Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Անկարա-Բրյուսել պայքարն ու Ազատության հրապարակը

Սեպտեմբեր 06,2023 12:00

Ռուսաստանը հրավիրում է Թուրքիային միասին կիսել ազդեցությունը

Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման թեմաները տարածաշրջանային խաղացողների օրակարգում են: Արեւմուտքը, Ռուսաստանն ակտիվորեն պայքարում եմ մեր տարածաշրջանում ազդեցության համար եւ այդ պայքարը գնալով ուժգնանում է:

Հատկանշական է, որ Ռուսաստանը ցույց է տալիս, որ չի ձգտում միայնակ հաստատել իր ազդեցությունը:

Մոսկվայում համոզված են՝ Անկարան կարող է դրական դերակատարություն խաղաղ Հարավային Կովկասում, մասնավորաբար Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում, անցյալ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ կայացած բանակցություններում նշեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք կողմ ենք համագործակցության խորացմանը այլ ուղղություններով եւս, այդ թվում՝ Անդրկովկասում։ Մենք շահագրգռված են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ։ Մենք շահագրգիռ ենք նաեւ այն պայմանավորվածությունների կատարման մեջ, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ 2020թ. նոյեմբերից սկսած, այդ թվում այն պայմանավորվածությունների, որ վերաբերում են տրանսպորտային ուղիների, հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու հետկոնֆլիկտային վերականգնմանը։ Վստահ ենք, որ Թուրքիան կարող է շատ կառուցողական եւ օգտակար դեր խաղալ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերում», – հայտարարել է Լավրովը։

Թուրքիայի ադրբեջանամետ կեցվածքը, փաստորեն, Մոսկվան համարում է «կառուցողական», «օգտակար», ավելին` չբավարարվելով 2020թ. 44-օրյա պատերազմից հետո Հայաստան-Ադրբեջան խնդիրներում Թուրքիայի դերի մեծացման հարցում ունեցած իր ջանքերով, այսօր էլ, Մոսկվան, ըստ էության, «դռները բաց է պահում» Անկարայի համար, հրավիրելով նրանց էլ ավելի ամրապնդվել, նշելով, թե`Թուրքիան կարող է դրական դերակատարություն խաղաղ Հարավային Կովկասում, մասնավորապես` Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ կնքված եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման գործում:

Իսկ ո՞րն է Թուրքիայի այսօրվա դիրքորոշումը…. Անկարան, ինչպես Բաքուն, Հայաստանից պահանջում են «Զանգեզուրի միջանցք», որը պաշտոնական Երեւանը համարում է ապօրինի պահանջ, նշելով, որ որեւէ փաստաթղթով նման պարտավորություն Հայաստանը չունի: Իսկ Անկարայից պարբերաբար ակնարկում են` չի լինի Զանգեզուրի միջանցք, Բաքվի պահանջներով չի կնքվի խաղաղության համաձայնագիր, ուրեմն` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն կարգավորվի:

Լավրովի այս հայտարարությունները, նկատենք, հնչեցին Պուտին-Էրդողան հանդիպման նախաշեմին: Թուրքիայի ԱԳ նախարարն էլ իր խոսքում փաստեց, թե հատկապես որ խնդիրներն են մոսկովյան բանակցություններում, դրանց շարքում նշելով նաեւ Հարավային Կովկասը։

Հաքան Ֆիդանն ավելի քան տասը տարի զբաղեցրել էր Թուրքիայի ամենաազդեցիկ հատուկ ծառայության՝ Ազգային հետախուզական կազմակերպության՝ MIT-ի տնօրենի պաշտոնը։ Լավրովը նրա հետ առաջին հանդիպմանը նկատեց, թե Մոսկվայում վստահ են, որ նորանշանակ թուրք նախարարը չի ցանկանա փոխել Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների բնույթը. «Հաշվի առնելով այն պաշտոնները, որ Դուք զբաղեցրել եք նախկինում, պարոն նախարար, մենք վստահ ենք, որ մեր հարաբերություններում արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շարունակականությունը կպահպանվի, առավել եւս, որ դա բխում է մեր նախագահների սկզբունքային պայմանավորվածություններից»։

