Լրահոս
Օրվա լրահոսը

Ծուռ հիմքի վրա հնարավոր չէ ուղիղ շենք կառուցել

Սեպտեմբեր 06,2023 13:30

2018թ. ապրիլյան աննախադեպ շարժման մեկնարկից երկար ժամանակ ոչ մի տող չէի գրում, այլ ուշադիր հետեւում էի շարժման ընթացքին, փորձելով վերլուծել նրա զարգացման ցանկացած ելեւէջը: Հավատացել եւ միջին հայի նման որոշակիորեն ոգեւորվել էի այդ գործընթացից: Գործող իշխանությունը ոչ թե չէր փորձում դիմակայել, այլեւ կարծես՝ զրկվել էր այդ հնարավորությունից եւ նրա ցանկացած քայլ դատապարտված էր ձախողման: Իշխանությունները չկրկնեցին 2008թ. մարտի 1-ի սցենարը…

Այն, ինչ չէր հաջողվում իրականացնել Հայաստանում 20 եւ ավելի տարիներ, իրականություն դարձավ 2018թ. ապրիլյան մի քանի օրերի ընթացքում, քանզի արեւմտյան տերերի մեծ աջակցությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրվեց հեղափոխության իրականացման միակ ճիշտ` ոսկերչական ճանապարհը: Եթե խոսենք շախմատային լեզվով, ապա դա շախմատային նորություն էր: 20 տարի շարունակ Հայաստանում այդ տարիներին՝ նույնիսկ բռունցքված ընդդիմությանը ոչ միայն չէր հաջողվում փոխել, այլ նույնիսկ չէր հաջողվում անգամ զսպել տվյալ ժամանակահատվածում գործող իշխանություններին: Որն էր գաղտնիքը, որ ընդդիմությանը ոչ մի կերպ չէր հաջողվում թեկուզ փոքրիկ հաջողություն արձանագրել: Միայն նշենք, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մոտավոր հաշվարկներով մասնակցում էր 200 000-ին մոտ մարդ, որը շատ ավելին էր, քան հաղթելու համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածը: Այդ պարագայում անգամ, մեծ հաշվով ընդդիմությունը դարձյալ պարտվեց: Ճշգրիտ վերլուծության դեպքում պետք է պարզ լիներ, որ պարտության պատճառներն այլ տեղում են: Մոտ 10 տարի հետո, Նիկոլ Փաշինյանի հաշվարկված մարտավարության արդյունքում պետք է պարզվեր, որ ընդդիմությունը չէր գտնում այն գործիքը, որը գտավ Նիկոլ Փաշինյանը, որի ճշգրիտ գործածության պարագայում հնարավոր կլիներ հաղթել իշխանությանը:

Այլ խոսքով, այդքան տարիներ շարունակ ընդդիմության անհաջողության պատճառը նրանց որդեգրած սխալ մարտավարությունն ու ռազմավարությունն էր: Փաշինյանը մշտապես լինելով այդ շարժումների առանցքում եւ ավելին, հետագա տարիներին Ազգային ժողովում շարունակելով այդ պայքարը, կարողացավ սթափ վերլուծել եւ հասկացավ, որ հաջողության չհասնելու հիմնական պատճառը ոչ ճիշտ մարտավարության ու ռազմավարության ընտրության մեջ է եւ չափազանց մեծ ռիսկով կարողացավ վերլուծել ստեղծված իրավիճակը եւ արեց իր շախմատային ճիշտ քայլը: Եթե այս անգամ էլ նա իր հույսը դներ ժողովրդի չափահաս հատվածի վրա, ապա այս շարժումը կարժանանար նախկինների ճակատագրին եւ Հայաստանը դարձյալ անորոշ ժամանակով կմնար ճիշտ այն իրավիճակում, որում գտնվում էր 20 եւ ավելի տարիներ:

Պետք էր նոր որակի շարժում՝ նոր որակի մասնակիցներով, քանզի չափահաս մասնակիցները հասցրել էին բազմիցս հիասթափվել եւ այլեւս նրանց հավատը կարծես զրոյացվել էր, որպեսզի հնարավոր լիներ որեւէ բան փոխել երկրում: Այստեղ Ն. Փաշինյանին օգնության հասավ ճկուն հոտառությունն առ այն, որ հաջողության բանալին ուսանողների եւ դպրոցականների մասնակցության մեջ է եւ միմիայն նրանց մասնակցությամբ է հնարավոր իրականացնել այդ թավշյա հեղափոխությունը, քանզի դա միակ պարագան էր, որ գործող իշխանությունը զերծ կմնար ուժ կիրառելուց: Մարտի 1-ով անցած իշխանությունը չափազանց ինքնավստահությամբ էր վերաբերվում կատարվող իրադարձություններին, անգամ կարելի է ասել, որ այն այնքան էլ լուրջ չէր վերաբերվում ընթացող իրադարձություններին, որն էլ դարձավ հեղափոխության հաղթանակի եւ նրանց պարտության գրավականը: Չեմ վարանի ասել, որ դեռեւս երբեւէ եւ որեւէ երկրում նմանատիպ անցնցում հեղափոխություն չի եղել, քանզի ոչ մի երկրում՝ որպես հեղափոխություն իրականացնող ուժ, անգամ չի դիտարկվել ուսանողությունն ու աշակերտությունը եւ երեւի թե սա առաջինն էր, որ կիրառվեց Հայաստանում: Այս հեղափոխության դասերը դեռ շատ երկար կուսումնասիրեն պատմաբանները…

Այլ լրջագույն թեմա է, թե դրանից հետո ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, որին հատկապես 44-օրյա պատերազմից ու Լաչինի միջանցքի փակումից հետո բազմիցս է անդրադարձ կատարվել ու դեռ շատ երկար է անդրադարձ կատարվելու, քանզի այսօրվա իրավիճակը հիմնականում այդ «թավշայի» հետեւանքն է:

Ծուռ հիմքի վրա հնարավոր չէ ուղիղ շենք կառուցել:

Հանճարեղ քայլերը՝ հանճարեղ շարունակություն են պահանջում:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից-անդամ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930