոխարեն

Սեպտեմբեր 06,2023 10:00

«Կարող է մի օր արթնանանք եւ տեսնենք, որ Ռուսաստանն այստեղ չէ», – իր վերջին հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչ խոսք, դա հնարավոր է: Եվ եթե նման միտք արտահայտեր բակի տաղավարում դոմինո խաղացող թոշակառուն կամ (որը գրեթե նույնն է) ֆեյսբուքյան ստատուսագիրը, դա միանգամայն նորմալ կանխատեսում կլիներ: Բայց քաղաքացիների այլ կատեգորիաների եւ, առավել եւս, երկրի առաջին դեմքի համար նման դատողությունները կարելի է շատ մեղմ անվանել ինֆանտիլիզմի դրսեւորում:

Գիտելիքների որոշակի պաշար ունեցող քաղաքացին, հավանաբար, պետք է մտորի, թե որ հանգամանքների ճնշման տակ կարող է նման բան տեղի ունենալ, եւ արդյոք Ռուսաստանի հեռացումը կլինի ժամանակավո՞ր (ինչպես արդեն եղել է), թե՞ մշտական: Հայաստանի ներկայիս իշխանությունը կո՞ղմ է այդ հեռացմանը, թե՞ դեմ: Չէ՞ որ դա անձրեւ կամ կարկուտ չէ, դա քաղաքական գործընթաց է, եւ Հարավային Կովկասի պետությունները կարող են դրան նպաստել կամ խոչընդոտել:

Ենթադրենք, Հայաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են նպաստել Ռուսաստանի հեռացմանը: Զուտ տեսականորեն ես դրան կողմ եմ: Բայց նման հայտարարություններ կամ նույնիսկ ակնարկներ կարելի է անել եթե

1/ կա հստակ պայմանավորվածություն, որ ռուսական ռազմական բազան Գյումրիում անմիջապես փոխարինվելու է ՆԱՏՕ-ի ռազմաբազայով, իսկ ռուս խաղաղապահներն Արցախում՝  միջազգային խաղաղապահ ուժերով,

2/ Ռուսաստանի հետ այդ ուղղություններով բանակցություններ են վարվում,

3/ հաշվի է առնված Իրանի դիրքորոշումը:

Ինձ թույլ կտամ ենթադրելու, որ այս երեք կետերով լուրջ աշխատանք չի տարվում:

Պարզապես սպառնալը՝ «եթե այդպես շարունակվի, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից», ինձ հիշեցնում է որոշակի ուղղվածության լրագրողական ոճը՝ «եթե իմ հետ լավ չլինես, ես քո դեմ իմ ունեցած կոմպրոմատը կհրապարակեմ»: Միջազգային հարաբերություններն այդպես չեն աշխատում:

Իմ տպավորությամբ, Փաշինյանի մոտ ռազմավարական պլանավորմամբ զբաղվում են «արտախորհրդարանական ուժերը», որոնց լիդերներն ամիսը մեկ հանդիպում են վարչապետին, իսկ մնացած օրերին տարբեր եթերներով հուզական ելույթներ են ունենում Պուտինի քաղաքականության մասին: Բայց եթե, այնուամենայնիվ, ռազմավարական հարցերով զբաղվող փորձագիտական խումբ գոյություն ունի, առաջարկում եմ մտածել երկու հարցերի շուրջ.