Ֆիդանը Մոսկվայում նաեւ հանդիպեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որն էլ թուրքական դիվանագիտության ղեկավարի հետ զրույցում հայտարարեց՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել ռազմավարական երկկողմ համագործակցությունը Թուրքիայի հետ՝ տարբեր խնդիրներ լուծելու համար։

Շառլ Միշելի աղմկահարույց հայտարարությունը

Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը սրընթաց վատթարանում է, հրամայական է քայլեր ձեռնարկել ուղղված տեղական բնակչության կարիքներին, օրերս նշեց Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը նաեւ քայլեր առաջարկեց, որոնք, իր համոզմամբ, կարող են նպաստել Արցախում լարվածության թուլացմանը։ Միշելի խոսքով՝ ԵՄ-ն հաստատակամ է՝ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախկին պայմանավորվածությունների եւ միջազգային դատարանի վճռին համապատասխան։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դերում հանդես եկող եվրոպացի դիվանագետի կարծիքով՝ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների համար եւս կարող է հստակ ու կայուն լուծման մաս կազմել։ «ԵՄ-ն նաեւ ընդգծում է Բաքվի կողմից ղարաբաղցի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան եւ հակառակ տեղաշարժերի ընթացակարգերի հստակեցումը»,- հայտարարեց Միշելը։ Նա նաեւ կարեւորեց նաեւ Բաքվի եւ Ստեփանակերտի ներկայացուցիչների միջեւ երկխոսության կարեւորությունը՝ հատուկ շեշտելով. «Բաքվի եւ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջեւ երկխոսությունն այս առումով էական կլինի։ Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, իսկ կոնկրետ եղանակների շուրջ քննարկումները պետք է սկսվեն հնարավորինս արագ»։ «Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այս գործընթացին միջազգային աջակցության համար, ինչպես նաեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով տեղում ներգրավվելու համար: Վերոնշյալ բոլոր ջանքերը միայն մեկ նպատակ ունեն՝ ապահովել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ տեղում գտնվող բոլոր բնակիչների», – ասել Միշելը՝ եզրափակելով. – «Այժմ եկել է խիզախ փոխզիջումային լուծումների ժամանակը, նաեւ այսօրվա էսկալացիայի լույսի ներքո: ԵՄ-ն ներգրավված է եղել այլ միջազգային դերակատարների հետ այդ ջանքերում կանոնավոր անձնական շփումների եւ կարծիքների փոխանակման միջոցով, թե ինչպես լավագույնս լուծել ներկա անկայուն իրավիճակը»:

Արցախն ընդդիմացավ Միշելի առաջարկին

Արցախից Շառլ Միշելի առաջարկը վտանգավոր անվանեցին: «Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար: Սակայն անթույլատրելի է արցախյան կողմին վտանգավոր առաջարկներ պարտադրելը։ Դիտարկելով տարբեր միջազգային կառույցների պատասխանատուների հայտարարությունները՝ Արցախի ժողովուրդը եւ իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով», – Միշելին արձագանքեցին Արցախի արտգործնախարարությունից։

«Ազատության» հարցմանն ի պատասխան, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունից նաեւ հայտնել են՝ բազմիցս են շեշտել, որ Լաչինի միջանցքի եւ այլ ճանապարհների միջեւ հավասարության նշան դնելու ցանկացած փորձ անընդունելի է։ Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն օրերս քննադատել է Եվրամիության որոշ պաշտոնյաների՝ չնշելով նրանց անունները։ Իտալական հեղինակավոր ANSA լրատվականի հետ հարցազրույցում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը մեղադրել է եվրոպացի որոշ պաշտոնյաների, չնայած այդ երկրի կողմից իրականացվող ցեղասպան գործողություններին, Բաքվի հետ համագործակցելու համար։ Սերգեյ Ղազարյանը դժգոհել է Ադրբեջանի դեմ միջոցներ ձեռնարկելու որոշման հարցում ԵՄ-ի դանդաղկոտությունից՝ ընդգծելով, որ «այս պահվածքը Ադրբեջանին վստահություն է տալիս սեփական անպատժելիության առումով»:

Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը ընդդեմ Միշելի եւ ընդհանրապես` Արեւմուտքի

