Լրահոս
Օրվա լրահոսը

Լռության վարպետից աքցանով պոկած մտքեր

Սեպտեմբեր 06,2023 13:00

Խոսք մնջախաղաց, խոշորամասշտաբ հանդիսությունների ռեժիսոր, սցենարիստ Լևոն Իվանյանի լռության հետ

– Հարգարժան պարոն Իվանյան, ձեզ համար այս տարին հոբելյանական է երեք առումով. ծննդյան 70, որպես մնջախաղի արտիստ՝ 50 եւ մասսայական հանդիսությունների ռեժիսոր ու սցենարիստ՝ 40 ամյակներ։ Տարօրինակ է, որ մինչ օրս նշված առիթներով լռություն է, ընդ որում՝ դուք էլ եք լուռ, ինչո՞ւ։

– Կշարունակեի լուռ մնալ, եթե դուք այդքան հետեւողական չլինեիք։ Ում մի անգամ «չէ» ասացի, հարցը փակվեց։ Բայց դուք ասում եք՝ «ոչ»-ը նույնպես պատասխան է եւ ասեք՝ ինչո՞ւ «ոչ»։ Նախաձեռնություններ, իհարկե, եղել են, այն էլ դեռեւս երկու տարի առաջ, անցյալ տարի, նաեւ վերջերս։ Հետաքրքիր ծրագրեր են առաջարկվել, այդ թվում՝ ԱՄՆ-ից՝ գեղարվեստական-կենսագրական լիամետրաժ ֆիլմի նկարահանում, հոբելյանական երեկոյի անցկացում մնջախաղի թատրոնում, տեսահոլովակների նկարահանումներ, տասնյակ տարիների իմ  բազմասպարեզ աշակերտների կողմից կազմակերպվող երեկո որեւէ թատերասրահում կամ հանդիսասրահում եւ, ի վերջո՝ ընտանեկան նախաձեռնություններ տարբեր ձեւաչափերով։ Մնաց նեղ ընտանեկան հավաքը, իսկ մնացած բոլորից հրաժարվել եմ հասկանալի պատճառով, որը բարձրաձայնելու կարիք չկա, բոլորս գիտենք…

Չեմ կիսում քաղաքական ու մշակութային ոչ մեկի, ոչ մի տեսակի գործունեությունը, ինքս էլ խնդիր որոշող չեմ ու որոշիչ ոչինչ չեմ կարող անել եւ արդյունքում անձնային ոչ մի բան չեմ ուզում կազմակերպվի։ Ինձ մնում է լուռ մնալ ու հաստատել հանճարեղ Պյութագորասի խոսքը՝ «Լռիր, ով մարդ, եթե չես կարողանում լռությունից ավելի լավ բան ասել»։ Այս ամենի մասին բարձրաձայնում եմ այն պատճառով, որ շատեր շատերին ամեն օր ասում ու գրում են, թե ինչ սրտով եք ուրախանում, երբ ընդհանուր վիճակը երկրում ծանր է։

Բանն այն է, որ տոն անողի արածը երեւում է եւ մարդիկ տեսնում ու խոսում են, չանողի չարածը չի երեւում, չեն տեսնում ու այդ մասին չեն էլ խոսում։ Իմ օրինակով հայտնում եմ, որ շատ մարդիկ իսկապես սիրտ չունեն ու ոչ մի ուրախ բան չեն անում։ Եվ հանրային բազմաբնույթ տոները ոչ մի կերպ նրանց չեն շեղում ընդհանուր կացությունից։ Ուզում եմ նաեւ շեշտել, որ տոն ու ուրախություն չանողները մի քանի անգամ գերազանցում են ամեն դատարկ առիթով ուրախացողներից։ Աչքը քիչ է տեսնում, միտքն է շատ տեսնում։ Եվ տեղին է Մորիս Մետերլինկի միտքը՝ «ամենակարեւոր բաները աչքով չես տեսնի»։

– Բայց կան, չէ՞, տոներ, որոնք կյանքում մեկ անգամ են լինում եւ այդ անձը մեղավոր չէ, որ իր տոնը զուգադիպել է մեր բարդ իրավիճակին… Իսկ ի՞նչ անեն նոր ամուսնացողները, երեխաները…

– Երեխաներն այդ տգեղ խաղից դուրս պիտի մնան, նրանք միշտ անմեղ են եւ ոչ մի մեղք չունեն, որ մեծերը այնքան ապաշնորհ են, որ չեն կարողանում ապահով երկիր ստեղծել սերունդների համար։ Ամեն ինչ պիտի անել երեխաների համար, եթե նրանց համար ամեն ինչ  չի արվում, ուրեմն անիմաստ է այդպիսի պետության գոյությունը։ Քաղաքական տխմար խաղերից դուրս պիտի մնան նաեւ նորապսակները, հենց նրանք են ապահովում կյանքի առաջընթացը՝ ինչ իրավիճակ էլ լինի երկրում։ Երկիրը պետք է ուժեղացնել ու պաշտպանել աշխարհի անթիվ, անհամար, բոլոր տեսակի վտանգներից։ Եթե հայտնվի այդպիսի մեկը, որը մեզանում վերջին անգամ եղել է թերեւս Կիլիկիայի Լեւոն Մեծագործ արքան, ապա նրան կարող եք ճանաչել իր քիչ խոսքով, լուռ գործով եւ ուշադիր լսող լռությամբ։ Բոլոր շատախոսներն էլ վախենալու մարդիկ են, գրեթե հնարավոր չէ շատ խոսել ու հիմարություն չանել։ Պարոնյանի նման ես երեւույթն եմ նշում. եթե որեւէ մեկին բռնում է, հատուկ իրեն չեմ ուղղում։ Իր որակն է այդպիսին։