1/ արդյոք ՌԴ-Արեւմուտք թշնամանքը հավե՞րժ է,

2/ արդյոք Արեւմուտքը շահագրգռվա՞ծ է Ռուսաստանի վերջնական կործանմամբ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Ենթադրենք, Հայաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են նպաստել Ռուսաստանի հեռացմանը: Զուտ տեսականորեն ես դրան կողմ եմ: Բայց նման հայտարարություններ կամ նույնիսկ ակնարկներ կարելի է անել եթե 1/ կա հստակ պայմանավորվածություն, որ ռուսական ռազմական բազան Գյումրիում անմիջապես փոխարինվելու է ՆԱՏՕ-ի ռազմաբազայով»:
    Փաստորեն, Դուք տեսականորեն կողմ եք ուկրաինական սցենարին: Ես հասկանում եմ, որ կողմ կլինեիք Ռուսաստանի հեռացմանը նշված բոլոր 3 կետերի իրականացման դեպքում: Բայց ի՞նչ է նշանակում «այդ ուղղություններով բանակցություններ վարել Ռուսաստանի հետ»: Մի՞թե բանակցություններ վարելը (այն էլ Ռուսաստանի հետ) բավարար պայման է Ռուսաստանի անհետևանք հեռացման համար:
    Դժվար է պատկերացնել ավելի հակառուսական (ավելի շուտ՝ հակասովետական) մթնոլորտ, որպիսին կար մեր ընտանիքում Սովետի ժամանակ: Ձեր խմբագրականներից մեկը, որտեղ ներկայացրել էիք այդպիսի մի ընտանիք, կարծես մեր մասին լիներ: Քաջ գիտակցելով, որ Ռուսաստանի կայսերական նկրտումները այն ժամանակներից առանձնապես չեն փոխվել, զարմանում եմ, թե ինչպիսի թեթևությամբ են նախկին կոմերիտական – կոմունիստական ակտիվիստները դարձել հակառուս – արևմտամետ: Հանկարծ սխալ չհասկանաք, խոսքս Ձեր մասին չէ: Այս ամենօրյա արկածախնդրությունը, ավելի ու ավելի է մեծացնում պատերազմի հավանականությունը: Տպավորությունս այն է, որ այդ քայլերը հենց այդ նպատակին էլ ուղղված են:

  2. Հ. Շ. says:

    Վարչակարգը իր սխալ հաշիւներով եւ անպատասխանատու ելոյթներով, գրգռեց 2020ի թրքական յարձակումը: Հիմա էլ, նոյն մօտեցումն է ցուցաբերում, այս անգամ ալ՝ ՌԴի նկատմամբ: Հաւանաբար կարծելով որ այս պարագային գոնէ, ՆԱՏՕն կը հասնի Հայաստանի օգնութեան:

    Արդարեւ, Մինչեւ հիմա, կը խօսուի ու կը մտածուի միայն թուրքերու ներխուժումին մասին՝ Հայաստանի տարածք: Այդ վախի հիման վրայ է, որ ՀՀ կառավարութիւնը կը վարէ իր ամբողջ քաղաքականութիւնը: Սակայն բնաւ անկարելի չէ, որ Ռուսաստանը, ռազմական գործողութեամբ, բռնագրաւէ Հայաստանի գոնէ մէկ մասը: Ինչպէս որ ըրաւ, օրինակի համար, Վրաստանի պարագային: (Ուկրաինայի հետ բաղդատականը համեմատելի չէ իսկ…) Եւ այդ պարագային, ո՞վ պիտի կարենայ դէմ դնել այդ ներխուժումին… Զորս կ’ամբողջանայ արդէն մի քանի ժամուայ մէջ: Եւ այնպէս մը չէ, որ Հայաստանի բնակչութեան մէջ չեն մնացած Ռուսաստանի համակիրներ…

    Մ. Հայդուկ Շամլեան

    • Հ. Շ. says:

      Հայաստանի մէջ, հայ-ամերիկյան համատեղ զորավարժութիւններու լուրը նոր կարդացի:

      Ուրեմն, այլեւս յստակ է որ Հայաստանի վարչակարգը ՆԱՏՕի հետ ծրագրած է՝ Ուկրաինայի զուգահեռ, Ռուսաստանի դէմ ռազմաճակատ մը եւս բանալ, Անդրկովկասի մէջ:

      Good luck with that (lol).

  3. Լավատես says:

    Կան ընդամենը երկու սուբյեկտ, մեկը, որքան էլ անհավատալի թվա, անունը դնենք ֆինինտերն, մյուսը, որքան էլ անհավատալի թվա, դա ժողովուրդներն են: Պետք է որ լիներ երրորդ սուբյեկտը՝ դա ժողովուրդների մտավորականության քաղաքական բանակներն են, որոնք իրար հետ համագործակցելով պետք է ուղղորդեին իրենց ժողովուրդներին դեպի ռազմավարական համագործակցություն, բայց նրանք դեռեւս քննարկում են ֆինինտերնի օրակարգերը: Ֆինինտէրնի նպատակը՝ մանիպուլացնելով ժողովուրդներին՝ իրենց միակ մրցակցին, նրանց հպատակեցնել, դա շատ պարզ է կատարվում, փոքրաքանակ խելոքներին ճնշելու համար մեծաքանակ անգրագետների են քսի տալիս նրանց վրա, փոքրաքանակ ոգեղենների վրա քսի են տալիս մեծաքանակ փոքրոգիներին: Ժողովուրդը դրա դեմը կառնի միայն իր մտավորականության առաջնորդությամբ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930