Սեպտեմբերի 2-ին Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության հռչակման օրվան նվիրված ընդդիմության անցկացրած հանրահավաքում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթի մեխը հենց Շառլ Միշելի վերոնշյալ հայտարարությունն էր։ «Շառլ Միշելն ասում է՝ եկել է խիզախ փոխզիջումների ժամանակը՝ վկայակոչելով նաեւ Ադրբեջանի երեկվա ագրեսիան։ Պարոն Միշել, մենք այլեւս զիջելու տեղ չունենք, մենք ստանալու բան ունենք, թշնամին Հայաստանի ինքնիշխան տարածքում է, է Ադրբեջանն օկուպացրել է մեր հայրենիքը, որը գտնվում է շրջափակման մեջ։ Հետեւաբար, հայ ժողովուրդն այլեւս զիջելու տեղ չունի, դու եւ քո խամաճիկ Նիկոլը այլեւս չեք կարող Ադրբեջանի ուժի սպառնալիքի տակ հայ ժողովրդին նոր զիջումներ պարտադրել»։

Ընդդիմադիր մեկ այլ գործիչ, որը եւս այդ օրը նույն հարթակից ելույթ ունեցավ` «Մայր Հայաստան» նախաձեռնության ղեկավար Անդրանիկ Թեւանյանն էր: Բոլոր խնդիրների լուծման բանալին, ըստ նրա`մեկն է: Խնդիրը Հայաստանում նոր իշխանության ձեւավորումն է, այնուհետեւ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: «Մենք կունենանք նոր լեգիտիմ իշխանություն, որը հանդես կգա Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանությամբ: Եթե իշխանության մեջ կան որոշակի ողջամտության փշրանքներ ունեցողներ, իրենք էլ պետք է նպաստեն Հայաստանում իշխանափոխությանը: Բոլորիս խնդիրը պետք է լինի նոր իշխանության ձեւավորման միջոցով ապահովել պրահյան գործընթացից դուրս գալը, որովհետեւ Պրահայում է Լաչինի միջանցքը փակվել: Մենք պետք է հետ պտտեցնենք դա, մեր ռազմավարական դաշնակիցներից ստանանք աջակցություն, նոր անցնենք հետագա ծանր բանակցային գործընթացին եւ խաղաղության ապահովմանը»,-ընդգծեց Թեւանյանը: Վերջինս նաեւ նշել է. «Պրահյան գործընթացը հնարավոր է կասեցնել. պետք է դուրս գալ այդ գործընթացից, դրա բոլոր լեգիտիմ հիմքերը կան, ինչը հնարավորություն կտա մեզ Արցախի ապաշրջափակմամբ զբաղվել։ Պետք է առաջնորդվել այն տարբերակով, որի շուրջ համաձայնության են եկել նոյեմբերի 9-ին։ Այդ Հայտարարությունից, փաստացի, Հայաստանն էլ է դուրս եկել, ինչը խփել է Արցախի շահերին»։

Արեւմուտք-Ռուսաստան ընտրության հարցը` հայաստանյան քաղաքական օրակարգում

Արցախի եւ Հայաստանի համար այս բախտորոշ, խիստ վտանգավոր իրավիճակում, ակնհայտ է, որ այսօր Հայաստանում առավել քան երբեւէ սրվել է` Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք ընտրության հարցը: Ընդ որում, նկատենք, որ այդ ընտրության հարցը առավել ուժգին սրում է ընդդիմությունը: Շառլ Միշելի հայտարարությունն անընդունելի համարելու հետ միասին, վատ չէր լինի, եթե հայաստանյան ընդդիմադիրները նկատեին նաեւ ճիշտ նույն օրերին Լավրովի հնչեցրած դիրքորոշումը Թուրքիայի դերակատարության վերաբերյալ Հայաստան-Ադրբեջան խնդիրների լուծման ճանապարհին:

Եթե մեր ընդդիմադիրները վտանգներ են տեսնում Արցախի համար ԵՄ-ի արտահայտած դիրքորոշման պարագայում, ապա անհասկանալի է, թե ինչպե՞ս է նրանց համար ընդունելի այսօր պաշտոնական Անկարայի դիրքորոշումը պաշտպանող Մոսկվայի պահվածքը:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930