Լրահոս
Օրվա լրահոսը

4 տարեկան երեխան չէր կարող ինքնուրույն որոշել իր բնակության վայրը

Սեպտեմբեր 06,2023 14:00

Երեխաներին վերաբերող վեճեր քննելիս դատարանները պետք է հաշվի առնեն երեխայի լավագույն շահը, մասնավորապես, թե իրենց որոշումները ինչ հետեւանք, ազդեցություն կարող են թողնել երեխայի հոգեկան, բարոյական աշխարհի վրա, այսինքն, այդ շահը չլինի երեխայի դեմ:

Դատական գործընթացները, որոնք տեղի են ունենում, հիմնականում դռնփակ են:

Մի դեպքում այն առնչվում էր միակ ծնողից բաժանված 4-ամյա աղջնակի խնամակալության, տեսակցության խնդրին, մյուս դեպքում՝ զուգահեռ քրեական գործով ընթանում է դատաքննություն, սպանության (2022թ. մայիսի 4-ի լույս 5-ի) հանցակազմով երեխայի հոր նկատմամբ: Հետեւաբար, զերծ կմնամ որոշակի անձնական տվյալներ հրապարակելուց, կտեղեկացնեմ միայն հորական տատի եւ պապի բողոքը, որով նրանք դիմել են «Առավոտի» խմբագրություն, կներկայացնեմ նաեւ իրավական այն ակտը, որով գնահատական է տրվել նրանց որոշակի իրավունքների խախտման վերաբերյալ:

Բողոքաբեր կողմը դատական ատյանով շահել է դատը, նրանց վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի: Դատարանն անցյալ տարի՝ 2022թ. նոյեմբերի 17-ին վերացրել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 16-ի որոշումը. կայացրել նոր որոշում, որով հայցի ապահովման նոր միջոցի կիրառումով, թույլատրել է տեսակցություն հորական տատ ու պապի հետ՝ բավարարել ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձանց միջնորդությունը:

Ըստ դատարանի, առաջին երեք ամսվա ընթացքում թոռնուհին յուրաքանչյուր շաբաթ չորեքշաբթի օրը երկու ժամով կտեսակցի տատի, պապի հետ, հարկադիր ծառայությունն ապահովող ծառայության վարչական շենքում՝ հարկադիր ծառայողի պարտադիր ներկայությամբ: Դատարանն արձանագրել էր. «Դատարանը էական նշանակություն պիտի տա այն հանգամանքներին, որոնք կարող են վկայել երեխայի եւ ազգականի շփման պարագայում երեխայի լավագույն շահի վտանգման հնարավորության մասին»:

Երեխան մինչ օրս գտնվում է մորական պապի մոտ, վերջինիս դատարանը պարտավորեցրել է, որպեսզի շաբաթվա նշված օրը նա երեխային ներկայացնի հարկադիր կատարումն ապահովող մարզային բաժին, որտեղ երեխան կտեսակցի տատի ու պապի հետ: Սակայն, ըստ բողոքաբեր կողմի, այդ որոշումից մինչ օրս, երեխայի հետ տեսակցությունը տեղի չի ունեցել, այսինքն, դատարանի որոշումը չի կատարված, չի ապահովված «երեխայի հետ տեսակցելու անհամեմատ քիչ ժամերը»:

Կալանքի տակ գտնվող հայրը նույնպես հայցով դիմել էր դատարան, ընդդեմ աներոջ եւ իրավասու մարմնի՝ համայնքի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի՝ երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին: Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այն, որ 4 տարեկան երեխան չէր կարող ինքնուրույն որոշել իր բնակության վայրը, իսկ խնամակալն էլ հայցը դատարան ներկայացնելիս արդեն իսկ խնամակալ չէր…Բողոք բերած անձանց ներկայացուցիչը շեշտել էր. «Երեխան առանց օրենքով սահմանված որեւէ հիմքի է հանձնվել մորական պապին, հաշվի չառնելով, որ հենց նման դեպքի համար է օրենսդիրը երաշխավորել եեխայի եւ անազատության մեջ գտնվող ծնողի շփման իրավունքը»:

Լրատվամիջոցին դիմած երեխայի տատն ու պապը ներկայացրել էին նաեւ մի շարք փաստաթղթեր, հրավիրելով մեր ուշադրությունը այն փաստի վրա, որ մորական պապը, ով չի թողնում տեսակցություն թոռան հետ, երեխայի խնամակալն է եղել նախկինում, իսկ նրա խնամակալությունը դադարել է անցյալ տարվա հունիսի 16-ից, հետեւաբար, նա չէր կարող որոշակի քայլեր կատարել, «գործադիր մարմնի լիազրություններն իրականացնել» (չեմ կարող չնշել, որ դեռ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Գևորգ Բալյանին հայտարարել է նկատողություն, մեկ այլ երեխայի գործով: Նախարարի միջնորդության համաձայն, դատավորն անտեսելով այն հանգամանքը, որ դատարան դիմողները, հաշվառված չլինելով որպես որդեգրել ցանկացող անձինք, չեն ունեցել երեխա որդեգրելու իրավունք, իսկ երեխան, ներառված չլինելով որդեգրման ենթակա երեխաների ցուցակում, չի հանդիսացել որդեգրման ենթակա երեխա-Ռ. Մ.):

Գործում կար նաեւ հոգեբանական աջակցման կենտրոններից մեկի եզրակացությունը, համայնքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունները…

Դատարանը մասնակի բավարարելով բողոքը, արձանագրել էր. «Սույն քաղաքացիական գործով ներկայացած միջնորդության արդյունքում կայացված որոշումը չէր կարող համարվել երեխայի լավագույն շահերիրն համապատասխան կայացված՝ հիմք ընդունելով գործի առանձնահատկությունները, այդ թվում, երեխայի հոգեբանական ծանր վիճակը, ընդ որում՝ հոգեբանական որոշակի դժվարությունների առկայությունն ընդունել են երկու կողմերն էլ»:

Ի դեպ, վերաքննիչ դատարանն արձանագրել էր, որ ըստ իր տրամադության տակ գտնված գրավոր փաստաթղթերի, կողմերի դիրքորոշումներից «պարզ է դառնում, որ երեխան գտնվում է որոշակի հոգեբանական ծանր, հուզական անկայուն վիճակում, ինչով պայմանավորված ունի նաեւ օտար անձանց հետ շփվելու վախեր»:

«Դատարանը գտնում է, որ մինչեւ պատասխանողների խնամքի տակ տեղափոխվելը երեխայի՝ բողոք բերած անձանց մոտ բնակվելու հանգամանքը հիմք է տալիս պնդելու, որ բողոք բերած անձանց հետ երեխան, այնուամենայնիվ, կապվածություն ունի…», արձանագրված է որոշման մեջ:

Խոսքը երկու ամիսների մասին է, երբ երեխան մինչ մորական պապի մոտ հայտնվելը, գտնվել է հորական պապի, տատի մոտ…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930