– Բայց, ինչպես ասում են՝ ձեր ուզածին հասնելու համար պետք է պայքարեք…

– Այո, պայքար ասվածը, ցավոք, գրեթե միակ ճանապարհն է, որ մնացել է։ Ես ինձ մեղադրում եմ, որ չեմ պայքարում եւ հարգում եմ նրանց, ովքեր պայքարում են, բայց… Դա մի տեսակ մարքսիստական թմբիր է, որի ընթացքում եթե դու չես հաղթում, ապա ավելի ես ուժեղացնում նրան, ում դեմ պայքարում ես։ Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր առանց նախապես տեսականորեն հաղթելու, մտնում են պայքար կոչվող պատրանքի մեջ։  Ես միայն հաղթելն եմ հասկանում՝ ցանկացած կերպ, նույնիսկ առանց կանոնների։ Ոչ մի պրոֆեսիոնալ չի մտնում որեւէ գործի մեջ, եթե այն նախատես տեսականորեն չի լուծել։ Մնացածը «աչքաչափով» արված փողոցային կռվի մակարդակ է, պարզ խուժանություն, ինչին ամեն կերպ մղում են արտաքին ուժերը որպես փրկության ելք։ Բայց հարցերը լուծվում են ոչ փողոցներում։

Իսկ փողոցային ոչ մի բան ինձ համար ընդունելի չէ, նույնիսկ իշխանության գրավումը։ Մասնագիտորեն ես անգամ հրապարակային հանդիսություններ չեմ սիրում եւ երբ առիթ եմ ունեցել այդպիսիք բեմադրելու, փողոցային գործողությունները դրանից հետո ավելի չեմ սիրել։ Կան շատ ավելի զորեղ ձեւեր, նոր զորություններ ու նոր հոգեւոր-գիտական ուժեր, որի մասին մեզանում իմաստ չունի խոսելը այն պարզ պատճառով, որ հնարավոր չէ բարձրագույն մաթեմատիկան տեղավորել փողոցային առեւտրի տրամաբանության մեջ, միայն որին է տիրապետում վերավաճառող դարձած մեր շուկայական հանրությունը։ Իմաստ չունի ավելացնել նաեւ առանց այն էլ չափազանց շատ ճապաղ խորհուրդներ տվող «բանուգործից» անտեղյակ  դիլետանտների բանակը։

Պարզ բան է. եթե ուժ ունես՝ խոսիր, ինչ հիմարություն ասես, քեզ կլսեն։ Եթե ուժ չունես՝ լռիր, ինչ խելացի միտք էլ ասես՝ քեզ չեն լսի։ Իմաստ ունի միայն անխոս, անքննարկելի եւ անքննելի գործելը, լուռ գործողություն իրականացնելը՝ ի հեճուկս համաշխարհային անբարեկամ աշխարհի հավաքական ուժերի եւ նրա տեղային գործիք-վարչակազմի։ Փողոցային ձեւերը սպառված են, խոսելն անիմաստ է, չլսվող խոսքն էլ՝ դատարկ կրակոց։ Գործող ուժը առանց որեւէ մեկին որեւէ բան ասելու կամ հարցնելու լուռ իր գործը կանի։ Նա կգա, կգա անխոս ու անխոս էլ կգնա։ Ոչ ոքի հաշվի չի առնի, քանի որ հաշվի առնելու ոչ ոք չկա։ Ավարտենք։ Խոսքն անօգուտ է։ Ասում էի չխոսեմ։ Լուռ լավ է։ Թող գործը խոսի։ Գործը ավելի բազմախոս է։

– Դուք՝ որպես մասսայական, խոշորամասշտաբ հանդիսությունների ռեժիսոր ու սցենարիստ, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ մի սցենար, ոչ մի տարբերակ չե՞ք տեսնում։

– Ինչպես թե չեմ տեսնում, իհարկե, տեսնում եմ։ Ամբողջ համաշխարհային գրականությունն ու դրամատուրգիան շաղախված են պալատական տարաբնույթ հեղաշրջումներով։ Դա էլ իմ սրտով չէ, քանի որ բնույթով դրանք առանձնապես չեն տարբերվում փողոցային կամ հեղափոխական կոչվող գռեհկաբանությունից։ Օրինակ՝ շեքսպիրյան արյունոտ ողբերգությունները կամ ամեն գնով աթոռ պահելու շելլիական ստորությունները…

– Իսկ ո՞րն է ձեր սրտով։

– Կասեմ միայն հետեւյալը. ամեն հանճարեղ բան շատ պարզ լուծում ունի։ Այսքանը։

Զրուցեց ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930